Ջավախքում դեռևս պահպանվում է մինչև հին Նոր տարի իրար տուն գնալու և որպես ամանորյա նվեր բանբաներկա տանելու ավանդույթը:

Ամեն ինչ սկսվում է նախատոնական առևտրի գնալիս: Առևտրի ցուցակի անբաժան մասն է կազմում բանբաներկան, որը պետք է լինի էժան, ճոխ ու ցանկալի է հայկական արտադրության: Դա այն բանբաներկան է, որի տուփը մեծ է, բայց մեջը մի քանի հատ շոկոլադ կա: Բանբաներկայի ավանդույթին հետևողները բաժանվում են երկու խմբի. առաջին խմբի մարդիկ նրանք են, ովքեր մինչև ամանոր խանութից գնում են բանբաներկան, իսկ երկրորդ խմբի մարդիկ նրանք են, ովքեր չեն գնում բանբաներկա և մինչև իրենց տուն հյուր չգա իրենք հյուր չեն գնում: Նրանք սպասում են, որ իրենց տուն հյուր գան և բանբաներկա բերեն, որ հետո այդ նույն բանբաներկան իրենք տանեն ուրիշի տուն:

Բանբաներկան ամենաշատ տուն այցելող հյուրն է, նա շրջում է տնից տուն, գյուղից գյուղ և նույնիսկ շրջանից շրջան ու շատ դեպքերում երկար շրջագայությունից հետո նորից վերադառնում է այն մարդու տուն, ով իսկզբանե գնել էր այդ բանբաներկան:

Գյուղացիներից մեկը պատմում է. «Նոր տարվա հյուրերի տուն գնալու համար, ավանդույթի համաձայն գնեցինք բանբաներկա, հեռուստացույցում մի հումորային նախագիծ տեսանք, երբ մի մարդ նշան է անում բանբաներկայի վրա, և այդ նշան արված բանբաներկան օրեր անց հետ են բերում: Այդ ժամանակ մենք էլ որոշեցինք փորձել այդ մեթոդը: Հունվարի մեկին նշան արեցինք բանբաներկայի վրա ու տարանք մեր բարեկամի տուն, որը հին նոր տարուն մեր տուն հետ բերեցին հեռու բարեկամները»:

Նոր տարվա ջավախքցիների սեղանին անպակաս են Ռուսաստանից բերված մասկվոսկի շոկոլադը, հայկական գրանդ քենդին ու վազի տակը լցրած ախալքալաքյան իրիսը, դա նրա համար է, որ համ վազը ավելի լիքը երևա: Բանբաներկան բացում են այն ժամանակ, երբ շոկոլադի պաշարը սպառվում է: Հարևանը, որը նոր տարի է գալիս հին նոր տարուց հետո, տանը մնացած է լինում կիսափչացած անանասն ու ժամկետն անց բանբաներկան:

Բանբաներկան նման է անանասին մինչև կիսով չափ չփչանա չեն օգտագործում, որն էլ բանբաներկան բացելու երկրորդ պատճառն է: Որպես օրինաչափություն բամբաներկան բացում են այն ժամանակ, երբ ժամկետը մի քանի օր արդեն անցած է լինում՝ ափսոս է, հո չենք թափելու:

Ջավախքում բանբաներկան տնից տուն տանելու հատուկ կանոններ կան, այն տոպրակի մեջ դրած հյուրի տուն է տանում կինը, որը այն դնում է սեղանի ծայրին, մինչև տուն գնալու ժամանակը, երբ տոպրակից հանում է այն և տոպրակը հետը տանում տուն, դե էլի են տուն գնալու, տոպրակը պետք կգա:

Ամանորյա բանբաներկայի թեման Ջավախքում քննարկվում է մինչև գարուն, ով և ում տուն ի՞նչ բանբաներկա է տարել, ո՞ւմ բանբաներկան էր ավելի թանկ, ո՞վ քանի բանբաներկա էր գնել ու այդպես շարունակ:

Ջավախքում նմանատիպ ավանդույթներ շատ կան, որոնք ընդգծում են մեր տարբերվող, մի քիչ տարօրինակ ու յուրահատուկ կոլորիտը: