85 տարեկանում մահացել է վրացի դերասան, երգիչ, կինոռեժիսոր, ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեն։

Վախթանգ Կոնստանտինի Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականին Թբիլիսիում: Դպրոցն ավարտելուց հետո 1955-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի համալսարանում։ 1959 թվականին աշխատանքի է անցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում։ 1961-1963 թվականներին սովորել է Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում։

1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1966 թվականին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)։ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում։

Կիկաբիձեն նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ Նա համամիութենական համբավ է ստացել Դանելիայի «Միմինո» (1977) ֆիլմից հետո, որտեղ մարմնավորել է վրացական փոքրիկ գյուղից մի օդաչուի, ով երազում էր թռչել մեծ ինքնաթիռներով։ Նա մի շարք հայտնի երգերի կատարող էր, այդ թվում՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։