Երեկ՝ հունվարի 25-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թվականների ծրագրի ներկայացումը և քննարկումը։ Սակրեբուլոյի Մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը վերադարձրեց ծրագիրը լրամշակման:

Ծրագիրը ներկայացրեց քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության, հուշարձանների պահպանության և երիտասարդության հարցերով ծառայությունը։

Ծրագրում ներկայացված էին զբոսաշրջության տեսակները, ուղղությունները և նշված էին որոշ վայրեր, որոնք, հեղինակների կարծիքով, զբոսաշրջիկները կարող են տեսնել: Հիմնականում դրանք եկեղեցիներն են, Աբուլ լեռը, Կարծախի լիճը։ Պատգամավորներին զբոսաշրջիկներին ներգրավելու աշխատանքային պլան չներկայացվեց։

Ծրագրում նշված էր, որ կտպագրվեն բուկլետներ, կտեղադրվի էկրան, որի վրա կցուցադրվեն այցելուներին հետաքրքրող Ախալքալաքի գեղատեսիլ վայրերը։ Ինչ տեղեկատվություն կլինի բուկլետներում, երբ դրանք պատրաստ կլինեն, երբ և որտեղ կտեղադրվի էկրանը՝ մանրամասն չներկայացվեց։ Ժամկետներ չէր նշված, թե Ախալքալաքի պաշտոնական կայքում երբ կհրապարակվեն Ջավախքի տեսարժան վայրերի մասին տեղեկությունները և լուսանկարները։

Ախալքալաքի բյուջեում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ակտիվությունների, միջոցառումների կամ ծախսերի համար նախատեսված միջոցներ չկան։

«Եթե դուք ուզում եք այս ամենն անել, ներկայացրեք մեզ, թե ինչ եք անելու, ինչու մեզանից բյուջեով գումար չեք պահանջել։ Ինձ թվում է, եթե մենք չպահանջեինք ծրագիրը, դուք այն չէիք ունենա: Եղեք ակտիվ, աշխատեք։ Սկզբնական փուլում ընտրեք մեկ ուղղություն և աշխատեք այդ ուղղությամբ։ Մեր հարեւան մունիցիպալիտետները ունեն փորձ, գնացեք, հարցրեք, թե ինչից են նրանք սկսել, գնացեք այնտեղ գործուղումների, պետք չէ ամաչել»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

Նաիրի Իրիցյանն ասաց, որ Գոգաշենի ճանապարհն արդեն ասֆալտապատվել է, սակայն ոչինչ չի արվել այս ճանապարհը զբոսաշրջության զարգացման համար օգտագործելու ուղղությամբ։

«Ճանապարհն ասֆալտապատելով մենք ուզում էինք, որ Վարձիա եկած զբոսաշրջիկը Գոգաշենով բարձրանար վեր, մենք այս ամենն արել ենք զբոսաշրջիկներին գրավելու համար։ Իսկ ինչ կա այս ճանապարհին կամ հենց Վարձիայում Ախալքալաքի մասին, ոչ մի ցուցատախտակ չկա»,- ասաց Նաիրի Իրիցյանը։

Պատգամավոր Սեդա Մելքումյանն առաջարկեց համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ, քանի որ նրանք շատ բան գիտեն ու շատ հարցերում կարող են օգնել, օգտագործել նրանց գիտելիքները։

«Մենք գտնվում ենք հզոր զբոսաշրջային վայրերի՝ Դաշբաշի և Ռաբաթի միջև: Մեր մունիցիպալիտետը տարանցիկ ճանապարհի վրա է, պետք է օգտագործել դա, աշխատել, ուսումնասիրել այլ մունիցիպալիտետների փորձը, իրենք էլ ինչ-որ ժամանակ զրոյից են սկսել, պետք է այս զրոյական կետից առաջ շարժվել»,- ասաց Սեդա Մելքումյանը։

Ախալքալաքի Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանն առաջարկեց գումար ծախսել, մունիցիպալիտետի հետաքրքիր վայրերը գովազդելու համար հրավիրել բլոգերներին, և որպես զբոսաշրջության գծով փորձագետ առաջարկեց իր օգնությունը։

Քննարկվեց նաև Ախալքալաքի բերդի վիճակն ու դրա հնարավոր վերականգնման հարցը։

Պատգամավորները քննադատեցին քաղաքապետարանին կից Մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի հարցերով ծառայության աշխատանքը։ Առաջարկեցին, որ հաջորդ հանդիպմանը ներկայացնեն գոնե 2023 թվականի աշխատանքային ծրագիր ըստ ամիսների, աշխատանքների և այդ աշխատանքների պատասխանատուներին։