Այսօր՝ փետրվարի 21-ին, Ախալքալաքի Շրջանային դատարանում տեղի ունեցավ դատական նիստ՝ օրեր առաջ տեղի ունեցած դանակահարության գործով: 18-ամյա ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ 40-ամյա ամբաստանյալի նկատմամբ՝ գրավը, այսինքն՝ վերջինս կմնա անազատության մեջ, մինչև նրա համար չվճարվի 5000 լարի գրավը։
Փետրվարի 18-ի երեկոյան Ախալքալաքում տեղի ունեցած դանակահարությունից հետո Ախալքալաքի ՆԳՆ-ի բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել երկու մեղադրյալի՝ հոր և որդու։ 18-ամյա ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և բռնության համար, իսկ նրա հայրը մեղադրվում է բռնության մեջ։
Փետրվարի 18-ի երեկոյան, Ախալքալաքի միջին տարիքի բնակիչների միջեւ դանակահարություն էր տեղի ունեցել։ Որովայնի խոռոչի կտրած-ծակած վնասվածքով Ախալքալաքի հիվանդանոց էր տեղափոխվել Ախալքալաքի բնակիչ Ա.Ռ.-ը: Նրան շտապ վիրահատել էին: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները 24 ժամվա ընթացքում թարմ հետքերով բերման են ենթարկել կասկածյալ հորն ու որդուն։ Դեպքի առթիվ գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ երկու հոդվածներով։ Բռնության (Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի 1-ին մաս) և սպանության փորձի (Վրաստանի ՔՕ 19-108-րդ հոդված) փաստերով: Սպանության փորձը նախատեսում է «տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա»։