Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում ցրտերն ընկնելուն պես դասապրոցեսը համալսարանից տեղափոխվել է ուսանողական հանրակացարան, քանի որ համալսարանի շենքը չի ջեռուցում: Համալսարանի վարչական անձնակազմի ներկայացուցիչ Վասիլ Մոսիաշվիլիի խոսքով, շուտով ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները կավարտվեն և ուսանողները նոր կիսամյակը կսկսեն համալսարանում:
«Համալսարանում ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Այդ պատճառով որոշում էր կայացվել ձմռանը դասապրոցեսը շարունակել ուսանողական հանրակացարանում, որտեղ կա ջեռուցման համակարգ: Հանրակացարանի ազատ սենյակները ձևափոխել էինք լսարանների և ստեղծել բոլոր հարմար պայմաները դասապրոցեսն անխափան անցկացնելու համար: Կարևորն այն է, որ դասապրոցեսը կանգ չի առել և անկախ ամեն ինչից ընթացել է իր սովորական հունով», – ասում է նա:
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի վարչական անձնակազմի ներկայացուցիչ Վասիլ Մոսիաշվիլիի խոսքով, հանրակացարանի մեծությունը թույլ է տվել դասապրոցեսն անցկացնել այնտեղ: Չորս հարկանի շինությունում բավականին թվով ազատ սենյակներ կան, որտեղ էլ ընթացել են դասերը:
Ուսանողները ևս նշում են, որ հանրակացարանում ստեղծվել են բոլոր հարմարություները և հավելյալ որևէ խնդիր չի առաջացել:
Համալսարանի ղեկավարությունը վստահեցնում է, ձմեռային արձակուրդներից հետո դասերը կվերսկսվեն համալսարանի շենքում: