Երեկ Թբիլիսիում խորհրդարանի դիմաց բողոքի ցույց անցկացվեց: Մարդիկ դեմ են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունմանը, այն համարելով ռուսական օրենք: Jnews-ը խոսել է բողոքի գործողություններին մասնակցած տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ախալցիխեում գործող Դեմոկրատ Մեսխերի Միության անդամ Ջաբա Նաթենաձեն մասնակցում էր բողոքի ակցիային: Նա իր պարտքն է համարել և հասել է մայրաքաղաք, որպեսզի երկրի ճակատագիրը փոխող օրենքին դեմ իր բողոքն արտահայտի:
«Իմ կարծիքով, ինչպես Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ գիտնական, մանկավարժ, դիվանագետ ե որևէ այլ ոլորտի ներկայացուցիչ պետք է իր բողոքն արտահայտի: Այս օրենքը Վրաստանին Եվրամիության ինտեգրմանը հակասող օրենք է և խոչընդոտում է մեր՝ դեպի Եվրոպա ճանապարհին: Եվ, բնականաբար վտանգ հանդիսանում մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Սա մեզ ավելի կմոտեցնի Ռուսաստանին, չնայած նրան, որ մեր երկրի 20%-ը հենց այդ երկրի կողմից է օկուպացված»,- ասում է նա:
Ջաբան համարում է, որ երկիրը իզոլացված կլինի արևմտյան աշխարհից և մարդիկ կսկսեն ապրել այնպես, ինչպես ապրում են օրինակ՝ Ռուսաստանի որևէ քաղաքում կամ գյուղում, և Վրաստանը կդառնա Ռուսաստանի և Բելոռուսի նման մի երկիր: Ջաբա Նաթենաձեն վստահ է, այս օրենքի ընդունումով վերջ կդրվի այն ռեսուրսներին, որոնք օգնում էին երիտասարդներին զարգանալ, կրթություն ստանալ արտասահմանում:
«Կառավարության անդամների երեխաների համար, իհարկե, լավ կլինի եվրոպական ստանդարտներով կրթություն կամ առողջապահական ծառայություն ստանալ: Եթե հասարակ քաղաքացին փորձի դրանից օգտվել կդառնա ամերիկյան կամ եվրոպական գործակալ: Օրենքի ընդունումը մեծապես կազդի հատկապես շրջաններում գործող մեդիաների և ոչ կառավարական կազմակերպությունների վրա, որոնց եկամտի հիմնական աղբյուրը միջազգային կազմակերպություններն ու դոնորներն են», – ասում է նա:
Հավելելով, որ պարզապես ապսուրդ է, երբ ինչ-որ ծրագիր ես իրականացնում մարդկանց բարեկեցության համար, և այդ պատճառով պիտակավորվում ես, դառնալով ինչ-որ երկրի գործակալ:
«Իրականացված բողոքի ակցիան կարծում եմ, ինչ-որ ազդեցություն կունենա այդ օրենքի ընդունման վրա, քանի որ հավաքված էին մարդիկ տարբեր կազմակերպություններից, ովքեր իրենց ֆինանսական միջոցներով եկել էին մայրաքաղաք իրենց ձայնը լսելի դարձնելու համար, և մենք ճիշտ տեղում էինք, քանի որ որոշվում էր մեր երկրի և մեր ճակատագիրը», – մեզ հետ զրույցում ասում է Ջաբա Նաթենաձեն:
Jnews-ը խոսել է նաև Սոցիալական արդարության կենտրոնի տնօրեն Թամթա Միքելաձեի հետ: Միքելաձեն ևս գտնում է, որ այս օրենքը մասնավորապես ուղղված է ազատ մեդիայի և ոչ կառավարական կազմակերպությունների վերահսկելուն և նրանցից շատերը օրենքի ընդունման դեպքում կհայտնվեն կառավարության ընդհանուր հսկողության տակ:
«Պարզ երևում է, որ պետության կողմից անընդունելի է միայն ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչների համագործակցությունը տարբեր դոնորների հետ, որն էլ իր հերթին խտրական բովանդակություն է կրում: Բնական է, որ այս օրենքը վատ ազդեցություն կունենա եվրաինտեգրման գործընթացի վրա, քանի որ այն ուղղակիորեն հակասում է 12-ից 3 խորհուրդներին, որոնք Վրաստանը ստացել է Եվրոմիության կողմից», – ասում է նա:
Թամթան կարծում է, որ այս օրենքի դեմ ամենաարդյունավետ միջոցներից է հենց բարձր հասարակական համախմբումն ու մոբոլիզացիան էր, որը մարտի 6-ին տեղի ունեցավ խորհրդարանի դիմաց, որը ցույց է տալիս այն կարմիր գծի անընդունելի լինելը, որը արհեստականորեն մտցվում է մեր և եվրաինտեգրման գործընթացի մեջ: