Covid-19 համաճարակն աշխարհում տարբեր կերպ զգալիորեն խաթարեց երկրների և մարդկանց կյանքը՝ ինչպես մեծ և արմատական,​​ այնպես էլ փոքրածավալ փոփոխություններով։ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի նախկին գլխավոր տնօրեն Ամիրան Գամղրելիձեն խոսել է համավարակի մասին՝ մանրամասնելով, թե ի՞նչ ցույց տվեց մեզ կորոնավարակը, ի՞նչ սովորեցրեց, և, թե ինչպե՞ս պատրաստվել ապագա ճգնաժամերին և համաճարակներին:

Covid-19-ի համաճարակի բռնկումից անցել է երեք տարի, բայց այն դեռ չի ավարտվել, և շարունակում է հետապնդել մարդկանց:

«Այս համաճարակը ցույց տվեց, որ սա առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն է վերջին հարյուր տարվա ընթացքում, այն ամենաընդարձակն է «Իսպանականից» հետո, որը մարդկությանը շատ դասեր տվեց: Հիմա մարդիկ գիտակցում են, որ շատ բան է պետք անել ապագա հնարավոր համաճարակների և ընդհանրապես հանրության առողջությանը սպառնացող հատուկ սպառնալիքների համար պատրաստվածությունը բարելավելու ուղղությամբ»:

Ոլորտի մասնագետը մատնանշում է, որ առողջապահության և հանրային առողջության համակարգերը վերջին 100 տարվա ընթացքում չէր բախվել նման մասշտաբի մարտահրավերների:

«Համաճարակը նման է պատերազմի, պայքարը շարունակվում է անտեսանելի թշնամու հետ։ Համաճարակի մասշտաբները հասկանալու համար կարևոր է նշել պաշտոնապես գրանցված վարակվածների թիվը, որը կազմում է 675 միլիոն, բայց իրական վարակվածների քանակը 7-8 անգամ ավելի մեծ է, քան պաշտոնապես գրանցվածներինը: Նույնը վերաբերում է պաշտոնապես գրանցված՝ 6,9 միլիոն մահացածներին, որը գրեթե երեք անգամ գերազանցում է պաշտոնական ցուցանիշը»:

Գամղրելիձեն գտնում է, որ բժշկական գիտության համար անսովոր կարճ ժամանակում ստեղծվել է արդյունավետ կանխարգելիչ զենք՝ պատվաստանյութերի տեսքով, որը կարևոր քայլ է դեպի բժշկության զարգացման նոր փուլ։

«Մշակվել են նաև բուժման դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս բարձր ռիսկի ենթարկվածներին ավելի պաշտպանված լինել վարակվելու դեպքում, խուսափել ավելի ծանր և մահացու ելքերից: Լուրջ զարկ տրվեց լաբորատոր մոլեկուլային ախտորոշմանը, գենետիկական հաջորդականությանը և տարբեր սկզբունքների վրա հիմնված նոր մոտեցումներին։ Սա նաև համաշխարհային համագործակցության և աննախադեպ համագործակցության արդյունք է: Մշակվել են տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել աշխարհին արագ անցնել հեռահար հարաբերությունների ռեժիմի»:

Ի՞նչ է մեզ լրացուցիչ սովորեցրել համաճարակը

Ամիրան Գամղրելիձեի կարծիքվ, այսօր առողջությունը քննարկման թեմա է բարձր մակարդակի քաղաքական հանդիպումների մեծ մասում, որը փաստորեն ցույց է տալիս, որ առողջապահությունը գլխավոր առաջնահերթություն է դարձել:

«Համաճարակը ցույց տվեց, որ փողի խնայումն ու առողջապահական համակարգերի ֆինանսավորման կրճատումը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար կանդրադառնա երկրի զարգացման և բնակչության առողջության վրա։ Առողջապահության ազգային համակարգը կարիք ունի աճող և կայուն ֆինանսավորման, ինչպես նաև՝ ուժեղ քաղաքական աջակցության: Այս մոտեցմանն աջակցելու համար Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ և զգալի ներդրումով անցած տարի ստեղծվեց «Համաճարակի» հիմնադրամ, որը հետագայում կօգնի երկրներին պատրաստվել, ամրապնդվել և հասնել իրենց նպատակներին»:

Միևնույն ժամանակ մարդիկ ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան կարևոր են մասնագետների վերապատրաստումը, կրթությունը, ժամանակակից միտումներին հետևելը և շարունակական աջակցությունը։

«Հետևաբար առողջապահությունը մեր երկրի համար պետք է դառնա էլ ավելի առաջնահերթային: Մեր երկրի վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել ճգնաժամային պատրաստվածությանը,  նոր տեխնոլոգիաների ներդրում, բժշկական ծառայությունների որակի շարունակական վերահսկողություն, կրթություն բարելավում և կայուն աճող ֆինանասավորում»: