Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները բոյկոտում են և հրաժարվում մասնակցել խորհրդարանի պատգամավոր և դասախոս Նիկոլոզ Սամխարաձեի դասախոսություններին: Այսպես են ուսանողներն իրենց վերաբերմունքն արտահայտում «Ժողովրդի ուժ»-ի կողմից խորհրդարան ներկայացված «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծին: Ի նշան բողոքի՝ ուսանողները ջնջում են դասացուցակներից Սամխարաձեի դասավանդած «ԵՄ արտաքին քաղաքականություն» առարկան:

Սամխարաձեի նախկին ուսանողները և բաց նամակով դիմել են նրան վերանայելու իր որոշումը, իսկ ներկայիս ուսանողները ջնջում են նրա դասավանդած առարկան դասացուցակից, արդյունքում այս կիսամյակում տվյալ առարկան չի դասավանդվի:

«Մեր խորհրդարանում արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է օրենքի մի նախագիծ, որն ուղղակիորեն հակասում է Վրաստանի սահմանադրությանը, ազգային շահերին և խարխլում երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը: Նիստը վարել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ԹՊՀ-ի դասախոս Նիկոլոզ Սամխարաձեն։ Հաշվի առնելով օրինագծի վերաբերյալ նրա աջակցող դիրքորոշումը՝ մեզ համար անընդունելի է մասնակցել նրա դասախոսությանը:

Ուստի մենք՝ Թբիլիսիի պետական ​​համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողներս, հրաժարվում ենք մասնակցել նրա դասախոսություններին և միանում ենք նույն բաժնի շրջանավարտների քննադատական ​​դիրքորոշմանը»,- ասված է ուսանողների տարածած հայտարարության մեջ։

Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները կոչ են անում նաև բոլոր համալսարանականներին միանալ իրենց՝ արևմտյան արժեքների համար պայքարին և թույլ չտալ, որ կառավարությունն ռուսական ուղեծիր ընտրի:

Իոանե Մախարաձեն ԹՊՀ-ի միջազգային հարաբերությունների բաժնի 3-րդ կուրսում է սովորում: Նա միացել է բոյկոտին, և կարծում է, որ այս օրենքի ընդունումը կխոչընդոտի Վրաստանին եվրատլանտյան կառույցներին միանալու գործընթացներին, որը ձեռնտու է միայն Ռուսաստանին:

«Սամխարաձեի մոտ երկրորդ կուրսում եմ անցել «Եվրոպագիտություն»: Այս տարի ևս ընտրել էի «ԵՄ արտաքին քաղաքականություն առարկան», բայց հրաժարվեցի, չնայած նրա հանդեպ իմ անձնական հարգանքին: Կարծում եմ, որ այն ինչ նա է անում ուղղակիորեն հակասում է Վրաստանի եվրատլանտյան կառույցներին միանալու գործընթացներին, հատկապես կարգավիճակ ստանալու գործընթացից առաջ: Վստահ եմ, որ երիտասարդների ձայնը շատ կարևոր է հատկապես այս և այլ քաղաքական հարցերում»,– ասում է ուսանող Մախարաձեն:

Վերջինս նշում է, որ Նիկոլոզ Սամխարաձեի դասախոսությունները և նրա այսօրվա քայլերը բացարձակապես չեն համապատասխանում իրար:

«Այս կանոնի ընդունումը մեր երկրի համար կնշանակի միջազգային իմիջի վատացում, արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների վատթարացում, դեմոկրատական ինդեքսի ցածրացում և հիբրիդային դեմոկրատական ռեժիմից լրիվությամբ ավտոկրատական ռեժիմի վերափոխում: Այն երիտասարդները, ովքեր ասում են, որ քաղաքականությունն իրենց չի հետաքրքրում, ապա կասեմ հետևյալը՝ այս պահին քաղաքականությունն այն ոլորտն է, որն ազդում է բացառապես բոլորիս կյանքի վրա», – ասում է Իոանե Մախարաձեն:

Իր համակուրսեցու հետ համակարծիք է նաև Ռիփսիմե Փանչոյանը, ով նույնպես միջազգային հարաբերություններ բաժնի ուսանողուհի է: Նա նույնպես հրաժարվել է «ԵՄ արտաքին քաղաքականություն» առարկայից: Համարում է, որ այս քայլով Նիկոլոզ Սամխարաձեն ցույց է տալիս, որ ինչի մասին խոսել և սովորեցրել է դասախոսությունների ժամանակ ամբողջությամբ կեղծ է եղել, և ամբողջությամբ հակասում է այսօրվա արած քայլերին:

«Օրինագիծը, որին կողմ է նաև մեր դասախոսը սահմանափակում է ազատ խոսքի իրավունքը: Իմ կարծիքով նա խելացի ու պրոֆեսիոնալ դասախոս է, իր գործի գիտակը, բայց պարզվում է, որ նա դասախոսությունների ժամանակ իր իրական կարծիքը չի արտահայտել, երբ քննարկել ենք ազատ մեդիայի, ազատ խոսքի և եվրոինտեգրման պրոցեսների մասին», – ասում է Ռիփսիմեն:

Որպես միջազգային հարաբերություններ բաժնի ուսանող Ռիփսիմեն այս օրինագիծը երկրի համար ինքնասպանություն է համարում: Եվ այսքան տարվա քայլերը գոնե կարգավիճակ ստանալու համար՝ «ջուրը կընկնեն»:

Իր հերթին Նիկոլոզ Սամխարաձեն ելույթի իր խոսքում նշել է.

«Ես կհանդիպեմ ուսանողներիս և կխոսեմ նրանց հետ, ինչպես նախկինում էինք խոսում, և շատ խորը կնայեմ նրանց աչքերի մեջ»:

Նիկոլոզ Սամխարաձեն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է։

Հիշեցնենք, որ նախկին ուսանողները ևս նամակով դիմել են Նիկոլոզ Սամխարաձեին՝ խնդրելով հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծին աջակցելուց։ Նամակին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով: