Այսօր՝ ապրիլի 4-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշեցին Ավագ երեքշաբթին: Օրվա ավետարանական պատգամն է. «Արթո՛ւն կացեք, որովհետեւ չգիտեք Տիրոջ գալստյան եւ ձեր բարի կամ չար գործերի քննության ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»:
Дизайн без названия - 1

Տասը կույսերի առակը

«Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած`փեսային և հարսին դիմավորելու ելան: Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը` իմաստուն: Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրեցին: Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրեցին: Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին ու քուն մտան: Եվ կեսգիշերին ձայն լսվեց` ահա´ փեսան գալիս է, նրան դիմավորելու ելե´ք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին:
Дизайн без названия - 1

Հիմարներն իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվե´ք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Գուցե թե´ մեզ և թե´ ձեզ չբավականացնի, ուստի գնացե´ք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցե´ք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե´ր, տե´ր, բա´ց արա»: Նա պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»:
Дизайн без названия - 1

Տասը կույսերը մեր տասը զգայարաններն են. հինգը՝ հոգևոր, հինգը` մարմնավոր: Մարմնավորներն են` տեսնելը, լսելը, հոտոտելը, ճաշակելը և շոշափելը: Նույն օրինակով հոգու զգայարաններն են: Քրիստոս ասաց. «Ով Ինձ տեսավ, տեսավ Իմ Հորը» (Հովհ. 14: 9): Մարմնավոր աչքերով հրեաներն էլ տեսան Քրիստոսին, բայց Հորը չտեսան, ուրեմն, խոսքը հոգու տեսողության մասին է: Նույնպես՝ լսելը, հոտոտելը, ճաշակելը և շոշափելը: Արդ, ով հոգու զգայարաններով ծառայում է մարմնական զգայարաններին, ըստ հետրյալ խոսքի՝ «Տասնալար նվագարանով սաղմոս պիտի երգեմ Քեզ» (Սաղմ. 143: 9), իմաստուն է, քանի որ հինգ իմաստուն զգայարաններով առաջնորդվեց, իսկ ով միայն մարմնավորով է առաջնորդվում՝ հիմար է, քանզի ոչնչով չի զանազանվում անասուններից:

Ձեթն առաքելական և մարգարեական խոսքն է. վաճառողները Եկեղեցու վարդապետներն են: Լապտերները մեր հոգիներն են: Հիմարները չունեին այսպիսի ձեթի առատություն` հեղված իրենց հոգիներում, ու երբ Փեսան ուշացավ, ամենքն էլ ննջեցին, քանզի դեռևս աշխարհում էին: Տակավին Քրիստոս ներում և դանդաղում է մեզանից յուրաքանչյուրին դատել. եթե չգա մեր արթնության` կենդանության օրոք, ապա կննջենք` մահվան քուն կմտնենք, մինչև Դատաստանի օրը, երբ Տերը գա:
Дизайн без названия - 1

Երբ բոլորը ննջեն, հրեշտակները բարձր ձայնով կգոչեն ննջեցյալներին, և բոլորը հարություն կառնեն: Պատրաստները` հոգու զգայարաններով ապրածները, Հիսուսի հետ կմտնեն Երկնքի Արքայություն, իսկ հիմարներն ամոթով կարտաքսվեն և կմնան խավարում, քանզի հանգցրեցին իրենց հոգիներում Աստծո լուսառատ կրակը: «Գուցե թե´ մեզ և թե´ ձեզ չբավականացնի» խոսքերը պետք է հասկանալ այսպես. երբ ժամանակն էր ուսանել, հիմարները չուսանեցին: Արդ, վարդապետելու ժամանակն անցել է, ո´չ ուսուցանելու, և ո´չ ուսանելու ժամանակ կա:

Ամեն մեկը կարող է արդարանալ միայն իր գործերով, և ո´չ թե մեկ այլ մարդու: Սա նաև այսպես է հասկացվում. ծեր ժամանակ կամ հիվանդ լինելիս եթե մեկը կամենա չառաջնորդվել մարմնավոր զգայարաններով չի կարողանալու: Անգամ եթե վերջում կամենա ուսանել և ապրել ըստ հոգու զգայարանների՝ կարող է հանկարծ վրա հասնել վախճանը. ինչպես առակն է ցույց տալիս, դուռը կփակվի նրանց դեմ. այն ժամանակ մարդիկ չեն կարողանա ո´չ ապաշխարել և ո´չ էլ գործել:

Նյութի աղբյուրը՝ qahana.am
Լուսանկարները՝ Քրիստինե Մարաբյանի