Վրաստանի կառավարությունը 1 մլն լարի է տրամադրել Թուրքիայի երկրաշարժից տուժած բնակչության համար։

Վրաստանի վարչապետի հրամանագրով հատկացված գումարը կուղղվի Թուրքիայում տարերային աղետից տուժած քաղաքացիների համար դեղերի, սննդի, հագուստի, բժշկական սարքավորումների և այլ անհրաժեշտության ապրանքների ձեռքբերմանը։

Այսօրվա դրությամբ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 18 342 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 75 000-ը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է հինգ հազարը։ Սիրիայում զոհերի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1 250-ի, վիրավորներինը՝ 2 054-ի։

Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։