Վրաստանի նոր խորհրդարանի կազմը հայտնի է՝ նոր իշխանությամբ և ընդդիմությամբ: Վրաստանի պատմության մեջ ամենաերկարատև խորհրդարանական ընտրություններն արդեն իրողություն են:

ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն, «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը նոր խորհրդարանում 115 պատգամավորական մանդատ է ստացել: Նշենք, որ այս կուսակցությունը հիմնադրվել է 2011 թվականին վրացի միլիոնատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից:

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո պարզ դարձավ, որ «Վրացական Երազանքը» մեղմ ասած խորհրդարանի տերն է: Սահմանադրական մեծամասնությունը, այսինքն «Վրացական երազանքը» Կառավարության կազմը ոչ միայն ինքնուրույն ձևավորելու իրավունք է ստացել, այլև առանց որևէ մեկ այլ կուսակցության աջակցության, միակողմանիորեն ցանկացած օրինագիծ ընդունել: Կարող է ինքնուրույն սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Նշենք, որ «Երազանքը» խորհրդարանում միայնակ աշխատելու քաղաքական փորձ չունի:

Վրաստանի Խորհրդարանը միապալատ է, բաղկացած 150 պատգամավորներից, որոնցից 77-ը ընտրվում են համամասնական ընտրական համակարգով, 73-ը՝ մեծամասնական՝ ներկայացնելով իրենց ընտրական շրջանները։ Պատգամավորները ընտրվում են չորս տարի ժամկետով։

Հարկ է նշել, որ Վրաստանի նոր Խորհրդարանում կաշխատեն թվով երեք հայ պատգամավոր:

Վրաստանում օրենսդիր մարմինը 2016-2020 թվականներին ձևավորում է երեք քաղաքական ուժ: Մեկական պատգամավորական մանդատ են ստացել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Արդյունաբերողների» ներկայացուցիչը, 6 մանդատ՝ «Հայրենասերների միությունը», 27-ը՝ «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցությունը և 115 պատգամավոր «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը:

Վրաստանի ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի 2016 թ. նոյեմբերի 18-ին: Օրենսդրության համաձայն, նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին: Այն պաշտոնապես կբացի երկրի նախագահը: Անդրանիկ նիստի ընթացքում կընտրվի օրենսդիր մարմնի ղեկավարը, նրա տեղակալները, կձևավորվեն խորհրդարանական հանձնաժողովներն ու կնշանակվեն դրանց ղեկավարները: