Վրաստանում Թուրքիային սահմանակից հայկական Խավեթ գյուղը տարեցտարի դատարկվում է: Մարդիկ ընտրում են գնալու տարբերակը, և ամեն մեկը գյուղից հեռանալու իր պատճառներն ունի: Մնացողներն էլ ապրում են այն հույսով, որ ճանապարհը կվերանորոգվի և շատ խնդիրներ դրանով կլուծվեն:

Այս բնակավայրը Ախալքալաքից ընդամենը 32 կմ է հեռու, բայց Խավեթ հասնելու համար լավագույն դեպքում ժամ ու կես է պահանջվում: Ճանապարհը քարուքանդ վիճակում է, իսկ ձմռանը հիմնականում դժվարանցանելի:

Խավեթ տոնավաճառ
Շրջիկ տոնավաճառ Խավեթ գյուղում. կանայք երկար-բարակ տնտղում են և փորձում ապրանքի գինն իջեցնել

Խավեթում խանութ չկա: Չկա նաև երթուղային տրանսպորտ, որով մարդիկ կկարողանային քաղաք գնալ ու իրենց անհրաժեշտ գնումներն անել:

Խավեթում յոթ երգ գիտեն, յոթն էլ ճանապարհի մասին է

Ըստ տեղացիների՝ առավելապես ասֆալտապատ ճանապարհի բացակայության պատճառով է, որ լքում են Խավեթը: Այս գյուղում ինչ հարց տաս անխտիր բոլորը ճանապարհի հարցն են բարձրացնում:

Ախալքալաքից գյուղ հասնելու համար հարկավոր է Ախալքալաք-Թուրքիա մայրուղով անցնել մինչև Սուլդա, այնուհետև՝ այստեղից ճանապարհը շարունակել ևս 12 կմ, որից 9 կիլոմետրը՝ ոչ ասֆալտապատ ճանապարհով: Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենահեռավոր գյուղը բնավ Խավեթը չէ, բայց ամենաանանցանելին է ցեխի պատճառով:

Xavet gyux

Ձյունը Խավեթում ծածկում է ամենուր տիրող ցեխը

kover

Առավոտյան կովերը ջուր են խմում

Գյուղից քաղաք հասնելը մեծ ծախսերի հետ է կապված, քանի որ դիզվառելիքը շատ թանկ է, որին գումարվում է նաև ճանապարհի վատ վիճակը: Մեքենաները շատ հաճախ շարքից դուրս են գալիս, տաքսիստներն էլ գյուղ բերելու համար անհավանական բարձր գին են ուզում: Նույնիսկ ոչ բոլորն են համաձայնվում Խավեթ ուղևորվել:

«Հիմնականում խնդիրը ճանապարհն է, որ մարդիկ գնում են, ուր էլ որ գնան աշատելու են, եթե ճանապարհ լինի, մարդիկ չեն գնա: Մի անգամ Ախալքալաք գնալ գալու համար 100 լարի ես ծախսում, մեքենան շարքից դուրս է գալիս, որ ճանապարհ լինի պահեստամասերը այդքան հաճախ չեն փչանա և ամեն ինչ լավ կլինի», – ասում է  Խավեթի  բնակիչ Դավիթ Յորդանյանը:

Եթե օրինակ շրջանի որևէ ոչ շատ մոտ գյուղ հասցնելու համար տաքսու վարորդը 10-20 լարի է պահանջում, ապա Խավեթ հասցնելու համար՝ 50 լարի:

Բնակիչները նաև նշում են՝ հիմա շատ բան է փոխվել, եթե նախկինում ձմռանը 15-20 օր ճանապարհ էր փակվում, հիմա նման խնդիր չունեն, քաղաքապետարանից արագ արձագանքում են և ամենասեղմ ժամկետում բացում գյուղի ճանապարհը:

Զոյա Մկրտչյանը 50 տարի առաջ Սուլդայից Խավեթ հարս է եկել ու մնացել: Գյուղից գնալու մասին խոսք անգամ չի ուզում լսել, բայց երիտասարդներին խորհուրդ է տալիս գնալ աշխարհ տեսնել:

Zoya Mkrtchyan 

Լուսանկարում՝ Խավեթ գյուղի 83-ամյա բնակիչ Վարդանուշ Գրիգորյանն է

«Երբ հարս եկա ճանապարհները փակվում էին, ոտքով Խավեթից հասնում էինք Սուլդա: Մինչև հիմա ճանապարհի խնդիր ունենք, մարդ չի ուզում քաղաք գնա, բժշկի գնաս ճանապարհին կհիվանդանաս: Առաջ ջահել էի, ոտքով կիլոմետրեր էի կտրում, հիմա վատառողջ եմ: 21-րդ դարում ենք ապրում, բայց գյուղում դեռ բալոններով ենք գազ օգտագործում, ամբողջ կյանքս աթար սարքեցի, որ ձմռանը վառենք, այդպես էլ չիմացանք գազն ինչ է», – ասում է 72 տարեկան Զոյա տատիկը:

Կողպված դուռ

Արտագաղթը թվերով. Ընդամենը 5 տարի առաջ՝ 2018 թվականին գյուղում ապրում էր ավելի քան 80 ընտանիք,

իսկ այսօր՝ 55

Խավեթ գյուղի տարածքից ընտված Շրջանային ժողովի մեծամասնական պատգամավորը վստահեցնում է, որ կորոնավարակը դանդաղեցրել է արտագաղթի տեմպը, բայց այն շարունակվում է: Մարդիկ տեղափոխվում են՝ Ախալքալաք, Հայաստան և Ռուսաստան:

«Մինչև կորոնավարակը մոտավորապես մինչև 10-12 ընտանիք Ախալքալաքում տուն գնեց: Կարող եմ ասել, որ կորոնավարակից հետո ահագին դանդաղեց արտագաղթի ընթացքը: Կան, որ քաղաք են գնացել ու գյուղից կտրված չեն, կան, որ Հայաստան կամ Ռուսաստան: Կան, որ գնացել Ռուսաստան հող են գնել, որ տուն կառուցեն, բայց թողել ու նորից հետ են եկել: Տեղական իշխանությունը ձգտում է, որ հեռավոր գյուղերում պայմաններ ստեղծի, որ մարդիկ չգնան, բայց գիտեք բյուջեն քիչ է, ամեն բան հնարավոր չէ միանգամից անել»,- ասում է Հրաչ Մովսիսյանը:Hrach Movsisyan
 Լուսանկարում՝ պատգամավոր Հրաչ Մովսիսյանն է

Խավեթի դատարկման մասին տեղյակ են տեղական իշխանությունները: Վրաց-թուրքական սահմանին գտնվող գյուղի ճանապարհի բարեկարգման ծրագիրը վաղուց էին սկսել մշակել: Անցած տարի գրեթե ճանապարհի վերանորոգումը պետք է կյանքի կոչվեր, նախագիծը կար, գտնվել էր նույիսկ ֆինանսավորողը, սակայն աշխատանքները չսկսվեցին քանի որ «Համաշխարհային բանկը» չեղարկեց ֆինանսավորման ծրագիրը՝ Ուկրաինայում սկսված կռվի պատճառով: Սակայն, այս տարի կսկսվի ճանապարհի վերանորոգումը: Ճիշտ է նախատեսվում է ընդհանուր աշխատանքների  1/5 մասը կատարել, սակայն փաստն այն է, որ այդ աշխատանքները սկսվելու են և սկսվելու են հենց Խավեթ գյուղից:

Ճանապարհի ընդհանուր վերանորոգման համար հարկավոր է 2 մլն 619 հազար 220 լարի: Քանի որ տեղական բյուջեում այդքան միջոցներ չկան, այդ պատճառով էլ այս տարի աշխատանքներ կտարվեն 500 000 լարի սահմաններում, որից 300 000 լարին տեղական բյուջեն է հատկացնում, իսկ 200 000 լարին՝ «Բարձրլեռնային հիմնադրամը»:

«Այդ մարդիկ ամեն ինչից կտրված են: Ավելի խիստ ձմեռ են ունենում: Շրջկենտրոնից հեռու են, շատ ծառայություններից դժվարությամբ են օգտվում: Մենք փորձում ենք թեթևացնել այդ գյուղի խնդիրները: Անցած տարի 12 000 լարի հատկացրեցինք ճանապարհի խճապատմանը: Այս տարի կսկսենք բետոնապատումը: Բայց ոչ ոք չսպասի, որ մի տարում ամբողջ ճանապարհը կվերանորոգվի: Մենք կսկսենք ու հույս ունենք, որ հնարավորություն կլինի շարունակելու», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

«Սուտ կլինի, որ ասեմ վախ չկա»

Հեռախոսակապի օպերատորների հաղորդակները չեն կարողանում պատշաճ կապ ապահովել Խավեթում: Քանի որ գյուղը վրաց-թուրքական սահմանից այդքան էլ հեռու չէ, գյուղի տարբեր հատվածներում պարբերաբար միանում է թուրքական ռոումինգը: Այստեղ Magti-ին թանկ է, իսկ Beeline-ը՝ հաճախ անհասանելի:

«Մարդը սոցիալապես ապահովված պետք է լինի, որ իրեն լավ զգա, մի քիչ մի խնդիրն է, մի քիչ մյուսը, դրանք գումարվելով դառնում են գլոբալ, և մնալը հեռանկարային չի, եթե խնդիրները լուծվեն, կարծում եմ գնացող չի լինի»,- ասում է գյուղի բնակիչներից Նորայր Մկրտչյանը:

Խավեթից երևում են թուրքական բնակավայրերը: Խորհրդային միության ժամանակ սահմանը էլեկտրաֆիկացված է եղել, իսկ գյուղացիները՝ ապահով: Տեղացիները նշում են, գյուղի խնդիրներին գումարվում է նաև այն, որ սահմանից այն կողմ թուրքերն են:

«Սուտ կլինի, որ ասեմ վախ չկա, իհարկե՝ կա, բայց այն վախը չէ, որ դողաս, եթե այդպես լիներ, հիմա այստեղ չէինք լինի: Շատ անգամ եղել է, որ սահմանից եկել են, մենք ենք այստեղ կանգնեցրել, ժամանակ եղավ, որ կովերն էին գողանում: Եթե ասեմ, որ 100 տոկոսով վախ չկա, որ Թուրքիային սահմանակից ենք, սխալ կլինի, բայց ընդհանրապես չվախենալու էլ չի», – ասում է գյուղի բնակիչներից Դավիթ Յորդանյանը:
Խավեթ, խոտի դեզ

Գյուղում գրեթե բոլորը շուն են պահում

Սեփական դաշտեր հասնելու համար Խավեթի բնակիչները ստիպված են հատուկ անցաթերթիկ և անձնագիր ներկայացնել: Եթե գյուղացին չունի նշված փաստաթղթերից որևէ մեկն իր հետ, ապա չի կարող դաշտ հասնել։ Գյուղին պատկանող դաշտեր չեն կարող գնալ նաև այն բնակիչները, որոնք այլ երկրի քաղաքացիներ են։ Իսկ անցաթերթիկը գյուղացիներին տրվում է երեք ամսյա (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր) ժամկետով: Դաշտերում մարդիկ իրավունք ունեն աշխատելու առավոտյան ժամը 09:00-ից մինչև երեկոյան 18:00-ն։

Գյուղում սոված չեն մնում, բայց պահանջարկը ավելին է, քան պարզապես սնունդը

«Գյուղում հաստատ սոված չենք մնում, ինչպես կարող է գյուղացին սոված մնալ: Հող ենք մշակում, անասուն ենք պահում, ինչպես բոլոր գյուղացիները: Բայց այստեղ կով պահելուց ու հող մշակելուց բացի ուրիշ բան չկա», – ասում է Նորայր Մկրտչյանը:

Խավեթում գյուղացիները հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում: Կարտոֆիլի դիմաց չնչին եկամուտ են ստանում, ինչպես իրենք են ասում՝ վերջում միայն չոր տանջանքն է մնում:

Դավիթի երեք երեխաներն էլ բարձրագույն կրթություն են ստացել: Երկու աղջիկներից մեկն արդեն ամուսնացել է, իսկ մյուսը դեռ ուսանող է Թբիլիսիում, մանսագիտությամբ՝ բժիշկ: Որդին արդեն ավարտել է համալսարանը, երկու դիպլոմ ունի, բայց գյուղում անգործ է մնացել: Մտածում է քաղաք տեղափոխվելու մասին:
Davit Yordanyan
             Լուսանկարում՝ Խավեթի բնակիչ Դավիթ Յորդանյանն է

«Տղաս 7 տարի սովորել է, բիզնես ադմինիստրատորի և հաշվապահի դիպլոմ ունի, բայց գործ չունի: Թբիլիսիում է ավարտել, լավ վրացերեն գիտի, գյուղում չի կարող մնալ, ստիպված պետք է քաղաք տուն գնենք, որ քաղաքում գործի ընդունվի»,- ասում է Դավիթը:

Միաժամանակ հավելելով, որ իրենց գյուղի երիտասարդության 80 տոկոսը բարձրագույն կրթություն ունի: Չնայած երիտասարդության մեծամասնությունը սովորում են Բուհ-երում, սակայն նրանց թվում մանկավարժականում սովորողներ չկան, իսկ գյուղի դպրոցի մասնագետների պակասը հետզհետե ավելի սուր է զգացվում:

«Գյուղի դպրոցում տարբեր մասնագետների պակաս ունենք: Ես միշտ երիտասարդներին հուշում եմ, որ այնպիսի մասնագիտություն ընտրեն, որ հետո կարողանան դպրոցում աշխատեն, որ մասնագետի պակաս չունենաք: Բայց հիմա երիտասարդությունն այնպիսի մասնագիտություն է ընտրում, որ նույնիսկ շրջանում դժվար է այդ մասնագիտությամբ աշխատանք գտնել», – ասում է Խավեթ գյուղի տարածքից ընտված Շրջանային ժողովի մեծամասնական պատգամավոր Հրաչ Մովսիսյանը:

Xavet

Խավեթի դպրոց են հաճախում նաև հարևան՝ Էրինջա և Դավնիա գյուղի դպրոցահասակ երեխաները

Պետությունը տրանսպորտ է հատկացրել, որով ամեն օր երեխաներին տեղափոխում են Խավեթի դպրոց:

«Մանկապարտեզի հասակի մոտ 20 երեխա ունենք, ուզում եմ, որ նախադպրոցական կրթություն ստանան: Դիմել եմ, որ կամ տրանսպորտ հատկացնեն, որ երեխաներին տեղափոխեն Սուլդայի նախակրթարան, կամ մի փոքրիկ շինություն Խավեթում կառուցեն: Ամեն ինչ ճանապարհի հետ է կապված, եթե այդ հարցը լուծվեց, ավելի հեշտ կլինի» – ասում է պատգամավոր Հրաչ Մովսիսյանը:

Atar

Տները ջեռուցվում են փայտով ու աթարով

Xavet

Մարդկանց տների դիմաց դարսված վառելափայտը հուշում է` գյուղը գազիֆիկացված չէ

Անցած տարի «Գյուղին օգնություն» ծրագրով երիտասարդների համար սպորտային ինվենտար են գնել, իսկ այս տարի՝ 2023 թվականին մարզասրահ են կառուցելու: Անցած տարի ձեռքբերված սպորտային ինվենտարը մինչև հիմա չի օգտագործվում, այն ժամանակավորապես տեղավորել են գյուղապետարանի հին շենքում, որը վթարային է:

«Այս տարի կսկսենք շենքի կառուցումը, ճիշտ է 12 000 լարին քիչ է, բայց ինչքան հերիքի այդքան էլ կկառուցենք: Տեսնենք ինչ կլինի, տեղական իշխանությունը ձգտում է, որ ոչ մի կիսատ գործ չմնա, հուսով եմ շրջանի բյուջեից միջոցներ կտրամադրվեն այն ավարտին հասցնելու համար»:

Գագիկ Սիմոնյանը երկու տարի առաջ է ամուսնացել, որդին մի տարեկան է: Ասում է. «Ես ձգտում եմ և ամեն ինչ անելու եմ, որ տղաս գյուղում մնա, ամենալավ տեղը մեր գյուղն է»:
Gagik Simonyan
                                       Լուսանկարում Խավեթի բնակիչ Գագիկ Սիմոնյանն է

Xavet
                                                        Խավեթի ծխացող արշալույսները

Սակայն Խավեթում կողպված տներն ավելի շատ են, քան ծխնելույզներից դուրս եկող ծխերը, այն, թե լավագույն դեպքում քսան տարի հետո այս տեղանքում Խավեթ անունով գյուղ կլինի, հարցականի տակ է: