Ավելի քան 200 մասնակից աշխարհի չորս ծագերից, երեք օր շարունակ Երևանում քննարկեցին ու սահմանեցին հայության «Հայկականի ապագան»:

Երևանում մարտի 10-12-ին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ» Համաժողովը մի վայրում էր համախմբել հայությանը՝ աշխարհի տարբեր անկյուններից: Համաժողովի 200 մասնակիցները ընտրվել էին համակարգչային ընտրանքի մեթոդով՝ ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից: Սակայն Արցախում տիրող ճգնաժամի պատճառով ընտրված մասնակիցները առկա ձևաչափով չկարողացան մասնակցել համաժողովին: Համաժողովին քննարկվեցին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ»:

Haykakani apagan2

Հայկական փորձագիտական շրջանակների 100-ից ավել ներկայացուցիչներ՝ հինգ ամիս շարունակ աշխատել են այն ծրագրերի ու սցենաների վրա, որոնք ներկայացված էր մասնակիցների քննարկմանը:

Համաժողովի մեկնարկեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանի և տեսակապի միջոցով միացած Ռուբեն Վարդանյանի ելույթներով: Ինչպես նաև ելույթ ունեցավ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, նա ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական ուղերձը:

Առաջին օրվա քննարկումները նվիրված էին «Պատմական պատասխանատվություն» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:

Երկրորդ օրվա քննարկումները նվիրված էին «Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր հրապարակախոս, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Haykakani apagan

Երրորդ օրվա քննարկումները նվիրված էին «Բնակչության աճ» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Մասնակիցները երկրորդ օրը այցեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր այցով՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակին:

Haykakani apagan3

Համաժողովն ավարտվեց փակման պաշտոնական արարողությունով, որին ելույթով հանդես եկան ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան: Ելույթները եզրափակեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ կարևորելով յուրաքանչյուր հայրենակցի ակտիվ մասնակցությունը նախաձեռնության հետագա անելիքներում:

Քննարկումների երեք օրերի ընթացքում Համաժողովի մասնակիցները հանդես եկան արձանագրված 2 000-ից ավել դիտարկումներով և մտահոգություններով, առաջ քաշվեցին տասնյակ հանրային նախաձեռնություններ:

Haykakani apagan1

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ձևավորեց մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ կարողացան ուսումնասիրել, քննարկել և ընտրել փորձագիտական համայնքի գնահատականն անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը: