Հույզերի և դեռահասական մաքսիմալիզմի վրա կատարված անգիտակցական քայլը կարող է լրջորեն կոտրել աղջկա կյանքը: Հաճախ գավառական Ախալքալաքում աղջիկները, ովքեր գիտակցում են, որ իրենց երիտասարդության տարիներին սխալ քայլ են գործել՝ ամուսնանալով, փակվում են իրենք իրենց մեջ, փորձում են անտեսանելի լինել հասարակության շրջանում և ոչ մի դեպքում չեն մտածում բարձրագույն կրթության մասին։ Արուսյակը բացառություն էր, ով ամուսնալուծությունից հետո ընդունվեց համալսարան և չնայած բազմաթիվ դժվարություններին սովորեց՝ իր և իր երեխայի համար ավելի լավ ապագա ապահովելու համար։

Սամցխե-Ջավախքի համալսարանի վրաց լեզվի բանասիրական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհին առաջին դասարանցու մայր է: Տնային առաջադրանք կատարելու հարցում, իհարկե, առաջին տեղում առաջին դասարանցին է, սկզբում մայրն ու որդին կատարում են որդու դասերը, հետո մայրն արդեն տնային գործերի հետ մեկտեղ իր դասերով է զբաղվում։

Արուսյակ Մելքոնյանը 18 տարեկան էր, երբ ամուսնացավ, սակայն մեկ տարի ընտանեկան կյանքից հետո նա հասկացավ, որ սխալ է գործել։

«Ամեն ինչ տեղի ունեցավ չմտածված: Հիմա ես կարծում եմ, որ դա սխալ էր, բայց ժամանակը չես կարող հետ բերել, պետք է մտածել ապագայի մասին: Ես սիրահարված չէի, դա ավելի շատ նման էր դեռահասական հրապուրանքի: Ես խորհուրդ եմ տալիս, որ ոչ ոք այդպես չանի (ծիծաղում է): Ամեն ինչ պետք է իր ժամանակին անել, այդ թվում՝ ամուսնանալը։ Երբ կյանքն առաջ է գնում, հասկանում ես, որ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Նախ ուսում, հետո միայն ամուսնություն։ Հարազատներիցս ոչ ոք չգիտեր, որ ես շփվում էի նրա հետ: Իհարկե, ավելի լավ է ամեն ինչ քննարկել հարազատների, ծնողների հետ»,- պատմում է նա:

Հաճախ կանայք կարծում են, որ պետք է մինչև վերջ պահել ընտանիքը, փրկել այն։ Արուսյակն էլ էր այդպես մտածում, բայց ընտանեկան կյանքից որոշակի ժամանակ անց ամուսինը հեռացավ, ապա պարզապես անհետացավ իր կյանքից ու թողեց ընտանիքը։ Որոշ ժամանակ անց նա ամուսնալուծության հայց ներկայացրեց։

«Հիմա ես 29 տարեկան եմ։ Ես արդեն իմ տարիքում կյանքին այլ կերպ եմ նայում։ Դա դժվար ճանապարհ էր։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում դժվար շրջան լինում է։ Ես շատ ավելի ուժեղ եմ դարձել, կյանքին սկսել եմ այլ կերպ նայել։ Ապահարզանը դա դեռ վերջը չէ, ոչ ոք այդպես չպետք է մտածի, ընդհակառակը, մենք պետք է առաջ շարժվենք: Այո, մենք ապրում ենք Ախալքալաքում, և այստեղ ամուսնալուծությունն այլ կերպ է ընկալվում, ես կարծում էի, որ պետք է դիմանալ, քանի որ երեխա կա և այլն, բայց ես հասկացա, որ ոչ, այս ամբողջ իրավիճակը առաջին հերթին վնասում էր ինձ ու իմ երեխային, եթե չկա երջանկություն, եթե չկա ընտանիք, ավելի լավ է ամուսնալուծվել»։

Дизайн без названия - 1 Արուսյակ Մելքոնյանը Սուրբ Խաչ եկեղեցում

Չնայած բոլոր դժվարություններին, որոնց նա փորձում էր դիմանալ, Արուսյակն իր մեջ ուժ գտավ փոխհատուցել այն, ինչը նա կորցրել էր շուտ ամուսնանալու պատճառով։

«Ես հասկացա, որ առանց կրթության լավ աշխատանք չես գտնի, ես հասկացա, որ պետք է մեծացնեմ որդուս: Կրթությունը պետք է յուրաքանչյուր մարդու՝ անկախ տարիքից: Ես չընդունվեցի առաջին իսկ փորձից: Չեմ զղջում իմ կրթություն ստանալու որոշման համար: Ընտրել եմ բանասիրությունը՝ վրաց լեզուն։ Չնայած մայրս անգլերենի ուսուցչուհի է, բայց ես ընտրել եմ մեր պետական լեզուն, որն ինձ դուր էր գալիս մանկուց։ Ես առաջին կուրսի ուսանողուհի եմ»։

Նա դայակ էր աշխատում՝ վաստակելով իր և երեխայի կարիքների համար, բազմաթիվ առաջարկներ ուներ այս գործով զբաղվելու, սակայն եթե ընտրեր այս գործը, չէր կարողանա համալսարանում սովորել։ Ճիշտ է, հիմա էլ Արուսյակը կրկին մեկ-երկու ժամով երբեմն աշխատում է որպես դայակ, քանի որ շատ է կապվել երեխայի հետ, սակայն նա ոչ մի եկամուտ չունի, իսկ իր ուսման համար ստիպված է վճարել, քանի որ չի կարողացել անվճար ընդունվել։

«Տղաս փոքր է, ինձ համար դժվար է, ուսման վարձը հսկայական է, գումարած՝ մշտական աշխատանք չունեմ: Դե նորմալ աշխատանք էլ չկա: Իհարկե, դժվար է միայնակ երեխա մեծացնել ու դաստիարակել, բայց իմ մայրն իմ հենասյունն է, նա ինձ շատ է օգնում: Ես դիմել եմ քաղաքապետարան, որպեսզի ինձ կրթաթոշակ տան, բայց տարիքի պատճառով մերժել են: Համալսարանը չի կարող ինձ կրթաթոշակ տալ, քանի որ իմ ոչ բոլոր միավորներն են բարձր, ես չեմ հասցնում, որովհետև ես շատ հոգսեր ունեմ տանը։ Ուսման վարձը քիչ չէ՝ տարեկան 2250 լարի։

Ինքն իրենից Արուսյակը շատ ակտիվ է, առավոտյան և երեկոյան, տարվա բոլոր ժամանակներում նա զբաղվում է սպորտային քայլքով՝ քայլելով իր հարևանների հետ, նրան միշտ կարելի է վաղ առավոտյան հանդիպել ուխտատեղիներում, ամեն կիրակի նա գնում է եկեղեցի, բաց չի թողնում ոչ մի եկեղեցական տոն։ Նա շարժիչն է կազմակերպչական աշխատանքում, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է հարազատներին:

DSC_1399 Արուսյակ Մելքոնյանը հարեւանուհու դստեր հետ՝ Տավշան Թափա բլրի գագաթին

«Նախկինում ես հաճախ չէի գնում եկեղեցի, թեև միշտ հավատում էի Աստծուն, բայց վերջին 4 տարում ամեն ինչ փոխվել է: Գիտե՞ք, փորձություններից հետո մարդը կամ դեպի հավատք է գնում, կամ ընկնում է անդունդը: Ճանապարհն ինքդ ես ընտրում: Ես ընտրեցի հավատքը։ Հավատքն ինձ օգնեց դիմակայել, ոտքի կանգնել, ուժեղանալ։ Ես հոգով ավելի ուժեղ եմ դարձել։ Գիտեմ և տեսնում եմ, որ իմ ապագան լավ է լինելու։ Կստանամ կրթություն, լավ աշխատանք կգտնեմ և կանեմ ամեն ինչ, որպեսզի մայրս ու տղաս ոչ մի բանի կարիք չունենան»։