Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը: Այսօր ուղիղ տեսակապի միջոցով հայտարարել է Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով՝ առանց որևէ նախապայմանի։
«Առանց որևէ նախապայմանների, առանց որևէ մեր կողմից զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը։ Ես ուզում եմ մեզ ողջունել էս հաղթանակով, որովհետև մենք ենք ցույց տվել մեր ուժը, և դա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ցույց տվեցինք, որ մենք ուժեղ ենք, մենք չենք ընկճվելու, խուճապի մեջ չենք ընկնելու, մենք ցույց տվեցինք, որ մենք իսկապես ունենք ուժ և կամք, և ամեն ինչ պետք է անենք մեր կյանքի, ապագայի համար», – ասել է Վարդանյանը։
Արցախի պետնախարարը չի բացառել, որ ադրբեջանցիներն այսօր բացեն նաև Լաչինի միջանցքը։
«Կարող է այսօրվա մեջ ճանապարհը բացվի: Դա իրենց որոշումն է, որովհետև զգացել են, թե իրենք ինչ սխալ են արել, որովհետև և՛ այստեղ, և՛ դրսում իրենք ընկել են մեծ ճնշումի տակ», – ասել է Վարդանյանը։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում՝ գազամատակարումն ապահովելու նպատակով և նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:
Դեկտեմբերի 13-ին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Ստեփանակերտն այն համարել է «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։
Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։