ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը 2013-2018 թթ. ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել է ՀՀ և հարակից տարածքներում սեյսմիկ ակտիվության, սեյսմիկության անոմալ դրսևորումների մասին, որոնք հրատարակվել են ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետվություններում, ինչպես նաև ներկայացվել են տարբեր միջազգային համաժողովներին, այդ թվում (European Geosciences Union, 2023):
Ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, նաեւ մեր տարածաշրջանում երկրաշարժերի վերջին ակտիվացումները հաստատում են իրենց հետազոտության արդյունքները:
«Մեր ինստիտուտում գործում է երկրաշարժերի Կանխագուշակման լաբորատորիա, որտեղ հիմնական գիտական ուղղություններից մեկը սեյսմիկության տարածաժամանակային ուսումնասիրություներն են, այսինքն՝ թե տարածության ու ժամանակի մեջ ինչպես է դրսեւորվում սեյսմիկ իրավիճակը: Դրա հիման վրա 2013-2018 թվականների ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել ենք, որ Հայաստանում եւ հարակից տարածքներում, Տավրո-Կովկասյան տարածքում նկատվում է սեյսմիկ ակտիվություն, սեյսմիկության անոմալ դրսեւորումներ, որոնք մենք ներկայացրեցինք 2019թ. ԳԱԱ տարեկան հաշվետվություններում»
Ինչպես բացատրում է գիտնականը՝ Տավրո-կովկասյան տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության անոմալ դրսեւորումներն արտահայտվել են ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլեւ Իրանի տարածքում, Հայաստանի հյուսիսում, Ջավախքի տարածքում, արտահայտվել է Շորժայի մասում, նաեւ Ադրբեջանի տարածքում: Պրոցեսը դեռ շարունակվում է: Փաստորեն տեղի է ունենում երկրաշարժերի փոխկապակցվածություն և երկրաշարժերի լարվածադեֆորմացիոն վիճակի տեղաբաշխում: Գիտնականները սա նկատել են 2021-ից:
Ջոն Կարապետյանը հավելել է, որ եթե դիտենք իրենց 2021-2022 թվականների թույլ երկրաշարժերից բարձր երկրաշարժերի տարածաժամանակային ուսումնասիրությունները, կտեսնենք այս տարածաշրջանում երկրաշարժերի համախմբվածություն:
«Այդ համախմբվածությունը հստակ երեւում է, երեւում է նաեւ Իրանի տարածքում: Եթե համեմատեք Թուրքիայում հետցնցումային պրոցեսի զարգացման ընթացքը, կտեսնեք, որ նույն ուղղությամբ է գնում ձգվածությունը: Հետցնցումային ընթացքը դեռ գնում է, որը կարող է տարիներ տեւել:
Թուրքիայի վերջին երկրաշարժի ժամանակ գրունտների արագացումների առավելագույն արժեքը կազմել է 2000 սմ/վայրկյան քառակուսի: Դա գրեթե 4 անգամ գերազանցում է հիմիկվա գործող երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերում բերված սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզներում գոտիավորված արժեքները»:
Համեմատելով Սպիտակի երկրաշարժի հետ, Ջոն Կարապետյանը նկատել է, որ թեեւ մագնիտուդների տարբերությունը մեկ է, սակայն իր էներգիայով վերջին երկրաշարժը մի քանի անգամ մեծ է եղել Սպիտակի երկրաշարժից:
«Այստեղ մենք շատ կարեւոր խնդիրներ ունենք սեյսմակայուն շինարարության առումով: Մենք սցենարներ պետք է ունենանք, օրինակ 5 մագնիտուդի դեպքում ինչ պատկեր կունենանք, 6-ի դեպքում, 7-ի դեպքում ինչ պատկեր կունենանք: Այդ սցենարների մեջ տվյալների մեծ բազա պետք է լինի, օրինակ, բնակֆոնդի վերաբերյալ: Այն շենքերը, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին, այն շենքերը, որոնք ամրացվել են, այն շենքերը, որոնք նոր են կառուցվել: Պետք է անձնագրավորել այն շենքերը, որոնք խոցելի են»:
Հարցին, թե իրենք կարողանո՞ւմ են կանխատեսել կոնկրետ երկրաշարժի ժամանակը, նա պատասխանել է. «Մենք կանխատեսումը արել ենք 2021-2025 թվականների տիրույթում: Կանխատեսումները լինում են երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ օպերատիվ կանխատեսում: Մեր դեպքում կանխատեսումները միջնաժամկետ են, կանխատեսվել է ոչ միայն ժամանակը, այլեւ էներգետիկ բնութագրերն են հաշվարկվել, որոնք այսօր հաստատվում են երկրաշարժերի տեսքով»:
Նրա խոսքով, Գյուլագարակում տեղադրված է միջազգային չափորոշիչներին համապատասխան դիտարան, որի օգնությամբ ստանում են իրական ժամանակում մագնիսական դաշտի փոփոխությունը. «Ես, օրինակ, ասում եմ, որ իմ չափումներով երկրաշարժ է սպասվում 4 մագնիտուդից բարձր: Դուք հարցնում եք՝ որ ժամին: Այդ հարցը կարիք ունի ուսումնասիրության: Երկրաշարժի տեղ, ժամ, էներգիա որոշելու հարցը լուծված չէ»:
Ջոն Կարապետյանը նաեւ նշել է, որ Թուրքիայի այս երկրաշարժի հետցնցումային ձգվածությունը օվալաձեւ է, որը լրիվ համընկնում է իրենց ներկայացված քարտեզի հետ. «Այս երկրաշարժի արագացման նման արագացում գրանցվել է 2011-ին Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ, սակայն Ճապոնիայի երկրաշարժի մագնիտուդը ավելի մեծ էր: Բացի այդ, սեյսմատեկտոնական պայմաններով դրանք տարբերվում են:
«Եթե նայում ենք Տավրո-Կովկասն ամբողջությամբ, տեկտոնիկայի, երկրաշարժերի փոխկապակցվածությունից ելնելով մենք պետք է զգոն ու պատրաստված լինենք: Մենք պետք է ունենանք սցենարները, թե որ զարգացման դեպքում ինչ գործիքակազմ ենք օգտագործելու:
Տեսեք, Սպիտակի երկրաշարժի ժամանակ բնակֆոնդի քանի տոկոսը կորցրեցինք, եւ այդ երկրաշարժի ժամանակ փլված շենքերի նման շենքեր ինչքան կա Երեւանում: Այսինքն նույնիսկ ցածր մագնիտուդի դեպքում մենք կարող ենք ունենալ շատ լուրջ հետեւանքներ: Դրա համար պատկան մարմինները իրենց ձեռքի տակ պետք է ունենան սցենարներ, թե որ դեպքում ինչ պետք է անել: Մինչեւ հիմա հետազոտություններ են իրականացվում, թե ինչու Սպիտակի երկրաշարժի ժամանակ շենքերն այդպես ոչ բնութագրական ձեւով փլվեցին: Այստեղ կարեւոր է շինարարության որակը»,- ընդգծել է նա:
Մասնագետը հավելեցլ է, որ այս բոլոր տվյալները պետք էր հաշվի առնել նոր շենքերի կառուցման ժամանակ. «Եթե շենքերը նախագծելիս հաշվի առնեինք այդ բոլոր ուսումնասիրությունների արդյունքները, ապա մարդը երկրաշարժի ժամանակ ոչ թե պետք է շենքից փախչի, այլ մնա ապահով շենքում: Դա մենք տեսնում ենք Չինաստանում, Ճապոնիայում, այնտեղ շենքից չեն փախչում, շենքում իրենց ավելի վստահ են զգում: Մեր շենքերում որեւէ տեղ նշված չեն անվտանգ գոտիները, մինչդեռ դա պետք է փակցված լինի բոլոր շենքերում, հիմնարկներում»: