Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հաստատեց «Օգնություն գյուղին» ծրագրի (ՕԳԾ) շրջանակներում, գյուղերում իրականացվելիք աշխատանքները։ Գյուղացիներն ընտրել են 83 առաջնահերթ աշխատանքներ, գյուղերի մեծ մասն ընտրել է փողոցային լուսավորության անցկացումը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղ ընտրել է 83 առաջնահերթություն: 16 գյուղ ընտրել է երկուական աշխատանք։
Միայն Էխտիլա գյուղն է ընտրել 3 առաջնահերթ աշխատանք՝ առաջինը գերեզմանոցի ցանկապատումն է, երկրորդը՝ տանիքի բարեկարգումը, իսկ երրորդը՝ զուգարանի բարեկարգումը։ Էխտիլա գյուղի գումարը կազմում է 16 000 լարի։
Օրինակ, Ազավրեթ գյուղում կվերականգնեն խմելու ջրի խողովակաշարը, կլուսավորեն գյուղի փողոցները։ ՕԳԾ-ով Ազավրեթ գյուղի գումարը կազմում է 20 000 լարի։
Ղադոլար գյուղը որպես թիվ մեկ առաջնահերթություն նշել է ոռոգման համակարգի վերականգնումը, երկրորդը՝ գյուղական ճանապարհների հարթեցումը։ Ղադոլարի գումարը 16 000 լարի է։
Կորխ գյուղը կփոխարինի ջրագծի 100 մ-ը և կկառուցի խաղահրապարակ: Կորխի գումարը 16 000 լարի է։
Գոգաշեն գյուղը որպես համար մեկ առաջնահերթություն նշել է փողոցների լուսավորությունը, երկրորդը՝ ոռոգման սարքավորման ձեռքբերումը։ Գոգաշենի գումարը 12 000 լարի է։
Ազմանա գյուղը կանցկացնի փողոցների լուսավորություն, այնուհետեւ կբարեկարգի դպրոցի շրջակա տարածքը։
Մնացած գյուղերը իրենց առաջնահերթությունները ևս ընտրել են նույն կերպ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, աշխատանքների 60%-ը փողոցների լուսավորություն է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում, Ախալքալաքի մունիցիպալիտետում, ՕԳԾ-ի, տեղական բյուջեի և պետական բյուջեի միջոցներով 4000 լուսավորության սյուներ են կանգնեցվել։
«Փողը չհերիքելու դեպքում, այն գյուղերը, որոնք երկու առաջնահերթություն են ընտրել, հնարավոր է մեկ աշխատանք իրականացնեն, կմնա 74 աշխատանք: Մենք սպասում ենք նախարարության որոշմանը, որ սկսենք աշխատանքների նախագծերը կազմել: Հավանաբար խնդրահարույց աշխատանքներն առանց տենդերի, ուղղակի պայմանագրերով կիրականացվեն»,- ասաց Արա Մովսիսյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի ամենաքիչ գումարը 10 000 լարի է, իսկ ամենաշատը՝ 20 000 լարի։ Նաև, կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 կամ 16 000 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտրետին այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով հատկացվել է 922 հազար լարի։