Այսօր՝ հունվարի 24-ին, հրդեհ է բռնկվել գերեզմանատանը, որը գտնվում է, ինչպես ասում են բնակիչները, Տավշանկա բլրի ստորոտին։ Սա 25 օրվա ընթացքում երկրորդ հրդեհն է։ Տուժածներ չկան, տապանաքարերը չեն վնասվել, սակայն չափազանց հաճախակի է դարձել չոր խոտի այրումը հրդեհի վերածվելու փաստը։
Անցած տարվա վերջին օրը ծանր էր Ախալքալաքի և Նինոծմինդայի հրշեջների համար: Արտակարգ իրավիճակների ծառայություն ահազանգ էր ստացվել Տավշանկայի մերձակայքում գտնվող գերեզմանատանը բռնկված հրդեհի մասին։ Այս տարվա ձմեռը չափազանց չոր էր, կրակը շատ արագ և ուժգին էր տարածվում սարալանջով։ Ախալքալաքի բնակիչները եկել էին իրենց հարազատների շիրիմներին, որպեսզի դրանք հրդեհից պաշտպանեին, Ախալքալաքի և Նինոծմինդայի հրշեջները կրակը հանգցնում էին ձեռքով։ Ձեռքով, քանի որ մի կողմից մեքենաների համար դժվար էր մոտենալ կրակին, մյուս կողմից՝ դեպքի վայր ժամանած հրշեջ մեքենան կա՛մ ջրազուրկ էր, կա՛մ պոմպը չէր աշխատում։ Այդ ժամանակ 2-3 ժամից կրակը հաջողվել էր մարել։ Հրդեհը չէր հասցրել էական վնաս հասցնել ծառերին։ Քանի որ էական վնաս չէր հասցվել, հետևաբար ՆԳՆ-ն հետաքննություն չէր սկսել, մեղավորներ չէր սկսել փնտրել։
Այսօր Ախալքալաքում հրդեհի մասին ահազանգ չի ստացվել Արտակարգ իրավիճակների ծառայությունում։ Հրդեհը, որն առաջացել է խոտը դիտավորյալ, կամ գուցե ոչ դիտավրոյալ հրկիզելու հետևանքով, մեծ արագությամբ տարածվել է բլրի ստորոտում, քանի որ խոտը չափազանց չոր է եղել։ Սակայն կրակը գերեզմաններին չի հասել, քանի որ հրդեհի վայրի և գերեզմանների միջև ճանապարհ է անցնում։ Հրդեհը ինքն իրեն մարել է այն բանից հետո, երբ այրվել է մի քանի հեկտար հողատարածքի վրայի խոտը։
Ինչպես երևում է, տուժածներ չկան և ակնհայտ վնաս, բացի բնությանը հասցված վնասից: Սակայն սովորություն դարձած ու հրդեհի վերածվող խոտի այրումը չի բացառում, որ կանխարգելման վրա չաշխատելու դեպքում կարող են անդառնալի վնասներ պատճառվել։