Կատյա Պողոսյանը Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղից է: Չնայած դեռ դպրոցահասակ է, բայց հասցրել է մասնակցել մի շարք պարային մրցույթերի և այժմ գյուղում պար դասավանդում՝ հայկական և վրացական, այնպես էլ ազատ ոճի:
15-ամյա Կատյան սովորում է Խավեթի հանրային դպրոցում, բայց դա նրան չի խանգարում դասերին զուգահեռ պար սովորեցնել գյուղի երեխաներին: Մեր հերոսուհին մանկուց է սիրել պարը, քանի որ գյուղում պարի ուսուցիչ չկա, որոշել է ինքը լրացնի այդ բացը:
«Պարել սիրել եմ մանկուց, բայց պար սովորեցնելու մասին երբեք չեմ մտացել: Ինքս պարել սովորել եմ Ախալքալաքի մշակույթի տանը: Քանի որ մեր գյուղի երեխաները, ովքեր սիրում են պարել, ոչ բոլորը հնարավորություն ունեն պար սովորելու համար Ախալքալաք հասնել, որոշեցի ինքն դա անեմ գյուղում: Սկզբնական շրջանում բավականին դժվար էր, բայց արդեն ամեն ինչ հարթվել է, ու դասերն ընթանում են բնականոն հունով»,- ասում է Կատյա Պողոսյանը:
Արդեն չորս ամիս է նա գյուղի երեխաներին պարել է սովորեցնում: Դասերն անցկացնում է գյուղացիներից մեկի տանը, որտեղ վաղուց ոչ ոք չի ապրում:
«Սկզբնական շրջանում ոգևորությունը շատ մեծ էր, 20 հոգանոց խումբ էր ձևավորվել, բայց վատ պայմաների և ցրտի պատճառով նրանց թիվը նվազեց: Երեխաներից յուրաքանչյուրն ամսական վճարում է 20 լարի, շաբաթական երկու դաս եմ անցկացնում»,- պատմում է նա:
Կատյան պար է դասավանդում նաև Սուլդա գյուղում, և ի տարբերություն Խավեթի խմբի, Սուլդայի խմբի հետ հասցրել է Թբիլիսիում մրցույթի մասնակցել ու մեդալ է ստացել: Այժմ ժամանակի պատճառով, Կատյան Սուլդայում չի դասավանդում, բայց Խավեթի խմբի հետ դասերը շարունակվում են բնականոն հունով:
Դասավանդելուն զուգահեռ Կատյան ինքը ևս հաճախում է պարի դասերի: Արդեն մեկ տարի է պար է սովորում Ախալքալաքի մշակույթի տանը: Մեր հերոսուհին նշում է, որ պար դասավանդելու հարցում իրեն շատ են աջակցում պարուսույցներ՝ Ալիկ և Լամարա Քսպոյանները, իսկ կազմակերպչական աշխատանքներում՝ ծնողները:
Ապագայի պլաների մասին դժվարանում է խոսել. դեռ որոշում չունի թե դպրոցն ավարտելուց հետո ինչ մասնագիտություն է ընտրելու, շարունկաելո՞ւ է արդյոք պարի ուղղությամբ: Ասում է՝ դեռ ժամանակ ունի մտածելու և որոշում կայացնելու համար:
«Դպրոցս ավարտելուց հետո ուզում եմ գնալ սովորելու համալսարանում: Ես պարը շատ եմ սիրում, և ուզում եմ իմ գյուղի համար մի լավ բան անել, դրա համար սկսեցի դասավանդել՝ անտեսելով դժվարությունները»,- եզրափակում է Կատյա Պողոսյանը: