Գյուղատնտեսության զարգացման աջակցության ինչ ծրագրեր են ներկայումս գործում, ինչպես դիմել այդ օգնությունից օգտվելու համար, ինչքան ծրագրեր են իրականացվել Վրաստանում երկար տարիների ընթացքում։ Մանրամասները կարդացեք ստորև։

Գյուղատնտեսության նախարարությունը սկսում է «Գյուղատնտեսական բերքահավաք տեխնիկայի ֆինանսավորման ծրագիրը»: Տվյալ ծրագրի հայտերի ընդունումը կսկսվի փետրվարի 1-ից: Կարող են մասնակցել ֆիզիկական անձինք, իրավաբանական կազմակերպությունները և կոոպերատիվները։

Համաձայն ծրագրի, կոմբայն գնելու դեպքում պետությունը կվճարի արժեքի 40%-ը,բայց ոչ ավելի, քան 200 000 լարի, ագրեգատների դեպքում նույնպես ֆինանսավորվում է 40%-ը, բայց ոչ ավելի, քան 150 000 լարի։ Ծրագիրը ներառում է նաև թեյի հավաքման տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորման հնարավորությունը, այս դեպքում պետական ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 50%, բայց ոչ ավելի, քան 500 լարի։

Պետությունից մասնակի ֆինանսավորում ստանալու համար պետք է պահպանվեն որոշ պայմաններ.

• Տեխնիկան պետք է լինի նոր, առավելագույնը 2 տարվա կամ ունենա 6 ամիս երաշխիքային ժամկետ, սկսած հայտատուի գրանցման օրվանից։

• Տեխնիկայի ձեռքբերումից հետո այն չպետք է դուրս բերվի Վրաստանից 5 տարի և չի կարելի այն վաճառել:

• Հայտատուն պետք է գրանցված լինի Վրաստանի ֆերմերների տվյալների բազայում։ Եթե որևէ մեկը գրանցված չէ այս տվյալների բազայում, ապա պետք է զանգահարի թեժ գիծ՝ 1501 և գրանցվի:

• Ծրագրին կարող է մասնակցել Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի, անհատ, իրավաբանական կազմակերպություն, գյուղատնտեսական կոոպերատիվ։ Հայտատուն չպետք է պարտքեր ունենա հարկայինում:

• Չեն կարող մասնակցել այն իրավաբանական կազմակերպությունները, որոնք համագործակցում են գյուղատնտեսական տեխնիկա վաճառող դիլեր կազմակերպությունների հետ, և նրանք, ովքեր մասնաբաժին ունեն պետական ծրագրերում։

Հայտադիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել rda.gov.ge կայքում կամ խորհրդատվության համար դիմել գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի գրասենյակ, որը գտնվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում:

Ծրագրի ընդհանուր ֆոնդը 7 մլն լարի է, որից 3 մլն 600 լարին նախատեսված է կոմբայն ձեռք բերելու համար, մնացածը կուղղվի բերքահավաք այլ տեխնիկայի (ագրեգատների) ձեռքբերմանը։ Ծրագիրը կմեկնարկի փետրվարի 1-ից, հայտերի ընդունումը կփակվի այն ժամանակ, երբ ծախսվի ծրագրի համար նախատեսված գումարը։

Այս ծրագիրը գործել է նաև անցյալ տարի, սակայն պարտադիր պայմաններում կար այն հանգամանքը, որ հայտատուի հողատարածքը պետք է գրանցված լիներ, ինչն այս տարի, ծրագրի համաձայն, պարտադիր պայման չէ։

Վերը նշված ծրագիրն Ախալքալաքի մունիցիպալիտետում այս պահին գյուղատնտեսության ոլորտում միակ նոր պետական ծրագիրն է։

Անցյալ տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում էին գյուղատնտեսական և անասնաբուծական շուրջ 6 պետական ծրագրեր, դրանցից որոշները այս տարի շարունակվում են։