«Մենք հույս ունենք հաջորդ տարի ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնումը»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանն այժմ ներդրումներ է կատարում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամենանեղ հատվածներից մեկի ընդլայնման համար՝ ճանապարհի վրացական հատվածում: Բեռնահոսքերի ծավալը 1 մլն տոննայից կհասցվի 5 մլն-ի: Ադրբեջանից հավելյալ ներդրումները կկազմեն ավելի քան 120 մլն ԱՄՆ դոլար։ Հուսով եմ, որ հաջորդ տարի մենք կավարտենք այդ աշխատանքները»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի խոսքով, Ադրբեջանն աշխատում է նաև տրանսպորտային համակարգերի, ենթակառուցվածքների, ինչպես նաև մաքսային վարչարարության հարցերի ինտեգրման ուղղությամբ։

«Մի քանի օրից Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր տնօրենը կայցելի Բաքու։ Եվ հարցերից մեկը, որը մենք կքննարկենք նրա հետ, կլինի այն, թե ինչպես կարող է Համաշխարհային մաքսային կազմակերպությունը օգնել մեզ համակարգել աշխատանքը Կենտրոնական Ասիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև: Երթուղու ինտեգրմանը հասնելու համար ուղեվարձի նկատմամբ պետք է լինի միասնական մոտեցում: Եթե ​​մի երկիր, օրինակ՝ Ադրբեջանը, իջեցնի սակագինը, իսկ մյուսը չթանկացնի կամ չբարձրացնի, դա չի աշխատի»,- հայտարարել է Ալիևը։