Սուլդա գյուղից Կարինեն դեռ դպրոցական է, 12-րդ դասարանի աշակերտուհի, զուգահեռ մի շարք ծրագրերի է մասնակցում, կամավորությամբ տարբեր աշխատանքներ իրականացնում: Նա որոշել է՝ դպրոցն ավարտելուց հետո կրթությունը կշարունակի IT-ի ոլորտում և երբ դառնա լավ մասնագետ հետ կգա, որպեսզի Ջավախքը զարգացնի:
Կարինե Օգանեսյաը «Տեր եմ» հիմնադրամի համահիմնադիներից է: Հիմնադրամում զբաղվում է հաղորդակցության բաժնով և քոնթենթի պատասխանատուն է: Աշխատում է նաև Digica կազմակերպությունում, ՄԵՄ-ում և ՋԱՀ-ում ընդգրկված է նաև կամավորական աշխատանքների մեջ, բացի այդ Awesome Foundation Javakhk-ում հոգաբարձու է։ Կարինեն հասցնում է նաև զբաղվել SEO, SMM, Content writing-ով, հաճախում է Ախալքալաքի «ԹՈՒՄՈ» կենտրոն և ինքնուրույն վեբ ծրագրավորում and Data analystics է սովորում:
Մեր հերոսուհին հիմնականում հայկական նախագծերի է մասնակցում, պատճառը վրացերենի ոչ բավարար իմացությունն է:
«Հետաքրքրություններս շատ տարբեր են, հիմնականում հայկական նախագծերում եմ կամավոր։ Վրաց լեզվի իմացության մի քիչ խնդիր ունեմ, շատ եմ ցանկանում Վրաստանի կազմակերպություններում ևս ակտիվ լինել։ Հենց պատճառներից մեկն էլ դա է, որ հիմա Ժվանիայում վրացերեն եմ սովորում»:
Դպրոցն ավարտելուց հետո կրթությունը կշարունակի IT-ի ոլորտում: Նպատակն է բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնալ Ջավախք և տեղում զարգացնել IT-ի ոլորտը:
Վստահ է՝ եթե բոլորն իր նման մտածեն և գործուն քայլեր անեն Ջավախքը զարգացնելու համար, ապա վաղը կունենանք այլ Ջավախք՝ խելացի, կրթված ու աշախատասեր երիտասարդներով:
«Ինձ համար Ջավախքը շատ կարևոր է որպես հայրենիք։ Այն ուսանողները, ովքեր չեն ուզում հետ գալ, հասկանալի է, որ դա իրենց ընտրությունն է, բայց մենք պետք է ամեն ինչ անենք իրենց ընտրության վրա ազդելու համար, ստիպելով ոչ ոքի չենք կարող հետ բերել, բայց զարգանալով ու զարգացնելով կարող ենք: Ես և իմ ընկերները միմյանց խոսք ենք տվել, որ մեր ստացած գիտելիքները համատեղելով պետք է ամեն ինչ անենք Ջավախքը զարգացնելու համար, որ մարդիկ մտածեն միայն հետ գալու մասին, իրենց ոտքով հետ գան»:
Կարինեն կարծում է, որ սխալ կարծրատիպ կա տարածված Ջավախքում ապրող երիտասարդների մեջ, որ առաջ գնալու և հետագայում այստեղ աշխատելու համար պետք է հենց Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալ:
«Ինձ համար զուտ կարծրատիպ է, որ ՀՀ-ում սովորողները չեն կարող Ջավախքում աշխատանք գտնել։ Կարևորը ցանկությունն ու գիտելիքն է, կարևոր չէ դիպլոմը ինչ գույն ունի կամ որտեղից է»։
Մեր հերսուհին խոսելով սիրած զբաղմունքների մասին ասում է՝ սիրում է գրքեր կարդալ, լսել պոդքաստներ ու խորհուրդ է տալիս նաև իր ամենասիրելիներից rearrange with Narek Amirkhanyan, TEDx Talks, նաև արշավների է մասնակցում:
Իր տարիքակիցներին Կարինեն հորդորում է առաջ շարժվել սրտի թելադրմամբ, չմտածել, որ եթե Երևան գնամ սովորելու չեմ կարողանա Ջավախքում գործ ունենալ կամ ինչ-որ բան ստեղծել։
«Հետ եկեք Ջավախք։ Ջավախքը զարգացման շատ մեծ պոտենցիալ ունի բոլոր ոլորտներով։ Ու միշտ ինքնակրթվեք», – եզրափակում է Կարինե Օգանեսյանը: