Նոր տարվանից Վրաստանում բարձրացել է կենսաթոշակը, ինչպես նաև պետական ծառայողների, բուժաշխատողների և մի շարք այլ աշխատողների աշխատավարձերը, սակայն գնաճի բարձր տոկոսի պայմաններում որքանո՞վ կարող է թոշակների և աշխատավարձերի բարձրացումը ծածկել բնակիչների ավելացած ծախսերը։

Այս տարի Վրաստանի Կառավարությունը երկրի բնակիչներին տարիքային կենսաթոշակի համար հատկացրել է 3 միլիարդ լարի, ինչը 100 միլիոնով ավելի է, քան 2022 թվականին։ Վրաստանում թոշակ է ստանում մոտ 800 հազար մարդ, որոնց կեսը 70 տարեկանից բարձր է։ 70 տարեկանից բարձր կենսաթոշակառուների համար կենսաթոշակը բարձրացել է 65 լարիով՝ մինչև 365 լարի, բարձրալեռ շրջաններում, այդ թվում՝ Ջավախքում՝ 440 լարի։ Մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակն ավելացել է 35 լարիով, մինչև 295 լարի, իսկ բարձրալեռ շրջաններում՝ 350 լարի:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրում տարեկան գնաճը կազմում է 10,6%։ Պարենային ապրանքների թանկացումը նկատվում է 15,8%-ով, տրանսպորտը թանկացել է 11,6%-ով։ 13,5%-ով ավելացել են նաև կոմունալ ծառայությունների ծախսերը, իսկ Վրաստանի ՀՆԱ-ի աճը գրանցել է 10 տոկոսանոց ցուցիչ: Ի՞նչ է սա նշանակում, և որքանո՞վ կարող է «գոհացնել» այս բարձրացումը թոշակառուներին ու աշխատավարձերը ստացողներին, Jnews-ը փորձել է պարզել փորձագետ, տնտեսագետ Լադո Պապավայից։

«Սա որոշակի փոխհատուցում է այն բանի համար, որ երկրում կա գնաճ: Հարկավոր է հաշվի առնել, որ այս գնաճը վրացական արմատներ չունի: Այս գնաճը գլոբալ մասշտաբի է, հետևաբար սա մասնակի փոխհատուցում է տվյալ կորուստների դիմաց թոշակառուների, քաղաքացիական ծառայողների աճող ծախսերի համար: Կրկին, եթե պետական հատվածում կենսաթոշակների և աշխատավարձերի աճը գերազանցի գնաճը, դա կառաջացնի գնաճի ևս մեկ ալիք։ Այն, ինչ դրված է բյուջեում, կենսաթոշակների աճն ու քաղծառայողների աշխատավարձերի աճը՝ սա, իհարկե, ամբողջությամբ չի ծածկում գնաճային թանկացումը»,- ասում է Լադո Պապավան։

Այսօրվա դրությամբ, Վրաստանում տարիքային կենսաթոշակը կանանց տրվում է 60 տարեկանից սկսած, իսկ տղամարդկանց՝ 65: