Հունվարի 25-ին, Jnews-ի գրասենյակում Ախալքալաքի մունիցիպալիտետի երիտասարդների համար նախատեսված դասընթաց անցկացվեց՝ ավելորդ տեղեկատվության հոսքից կարևոր և անհրաժեշտ տեղեկատվության տարբերակման, նաև ապատեղեկատվության բացահայտման ու տարածման կանխարգելման թեմայով։
Դասընթացին մասնակցում էին տարբեր տարիքի 20 երիտասարդներ, հիմնականում դպրոցականներ՝ գյուղերից և Ախալքալաքից: Նրանց համար դասընթացը վարում էր «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության տնօրեն և Ջավախքի լրատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանը։ Դասընթացի ընթացքում երեխաները սովորեցին խաղերի միջոցով տեղեկատվական հոսքից առանձնացնել կարևորը և տարբերակել հավաստի տեղեկատվությունն ապատեղեկատվությունից, ինչպես նաև տարբերել տեղեկատվությունը կարծիքից և մեկնաբանությունից՝ գործնական առաջադրանքների օգնությամբ: Նաև երիտասարդները ծանոթացան լրագրողի աշխատանքին և տեղեկացան տեղեկատվության ճշմարտացիության, քաղաքացիական լրագրության կարևորության և տեղեկատվության տարածման գործում իրենց դերի մասին։
«Պայքար ապատեղեկատվության դեմ երիտասարդության շրջանում մեդիագրագիտության բարձրացման միջոցով» ծրագիրը ներառում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ակտիվ երիտասարդների հավաք, նրանց համար մեդիագրագիտության և ապատեղեկատվության վերաբերյալ հանդիպումներ տեղի և հրավիրյալ դասընթացավարների մասնակցությամբ, որպեսզի երիտասարդները ստանան համապատասխան տեղեկատվություն և գործնական ուսուցում այդ հարցերի շուրջ, ապա ստացված տեղեկատվությունը փոխանցեն իրենց համագյուղացիներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով ապատեղեկատվության դեմ տեղեկատվական արշավ իրականացնեն։
/div>
Ծրագիրը, որի շրջանակներում կայացել է դասընթացը, իրականացվում է Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի (CIPDD) նախաձեռնությամբ՝ Նիդեռլանդների (Հոլանդիա) դեսպանատան ֆինանսավորմամբ։ Ծրագիրը 3 ամիս կտևի՝ փետրվարը ներառյալ։ Ծրագրի շրջանակներում կանցկացվի 5 թրեյնինգ՝ ինչպես տեղացի, այնպես էլ Թբիլիսիից հրավիրված փորձագետների կողմից։ «Պայքար ապատեղեկատվության դեմ երիտասարդության շրջանում մեդիագրագիտության բարձրացման միջոցով» ծրագիրն Ախալքալաքում իրականացնում է լրագրող Գայանե Ակոջյանը: Այս նախագիծն ընտրվել է «Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի (CIPDD)» ծրագրի շրջանակներում, որը կրում է «Տարբեր կրոնական խմբերի հզորացումը հասարակական և քաղաքացիական գործունեության մեջ» անվանումը: