Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է իր ավանդն ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խորհրդարանական մակարդակով։ Այս մասին նա ասել է արտերկրում Վրաստանի դեսպանների տարեկան կոնֆերնասի ժամանակ։
«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին, համատեղ խորհրդարանական ջանքերով, մեր ներդրումն ունենալ խաղաղության և կայունության հաստատման մեջ»,- հայտարարել է նա:
Պապուաշվիլին նշել է, որ այդ ջանքերը կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը։
Վրաստանն ավելի վաղ ևս պատրաստակամություն է հայտնել նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մասնավորապես այդ մասին ասել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 2022-ին Թբիլիսիում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները։