Այսօր՝ փետրվարի 18-ին, կեսօրից հետո, Աղմաշենեբելի փողոցում վթար է տեղի ունեցել: «Օջախ» խանութի մոտ բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշի երկու թեթև մարդատար ավտոմեքենաներ: Վթարի ենթարկված մեքենաներից մեկի ուղեւորուհին տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նա լուրջ վնասվածքներ չի ստացել։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։
Բախումից անմիջապես հետո, վթարի վայրով անցնելիս է եղել շտապօգնության մեքենան։ Շտապօգնության աշխատակիցները զննել են վթարի ենթարկված մեքենաների ուղեւորներին եւ վարորդներին։ Ուղևորներից մեկին՝ Ա.Ա.-ին, Ղադոլար գյուղից, շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, քանի որ վերջինս գանգատվել է կրծքավանդակի շրջանում ցավից։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժիշկների խոսքերով, որտեղ նրան տեղափոխել են, կնոջ մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել։
«Կողերի շրջանում ցավեր ունի, ճնշումն ու պուլսը նորմալ են, փորը ևս։ Նա կմնա բժիշկների հսկողության տակ 2-3 ժամ, և եթե հետագայում ոչինչ չհայտնաբերվի, նրան թույլ կտան տուն գնալ»,- ասացին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցից։
Բախման ժամանակ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան երթեւեկելիս է եղել Աղմաշենեբելի փողոցով, իսկ «Opel»-ը Աղամալյան փողոցից թեքվել է դեպի Աղմաշենեբելի փողոց:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննությունը վարում է քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման խախտում, որը մարդու առողջությանը թեթև վնսավածք է պատճառել։