Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում բացվել է նոր Համայնքային կենտրոն, որտեղ բնակիչները կօգտվեն հանրային ծառայությունների զարգացման Գործակալության, բանկային, ինչպես նաև Magti օպերատորի ծառայություններից: Կենտրոնում գործում է նաև գրադարան և համակարգչային սենյակ, որից կօգտվեն բնակիչները:

Այսօր, ժամը 15:00-ին Բարալեթ գյուղում սկսվեց Համայնքային կենտրոնի պաշտոնական բացումը: Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն, Ախալքալաքի շրջանի տեղի կառավարության ղեկավարներ և այլ հյուրեր: Բարալեթի Համայնքային կենտրոնը Ախալքալաքում առաջինն է, իսկ ամբողջ Վրաստանում 41-րդը:

obshest dom2

Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ Բարալեթ գյուղի պարի խումբը: Բացման դեղին ժապավենը կտրեց Թեա Ծուլուկիանին գյուղի երեխաների հետ միասին: Դրանից հետո նախարարը և բոլոր հյուրերը շրջեցին նոր համայնքային կենտրոնով, որտեղ ամեն ինչ պատրաստ էր աշխատանքի համար:
Թեա Ծուլուկիանին գոհ էր:

«Ես շատ ուրախ եմ, որ երեխաների համար կստեղծվի լավ հնարավորություն, այստեղ շուտով ձմեռ կգա, և երեխաները կպատրաստեն իրենց տնային աշխատանքները հարմարավետ միջավայրում: Այստեղ կա ինտերնետ, համակարգիչ, գրադարան: Իսկ ծերերի համար կենտրոնում կգործի բանկ, որպեսզի իրենց կենսաթոշակը այստեղից ստանան, և ստիպված չլինեն գնալ Ախալքալաք», – ասաց Թեա Ծուլուկիանիին:

obshet dom

Ըստ նախարարի, Համայնքային կենտրոնում կլինեն բոլոր 400 հանրային ծառայությունները, որոնք կան Թբիլիսիի, Քութայիսի, Բաթումիի Արդարադատության տներում: Համայնքային կենտրոնի գտնվելու վայրը ընտրվել է հետևյալ չափանիշների համապատասխան. այն պետք է լինի մեծ գյուղ, հեռու քաղաքային կենտրոնից, և շրջապատված այլ գյուղերով:

obshest dom 3

Համայնքային կենտրոնը բոլոր երեխաների համար նվերներ էր պատրաստել` շապիկներ և գլխարկներ: Նվերները բաժանելուց հետո երաժշտության ներքո երկինք բաց թողեցին փուչիկներ և տեղի ունեցավ գունավոր թղթերի հրավառություն: Բացի այդ, բոլոր երեխաներին և ներկա գտնվողներին հյուրասիրեցին տոնական տորթով:

obshestn dom4

Նման Համայնքային կենտրոն կբացվի նաև Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, նախնական տվյալներով՝ նոյեմբերին:

obshest dom5

Բարալեթ գյուղում Համայնքային կենտրոնի կառուցումը սկսել էին այս տարվա հուլիս ամսին: Շինարարությունը իրականացնում էր քութաիսյան «ԱՄԱԳ» ընկերությունը:

Շուշան Շիրինյան