Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին և ևս 14 մարդ, այդ թվում ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Եվգենի Ենինն ու ՆԳՆ պետական քարտուղար Յուրի Լուբկովիչը։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Փոխանցում hetq.am-ը:

Ծառայության փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով վիրավորվել է 25 մարդ։ Զոհերի թվում կա 3 երեխա, 10 երեխա էլ վիրավորվել է։ Ոստիկանությունը հայտարարել է, որ ուղղաթիռում գտնվող բոլոր 9 անձինք զոհվել են։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ մնացած զոհերն ու վիրավորները մանկապարտեզի աշխատակիցներ ու սաներ են, որի մոտ ընկել է ուղղաթիռը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռը վթարվել էր այսօր՝ հունվարի 18-ին, առավոտյան մոտ 08:10-ին (Երևանի ժամանակով՝ 10:10-ին)։ Ենթադրվում է, որ մառախուղի ժամանակ AS 332 Super Puma ուղղաթիռն ընկել է մանկապարտեզի և բնակելի շենքի մոտ, որից հետո հրդեհ է բռնկվել։

«Ուժեղ պայթյունից վնասվել են մանկապարտեզի շենքն ու մոտակա շենքերից մեկը»,- հայտարարել է քաղաքապետը։ Մանկապարտեզից տարհանվել են երեխաներն ու աշխատակիցները։

Суспiльне-ն, հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյին, հայտնել է, որ ՆԳՆ բարձր ղեկավարությունը ուղղաթիռով գործուղման էր մեկնում դեպի «թեժ կետերից մեկը»։

Թե ինչն է դարձել վթարի պատճառ, դեռևս հայտնի չէ։ Ներքին գործերի նախարարությունում, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերում հայտարարել են, որ դեռևս վաղ է խոսել վթարի պատճառների մասին։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը նշել է, որ քննությունը դիտարկում է ուղղաթիռի վթարի բոլոր հնարավոր վարկածները։

Միևնույն ժամանակ ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն թվարկել է տեղի ունեցածի մի շարք վարկածներ, որոնց թվում են դիվերսիան, տեխնիկական անսարքությունը, թռիչքների անվտանգության կանոնների խախտումը։ Ուկրաինական լրատվամիջոցները նաև պնդում են, որ վթարի հնարավոր վարկածների թվում է նաև օդաչուի սխալը։ Ուկրաինական «Трибуна — Бровары» պարբերականը հայտնել է, որ ուղղաթիռն ընկել է մառախուղի ժամանակ։ Ենթադրաբար, օդաչուն չի տեսել բարձր շենքը, սկսել է բարձրություն հավաքել և կորցրել է կառավարումը։ Նախադատական հետաքննությունը վարում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ Զելենսկու գրասենյակը վկաներին կոչ է արել դիմել ոստիկանություն։