Եվրոպական երկրներում բարձրագույն կրթություն ստանալն ու աշխատելը մեզանում վերջին շրջանում ավելի ակտուալ է դառնում: Սակայն բազմաթիվ երիտասարդներ վախենալով նոր միջավայի դժվարություններից որոշում են չգնալ իրենց երազանքի հետևից: Բայց մեր հերոսը վստահ որոշում է կայացնում և միայնակ մեկնում Գերմանիա՝ իր երազանքի հետևից:

Ռոման Ոսկանյանը Ծալկայի շրջանի Ղզրքիլիսա գյուղից է: Նա արդեն երկրորդ տարին է Գերմանիայում մասնագիտանում է լանդշավտային դիզայնի ոլորտում, երկրորդ մասնագիտութամբ ֆինանսներ է ուսումնասիրում: Արդեն աշխատում է և մարդկանց օգնում ճիշտ կառավարել իրենց ունեցած ռեսուրսները:

Roman

Մեր հերոսը մշտապես մտածել է եվրոպայում կրթություն ստանալու մասին: Երբ առաջին անգամ 2018 թվականին որպես զբոսաշրջիկ մեկնում է Գերմանիա անմիջապես սկսում է ելք փնտրել այնտեղ մնալու համար:

«Այնտեղի միջավայրն ինձ շատ դուր եկավ, և որոշեցի մնալ, գնացի տարբեր համալսարաներ, գրասենյակներ և հասկացա, որ ամեն ինչ շատ թանկ է, որին գումարվեց գերմաներեի չիմացության խնդիրը: Սկսեցի փնտրել տարբեր ուղիներ երազանքիս հասնելու համար: Իմ առջև նպատակ դրեցի լեզուն արագ սովորելու և գտնել այնպիսի մի ծրագիր, որով կկարողանամ առանց մեծ գումար ներդնելու հասնել Գերմանիա»:

Այդ ծրագիրը երկար սպասեցնել չի տալիս Ռոմանին: Au-pair մի ծրագիր է, որը երիտասարդներին լեզվի տարրական իմացության պարագայում հնարավորություն է տալիս մեկնել արտերկիր:

Այս ծրագրի շրջանակներում 18-ից 26-տարեկան երիտասարդները, ովքեր տիրապետում են A1 մակարդակ այն երկրի պաշտոնական լեզվին, և ունեն հյուրընկալ ընտանիք կարող են մեկնել եվրոպական երկրներ: Երիտասարդների հիմնական աշխատանքը, որը պետք է անեն՝ հյուրընկալ ընտանիքների երեխաներին զբաղեցնելն է: Արդյունքում՝ նրանք հնարավորություն կունենան լեզուն սովորելու, անձնական ծախսերի համար գումար կստանան և հնարավորություն կունենան ճամփորդելու:

unnamed

Ռոմանն ուսմանը զուգահեռ ակտիվ է նաև սոցցանցերում: Tik Tok հարթակում բոլգերությամբ է զբաղվում: Նա կարճ ժամանակում հասցրել է հավաքել մեծ լսարան: Մեր հերոսի նպատակն է՝ մոտիվացնել երիտասարդներին և մեծ լսարան ունենալ, որը հետագայում նրան կօգնի տարբեր ծրագրեր իրականացնել:

«Գերմանիան ինձ տվեց ազատություն, սովորեցրեց ապրել և որոշումներ կայացնել, հույսը դնելով միայն սեփական ուժերին: Եթե Գերմանիա չգնայի, դժվարանում եմ ասել Tik Tok-ում էջ կունենայի, թե՝ ոչ: Քանի որ Ծալկայում այդքան էլ ընդունված չէր: Սկզբում դժվար էր, քանի որ մտածում էի՝ ի՞նչ կմտածեն կամ կասեն իմ մասին մարդիկ: Ջավաքցիներին խորհուրդ եմ տալիս, մեկուսացված չապրել ու գնալ իրենց երազանքների հետևից: Գնալ սովորելու եթե ոչ եվրոպայում, ապա գոնե Թբիլիսիում կամ Երևանում, որը նրանց կտա զարգանալու և կայանալու հնարավորություն»: