Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Որքան է հավանականությունը, որ նախագիծը դառնա օրենք, ինչպես դա կազդի Վրաստանի եվրաինտեգրման վրա, և շատ ավելիի մասին Jnews-ը զրուցեց փորձագետ և «Ռեզոնանս» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուղուշիի հետ, ով խորհրդարանի հանձնաժողովների կազմում մասնակցել է օրինագծի քննարկմանը։
-Խորհրդարանը վճռական է տրամադրված օրինագիծն ընդունելու հարցում, ինչ կլինի, եթե այն ընդունվի։
-Կարծում եմ, որ եթե մենք ընդունենք այս օրինագծերը, դա, անշուշտ, լրջորեն կվատթարացնի ժողովրդավարության հետ կապված իրավիճակը։ Առհասարակ, քանզի դա շատ լուրջ հարված կհասցնի քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին։ Սա խնդիր կլինի եվրաինտեգրման համար, եթե այն ընդունվի նման տեսքով։ Ես նաև կասկածում եմ, որ հնարավոր է այս օրենքները վերափոխել և այս վատ գաղափարից «Մոխրոտիկ» սարքել։ Դա անհնար է ուղղել:
-Որքանով է այս նախաձեռնությունն ուղղված եվրաինտեգրման դեմ։
Ես չեմ ասում, որ սա եվրաինտեգրման դեմ է, ես ուղղակի ասում եմ, որ եթե ընդունվի, դա կվատթարացնի իրավիճակը, և կառաջացնի խնդիր, քանի որ դա սխալ է։ Դուք տեսնում եք, որ լուրջ քննարկումներ են գնում, էմոցիաները շատ-շատ են։ Այս գործընթացի դեմ իրենց դիրքորոշումներն ունեն նաև մեր գործընկերները, սակայն գործընթացը սկսված է։ Հիմա կուղարկեն Վենետիկի հանձնաժողով։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե հանձնաժողովը ինչ եզրակացություն կտա։ Կարծում եմ, որ հանձնաժողովը լավ եզրակացություն չի տա, եւ եթե խորհրդարանը լսի, ապա կդադարեցնի այս գործընթացը։ Դժվար է կանխատեսումներ անել, բայց ես հուսով եմ, որ Վրաստանի դեպքում այդպես էլ կլինի։ Պարզապես խնդիրն այն է, որ այս բանավեճերը, որոնք այժմ ընթանում են, չեն նպաստում (խմբ. Եվրաինտեգրմանը): Իհարկե, նրանք պետք է որոշեն Եվրամիությանը Վրաստանի թեկնածության հարցը։ Այսինքն, այս ամենը սխալ խնայատուփ է գնում։ Սա բացասաբար է անդրադառնում, բայց, միեւնույն ժամանակ, հուսով եմ, որ մենք ամեն ինչ կհաղթահարենք ու կստանանք կարգավիճակը։ Սա, իհարկե, շատ կարևոր է, և մենք կհրաժարվենք այս օրենքից, այս գաղափարից։
-Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները կամ Վրաստանի նախագահի վետոն որքանով կարող են խոչընդոտել օրինագծի ընդունմանը։
Ես կարծում եմ, եթե խորհրդարանն ընդունի օրինագիծը, ապա նա (խմբ. Վրաստանի նախագահը) վետո կդնի դրա վրա, բայց առայժմ մենք օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու փուլում ենք։ Վենետիկի հանձնաժողովը եզրակացությունը կտա հունիսին, իսկ մինչև հունիս դա օրենք չի դառնա։ Վենետիկի հանձնաժողովի կողմից կարծիքը հայտնելուց հետո խորհրդարանը կվերադառնա այս հարցին և հուսանք նրանք կհրաժարվեն դրանից և երկրորդ ու երրորդ ընթերցման կարիք չի լինի, և այն մինչև նախագահական վետո չի հասնի։
-Դուք մասնակցել եք Արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների լսումներին, ինչպես կգնահատեք այդ լսումները։
Ես խորհրդարանում եմ եղել և ակտիվ մասնակցել եմ հանձնաժողովների քննարկումներին, հետո իրավական հանձնաժողովում մինչև ուշ քննարկումներ էին ընթանում, տեսաք, թե ինչ բուռն ընթացք ունեին քննարկումները, ինչ հուզականություն էր տիրում հանձնաժողովի ներսում, ընդհուպ հասնելով ֆիզիկական բախումների տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Խորհրդարանում էմոցիաները շատ էին: Մարդիկ դուրս եկան փողոց, տարբեր կազմակերպություններ, ակադեմիկոսներ, դասախոսներ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ հայտարարություններ արեցին այս օրինագծի դեմ։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր աջակցում են: Կարծում եմ, որ խորհրդարանը, այնուամենայնիվ, այնպիսի որոշում չի կայացնի, ինչը մեծ խնդիր կարող է հանդիսանալ Վրաստանի ժողովրդավարության համար։
-Եվ այնուամենայնիվ, որքան է հավանականությունը, որ տվյալ օրինագիծն ընդունվի։
Ելնելով այն հանգամանքից, որ բացարձակապես բոլոր մեր գործընկերները կարծես խնդրում են կառավարությանն ու խորհրդարանին չգնալ այս ճանապարհով, բազմաթիվ ելույթներ եղան ինչպես Բրյուսելում, այնպես էլ Եվրոպական խորհրդարաններում։ Ելույթ ունեցան նաև մեր ռազմավարական գործընկերները տարբեր գերատեսչություններից՝ տնտեսությունը, սոցիալական ոլորտը զարգացնելու, ներդրումների հետ կապված իրավիճակը բարելավելու, հանցավորությունը նվազեցնելու և եվրոպական բարեփոխումները հնարավորինս արագ իրականացնելու համար, որոնք մեզ համար շատ կարևոր են, սա մեծ ջանքեր է պահանջում։ Այլ ոչ թե վատնել ջանքերը քաղաքացիական հասարակության դեմ պայքարելու կամ որպես գործակալ պիտակավորելու վրա: Սա լուրջ խնդիր է, հուսով եմ, այս գործոններից ելնելով, մենք կվերադառնանք մեր սկզբնական դիրքին և կհրաժարվենք այս շատ վնասակար օրինագծից։