Ախալքալաքում նախատեսվում է կառուցել զարգացնող խաղահրապարակներ 3-7 տարեկան երեխաների համար։ Համապատասխան նախագիծն անցած շաբաթ սակրեբուլոյից ուղարկվել է քաղաքապետարանի քննարկմանը` միջոցներ հատկացնելու խնդրանքով։ Jnews-ը հարցրել է, թե ինչպե՞ս է խաղահրապարակներ կառուցելու գաղափարը առաջացել նախագծի հեղինակների գլխում և ինչպիսի՞ն կլինեն դրանք:
Երեխաների համար խաղահրապարակների զարգացման նախագիծը սակրեբուլոյի նիստում ներկայացրել է գաղափարի հեղինակ Վիտալի Բանգոյանը։ Նրա խոսքով՝ ինքը մտածել է երիտասարդ սերնդի մասին, քանի որ քաղաքում նրանց հարմար զբաղմունքի վայր չկա։
«Գաղափարի նպատակն է ապագա սերնդի համար ինչ-որ բան ստեղծելը, առողջ սերունդ ունենալը։ Մեր քաղաքը թաղված է ազարտի մեջ: Ես հասկանում եմ, որ սա փող է բերում բյուջե։ Բայց ազարտը կործանում է մարդու կյանքը։ Տարիքը՝ 3-ից 7 տարեկան, քանի որ 7 տարեկանից երեխան արդեն գնում է դպրոց, և դպրոցը զբաղվում է նրա զարգացմամբ։ Այնտեղ նա ստանում է այն, ինչ իրեն պետք է, իսկ դպրոցից առաջ՝ ոչ»,- մեկնաբանում է նա:
Վիտալին նշում է, որ խորհրդակցել է մասնագետների՝ հոգեբանների, լոգոպեդների, ծնողների հետ, ամբողջացրել նրանց կարծիքները, թե կոնկրետ ինչի՞ կարիք ունեն մեր երեխաները։ Ըստ նրա՝ սա մեկնարկային նախագիծ է, եթե անցնի, կլինի երկրորդ նախագիծը՝ «ավելի լավ»։
Ըստ լոգոպեդ Շուշան Կոբելյանի, ով նախաձեռնության համահեղինակներից է, նման խաղահրապարակները երեխաների մոտ զարգացնում են հետևյալ հատկանիշները.
«Մտահղացումն ինձ մոտ չի առաջացել, աշակերտի ծնողներից մեկը մոտեցավ ինձ, նա հարցրեց, թե ինչպես կարելի է նպաստել երեխայի զարգացմանը, և ես խորհուրդ տվեցի նման խաղահրապարակներ: Դրանք բաղկացած են միայն գծագրերից, ամրության համար գծագրերը սովորաբար կիրառվում են ոչ թե ասֆալտի վրա, այլ ռետինե ծածկով»,- ասում նա։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ախալքալաքի քաղաքապետարանի սակրեբուլոյում քննարկվել է 3-7 տարեկան երեխաների զարգացման համար խաղահրապարակների նախագիծ։ Նախաձեռնության հեղինակ Վիտալի Բանգոյանը բյուրոյի քննարկմանն է ներկայացրել խաղահրապարակների երեք տարբերակ: Նախագիծն արժանացել է պատգամավորների հավանությանը, նրանք դիմել են քաղաքապետարան՝ խնդրանքով միջոցներ հատկացնել զարգացնող խաղահրապարակներ ստեղծելու համար: