Վարձով բնակարան ձեռքբերելը, այն էլ՝ խելամիտ գներով, ուսանողների համար խնդիր է մինչև օրս: Չնայած այն բանին, որ մարդկանց արտահոսքը դեպի Հայաստան, Վրաստան համեմատաբար նվազել է, բայց դա նշանակալի ազդեցություն չի ունեցել վարձով տրվող բնակարանների գների վրա: Խնդրի շուրջ JNEWS-ը զրուցել է Թբիլիսիում և Երևանում սովորող ուսանողների հետ:
Ընդգծենք, որ Թբիլիսիում և Երևանում բնակարանների վարձակալման գները կտրուկ սկսեցին բարձրանալ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված: Մարդկանց զանգվածային հոսքի պատճառով վարձով տրվող բնակարանների պահանջարկը կտրուկ բարձրացավ, ստ այդմ էլ՝ գինը:
Չնայած այն փաստին, որ հիմա ներհոսքի պիկն անցել է, պահանջարկը՝ նվազել, միևնույն է վարձով տրվող բնակարանների գները շարունակում են բարձր մնալ, որը խնդիր է հատկապես վարձով ապրող ուսանողների համար:
JNEWS-ը վերլուծելով Հայաստանում և Վրաստանում անշարժ գույքի գնման և վարձակալության կայքերը (area.ge, binebi.ge, livo.ge, ss.ge, myhome.ge, senyak.am, myrealty.am, besthouse.am, bnakaran.com) նկատեց, որ Թբիլիսիում մեկ սենյականոց բնակարանների գները տատանվում են 700-900 լարիի սահմաններում՝ կախված տեղից և պայմաններից, իսկ Երևանում 110 000-200 000 դրամի (750-1350 լարի) սահմաններում, որը բավականին բարձր գին է վարձով ապրող ուսանողների համար:
Կրիստինա Խոցանյանը Թբիլիսիի պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի է, նա պատմում է.
«Տուն էինք վարձակալել 550 լարիով, բայց վերջերս տանտերը զանգահարեց ու ասաց, որ ազատենք բնակարանը, քանի որ իր բարեկամներն են գալու:
Ուսումնասիրել ենք գրեթե բոլոր կայքերը, համացանցում տեղադրված հայտարարությունները, ընկերների ու ծանոթների առաջարկները, բայց գները շատ բարձր էին: Չնայած, որ բնակարանի մասին հայտարարությունը երկար ժամանակ մնում է կայքում և պարզ է, որ վարձակալող չի եղել, միևնույն է՝ չեն համաձայնվում ավելի մատչելի գնով վարձով տալ»:
Մեր զրուցակիցն ասում է՝ եթե մի քանի ամիս առաջ որևէ հայտարարություն էր տեղադրվում, ապա կարճ ժամանակում այն հանվում էր կայքից, ինչը խոսում էր այն մասին, որ պահանջարկը մեծ էր, իսկ հիմա այդպես չէ:
Կրիստինան պատմում է, որ երբ տեղափոխվել է այլ բնակարան մի օր պատահմամբ տեսել է հայտարարություն այն տան մասին, որն ինքն էր վարձակալել և զարմացել է, քանի որ վարձավճարը 1200 դոլլար է նշված եղել: Հասկացել է, որ ոչ թե բարեկամ էր գալու, այլ եռակի կամ քառակի ավելի գնով էին պատրաստվում բնակարանը վարձով տալ:
«Երբ տեսա հայտարարությունը, այդ օրվանից հաճախ ստուգում եմ արդյոք վարձակալվե՞լ է այդ տունը: Նկատեցի, որ սկզբում հայտարարությունը տեղադրված էր 1 200 դոլլարով, հետո՝ 1000, 800, 750, իսկ այսօր արդեն 700 դոլլար էր գրված: Կարծում եմ դեռ ստիպված կլինեն էլի իջեցնել գինը», – ասում է Կրիստինա Խոցանյանը:
Գրիշա Ալմասյանը Երևանում է սովորում: Նա պատմում է, որ տունը որտեղ ինքն է մնում վարձակալել են 100 000 դրամով, բայց քանի որ նախքան զբոսաշրջիկների ու փախստականների ներհոսքն էին տունը վարձել, տանտերը համաձայնվել էր գինը չավելացնել, դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ երկար ժամանակով է տունը վարձակալվել:
«Իմ ընկերներից շատերն են ունեցել տան վարձակալության հետ կապված խնդիրներ: Նախ վարձով տուն գտնելն է դժվար, շատ դեպքերում էլ արդեն վարձակալված տներից փորձում էին հանել ուսանողներին կամ կտրուկ բարձրացնում էին գինը, որ ինքնակամ գնան տնից: Իմ ճանաչած ուսանողների մեծ մասը ոչ լավ պայմաններ ունեցող մեկ սենյականոց բնակարանի համար վճարում են մոտավոր 150 000-200 000 դրամ, ինչը բավականին բարձր վարձավճար է ուսանողների համար»,- ասում է Գրիշա Ալմասյանը:
Եթե որոշ ժամանակ առաջ բնակարանների դեֆիցիտ էր՝ թե Թբիլիսիում, թե Երևանում, այժմ օրվա մեջ մի քանի նոր հայտարարություններ են հայտնվում կայքերում, որոնք բավականին երկար ժամանակ մնում են: Բայց միևնույնն է՝ վարձավճարները շարունակում են բարձր մնալ: