2023 թվականի մարտի 10-12-ը տեղի է ունենալու «Ապագա Հայկականի» առաջին Համաժողովը՝ հիմնված «Քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի վրա, որն առաջին անգամ է կիրառվելու հայկական իրականությունում:
Ապագա Հայկականի Համաժողովի յուրահատկություններից է նաև այն, որ աշխարհում առաջին անգամ նման ձևաչափում ընդգրկվելու է նաև Սփյուռքը, որի արդյունքում էլ Համաժողովին կան նաև մասնակիցներ Վրաստանից:
Համաժողովին մասնակցելու համար թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրվել են 200
մասնակիցներ՝ ձևավորելով աշխարհասփյուռ հայության յուրօրինակ մանրակերտը: Համաժողովին Վրաստանից կմասնակցի 5 անձ, որից երեքը Ջավախքից։ Ախալքալաքի շրջանի բնակիչներ Ենոք Բաբաջանյանը, Նազելի Դեմուրչյանը և Օֆելիա Իսպիրյանը, և Աննա Մկրտչյանը և Ռոզա Զոհրաբյանը Վրաստանի այլ բնակավայրերից։
Համաժողովին կքննարկվեն 3 նպատակներ՝ Պատմական պատասխանատվություն, Հայաստան-Սփյուռք միասնականություն և Բնակչության աճ: Այս նպատակները նախաձեռնողների կողմից ընտրվել են հարցման արդյունքում:
5 ամիսների ընթացքում հայկական փորձագիտական համայնքի 100-ից ավել ներկայացուցիչներ առկա և առցանց ձևաչափերով
քննարկել են նպատակների իրագործման հետ կապված սցենարներն ու ծրագրերը: Դրանք ներկայացվելու են Ապագա Հայկականի Համաժողովին, որին մասնակցելու են բոլոր ընտրված անձիք: Քննարկումներին առցանց ձևաչափով
մասնակցելու հնարավորություն ունեն նաև բոլոր գրանցվածները:
Արդյունքում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ձևավորում է մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր խմբերի
ներկայացուցիչներ նախ ծանոթանում, ապա քննարկում են փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝
միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը:
Հիշեցնենք, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնությունը Ախալքալաքում իր առաջին տեղեկատվական հանդիպումը անցկացրեց 2022 թվականի դեկտեմբերի 4-ին: