Երեկ հրապարակվել են Ամերիկայի Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) և «CRRC-Վրաստանի» կողմից անցկացված հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս Վրաստանի բնակչության վերաբերմունքը տարբեր հարցերի նկատմամբ։
Վերաբերմունքը քաղաքական կուսակցությունների նկատմամբ
Ըստ NDI-ի նոր հետազոտության՝ նախորդ հարցման համեմատ ավելի շատ մարդիկ են համարում, որ Վրաստանում ոչ մի կուսակցություն չի ներկայացնում ժողովրդի շահերը։
Հարցին, թե կարծո՞ւմ եք, որ Վրաստանում կա գոնե մեկ կուսակցություն, որն արտահայտում է ձեր շահերը, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. այո՝ 31%, ոչ՝ 61%, չգիտեմ՝ 6%, հրաժարվել է պատասխանել՝ 3%-ը։ 2022 թվականի օգոստոսի ուսումնասիրության մեջ նույն հարցի պատասխանները հետևյալն էին. այո՝ 39%, ոչ՝ 56%, չգիտեմ՝ 4%, հրաժարվել է պատասխանել՝ 2%-ը։
Հարցման համաձայն՝ քաղաքացիների մեծամասնությունը դեռևս քաղաքականապես կողմնորոշված չէ։
Հարցին՝ Վրաստանում շատ քաղաքական կուսակցություններ կան, ո՞ր կուսակցությունն է առավել մոտ ձեր հայացքներին. 39%-ն ասում է, որ նման կուսակցություն չկա, 25%-ը պատասխանում է, որ դա «Վրացական երազանքն» է, հրաժարվել է պատասխանել՝ 10%-ը, չգիտեմ՝ 7%, «Միասնական ազգային շարժում»՝ 6%, այլ կուսակցություններ՝ 13%։
Վերաբերմունքը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ
Հարցման արդյունքների համաձայն՝ 81%-ը կողմ է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը, ինչը 2022 թվականի օգոստոսի հետազոտության համեմատ աճ է գրանցում։
Հարցման արդյունքների հիման վրա՝ NDI-ն ասում է, որ կարծիքները կիսվում են այն հարցում, թե արդյո՞ք Վրաստանը ԵՄ-ից հեռվացել է, թե մոտեցել է կազմակերպությանը: Հարցին, թե ստորև բերված կարծիքներից որի՞ հետ եք Դուք համաձայն՝ պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանը մոտեցել է Եվրամիությանը` 30%, Վրաստանի հարաբերությունները Եվրամիության հետ չեն փոխվել՝ 29%, Վրաստանն ավելի է հեռվացել ԵՄ-ից՝ 25%, չգիտեմ պատասխանը՝ 15%:
Մինչդեռ նախորդ տարվա օգոստոսին նույն հարցի վերաբերյալ հարցվածների վերաբերմունքն այսպիսին էր. վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանը մոտեցել է Եվրամիությանը` 28%, Վրաստանի հարաբերությունները Եվրամիության հետ չեն փոխվել՝ 27%, Վրաստանն ավելի է հեռվացել Եվրամիությունից՝ 30%, չգիտեմ՝ 15%:
NDI-ի ուսումնասիրության համաձայն՝ հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Վրաստանի կառավարությունը բավականաչափ կամ ոչինչ չի անում Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար։
Նման միտում է նկատվում նաև ՆԱՏՕ-ի մասով. բնակչության մեծամասնությունը (73%) դեռևս կողմ է Վրաստանի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։
Վերաբերմունքը Ուկրաինայի պատերազմի նկատմամբ
Վրացիների մեծամասնությունը Ռուսաստանին է մեղադրում Ուկրաինայում պատերազմի մեջ, իսկ հարցվածների քառորդ մասը դա համարում է նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական պատասխանատվությունը:
Հարցվածների 54%-ը կարծում է, որ Ռուսաստանն է մեղավոր Ուկրաինայի պատերազմի համար, 25%-ը կարծում է, որ մեղավոր է անձամբ Վլադիմիր Պուտինը։
Եվս 15%-ը նշել է, որ մեղավորը ԱՄՆ-ն է, իսկ 8%-ը՝ Ուկրաինան։
Հարցվածների 80%-ը բացասական է վերաբերվում Ռուսաստանի կառավարությանը, 13%-ը՝ դրական։ Ընդ որում, 56%-ը դրական է տրամադրված հենց ռուսների նկատմամբ, 38%-ը՝ բացասական։
Հարցվածների 69%-ը վախենում է Վրաստան ռուսների զանգվածային միգրացիայի բացասական ազդեցությունից։ Եվս 17%-ը կարծում է, որ դա դրական ազդեցություն կունենա, 6%-ը նշել է, որ ազդեցություն չի ունենա:
Ընդ որում, 57%-ը անընդունելի է համարում Վրաստանի իշխանությունների լոյալ մոտեցումը ՌԴ քաղաքացիների մուտքի նկատմամբ, 29%-ը՝ ընդունելի, իսկ 13%-ը՝ «չգիտի»։
Միևնույն ժամանակ, 69%-ը կարծում է, որ Վրաստանը պետք է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ կիրարկի Ռուսաստանի քաղաքացիների համար։ 21%-ը դեմ է ռուսների համար վիզային ռեժիմի կիրարկմանը:
Ի՞նչն է անհանգստացնում Վրաստանի բնակչությանը
«Գոյություն ունեցող տնտեսական մարտահրավերների ֆոնին Վրաստանի բնակչությանը ամենաշատն անհանգստացնում է գների բարձրացումը/գնաճը, գործազրկությունը, աղքատությունը և ցածր աշխատավարձերը՝ այլ մարտահրավերները նույնիսկ մոտ չեն կանգնած խնդիրների այս ցանկին:
Յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի կարծում է, որ Վրաստանի տնտեսությունը գտնվում է վատթար վիճակում, թեև մեծամասնությունը (51%) կասկածում է, որ Վրաստանի կառավարությունը կարող է լուծել տնտեսական խնդիրները։ Յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին մտածում է առաջիկա 12 ամիսներին արտագնա աշխատանքի գնալու մասին»,- ասվում է NDI-ի ուսումնասիրության մեջ։
Ըստ հետազոտության՝ հեռանալ ցանկացողների թիվը հատկապես մեծ է մինչև 50 տարեկան տարիքային խմբում, նրանցից գրեթե յուրաքանչյուր երրորդը դիտարկում է արտագաղթի հնարավորությունը։
Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, չնայած կառավարության գործունեության դրական գնահատականի 10 տոկոս աճին (41-ից մինչև 51 տոկոս), էլ ավելի է մեծացել բնակչության դժգոհությունը իշխող և ընդդիմադիր կուսակցություններից։
Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս զեկույցը հիմնված է Վրաստանի չափահաս բնակչության դեմ առ դեմ հարցման արդյունքների վրա, որն անցկացվել է ամբողջ երկրում դեկտեմբերի 3-ից 20-ը (բացի օկուպացված տարածքներից)։ Օգոստոսին անցկացված հարցումը ներառում է ընդհանուր առմամբ 2519 ավարտված հարցազրույց: Ուսումնասիրության միջին սխալմունքի շեմը +/- 1,6% է: