Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերում, «Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումն իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպությունը տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում բնակչության հետ, Ախալքալաքում առկա ծառայություններից լիարժեք օգտվելու համար բնակչությանը տեղեկատվություն տրամադրելու, խնդիրների բացահայտման և դրանց լուծման համար փաստաբանության նպատակով։

Փետրվարի 23-ին նախագծերի շրջանակներում կայացան առաջին հանդիպումները։ Հանդիպումները տեղի են ունեցել Խավեթ և Էրինջա գյուղերում։

«Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումն իրազեկման միջոցով» նախագիծն իրականացվում է «Բաց սահմաններ» կազմակերպության կողմից՝ գյուղերի բնակչությանը օգնելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է գյուղերի վիճակի ընդհանուր ուսումնասիրություն, որից հետո ընտրվել են կոնկրետ թիրախային գյուղեր, որտեղ ամենաշատ խնդիրներն են։

Մի կողմից գյուղերի բնակիչներին տրամադրվում է տեղեկատվություն, որպեսզի նրանք հնարավորինս կարողանան օգտվել տարբեր ծառայություններից, մյուս կողմից՝ բացահայտվում են գյուղի խնդիրները։ Կոնկրետ խնդիրների դեպքում աշխատանքներ են տարվում դրանց լուծման նպատակով փաստաբանության ուղղությամբ։

Խավեթ գյուղում հանդիպումը տեղի ունեցավ ծիսակատարությունների տան շենքում։ Ներկաները քիչ էին, մոտ 15 հոգի։ Հավաքվածները սկզբում անտարբերություն դրսևորեցին գործընթացի նկատմամբ՝ ասելով, որ, միևնույն է ոչ մի խնդիր չի լուծվելու։

Սակայն արդեն տարբեր թեմաների քննարկման ընթացքում մասնակիցները հետաքրքրվեցին, ներգրավվեցին դրանց մեջ, տվեցին բազմաթիվ հարցեր և ստացան պատասխաններ կամ ուղղություններ, թե ուր դիմել կոնկրետ խնդրի լուծման համար։

Xavett

Տեղեկատվական հանդիպումը Խավետ գյուղում վարում էր «Բաց սահմաններ» ՀԿ-ի տնօրեն և Ջավախքի լրատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանը։ Նա խոսեց կառավարության բոլոր ծրագրերի և ծառայությունների մասին, որոնք ներկայումս արդիական են տեղի բնակչության համար: Թեմաները վերաբերում էին սոցիալական աջակցության, առողջապահության, հողերի գրանցման, Արդարադատության տան ծառայությունների, գյուղատնտեսության և այլ ոլորտներին։

Հանդիպմանը հարցեր բարձրացվեցին երկքաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը մինչև 2018 թվականը և դրանից հետո կորցրած անձանց այն վերականգնելու, հողամասերի հաշվառման հետ կապված խնդիրների, սոցիալապես անապահովներին օգնություն տրամադրելու մասին, ում դիմել օգնությունը ստանալու համար և այն:

Հանդիպմանը ներկա էր Դավնիա, Խավեթ և Էրինջա տարածքային միավորից ընտրված Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Հրաչ Մովսեսյանը։ Նա ասաց, որ քաջատեղյակ է այս գյուղերի բոլոր խնդիրներին, ամեն անգամ հանդիպման ժամանակ դրանք բարձրաձայնում է տեղական իշխանություններին և հույս ունի, որ ի վերջո դրանք լուծում կստանան։

Խավեթցիները խոսեցին գյուղի բոլոր խնդիրների մասին, դժգոհեցին, որ իրենց գյուղը, բոլոր հարցերում, անտեսվում է տեղական իշխանությունների կողմից։ Անհանգստացած են գյուղի ճանապարհի վերանորոգմամբ, որը շատ անմխիթար վիճակում է։

Խավեթում ապրում է մոտ 300 մարդ։ Մնացած բոլոր խնդիրները, ըստ հանդիպման մասնակիցների, կապված են վատ ճանապարհի հետ, նրանք հույս ունեն, որ երբ ճանապարհի հարցը լուծվի, մյուս խնդիրներն էլ ինքնաբերաբար կլուծվեն։ Գյուղում երիտասարդների համար ժամանցի վայր չկա: Գյուղացիները դժգոհեցին, որ իրենց գյուղում մոտ 16 երեխա զրկված է նախադպրոցական կրթությունից, քանի որ գյուղում մանկապարտեզ չկա, երեխաներին այլ մանկապարտեզներ չեն տրանսպորտավորում։

Երկրորդ հանդիպումը կայացավ Էրինջա գյուղում։ Էրինջա գյուղը Խավեթից փոքր է, այնտեղ ընդամենը 10 տնտեսություն է։ Էրինջայում հանդիպումն անցկացվեց Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Հրաչ Մովսեսյանի տանը, քանի որ գյուղում չկա մի տեղ, որտեղ կարելի է հավաք կազմակերպել։ Ներկայացված տեղեկատվության վերաբերյալ հարցերը շատ չէին։ Մասնավորապես, Էրինջա գյուղի բնակիչներին հետաքրքրում էր պարարտանյութերի և սննդամթերքի թանկությունը, երկքաղաքացիություն ստանալու և քաղաքացիության վերականգնման հարցերը և այլն։

erindja

Նմանատիպ հանդիպումներ մի քանի այլ գյուղերում ևս կանցկացվեն։