«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է` հայերի և ողջ աշխարհից Հայաստանի բարեկամների մասնակցությամբ, որի նպատակը Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցության և փոխըմբռնման ստեղծումն է: Առաջիկայում՝ 2023 թվականի մարտի 10-12-ին, Երևանում կկայանա համազգային համաժողով, որի շրջանակներում կքննարկվեն հետևյալ հարցերը՝ Հայաստան-Սփյուռք միասնականություն, պատմական պատասխանատվություն, բնակչության աճ: JNEWS-ը զրուցել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի հետ:

Ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը, և ինչո՞ւ հենց քաղաքացիական ասամբլեայի ձևաչափն է ընտրվել:

– Նախաձեռնությունը սկզբնավորվել է 2021 թվականի գարնանը, մտքեր եղել են նույնիսկ մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը: Նպատակը եղել է ավելի շատ ձևավորել 20 տարվա ռազմավարություն, ռազմավարության ընկալում հայության մեջ: Եթե հիշում եք, նախաձեռնության երկու համահեղինակները ժամանակին հանդես են եկել «Հայաստան-2020» նախաձեռնությամբ, որտեղ մշակել էին Հայաստանի զարգացման հնարավոր սցենարներ, ինչպես հասնել դրանց: Ցավոք սրտի, այդ սցենարները հաշվի չէին առնվել տարբեր իշխանությունների կողմից: Փաստորեն, հիմնականում մնացել են թղթի վրա: Հիմա նպատակը նույնն է՝ ձևավորել ևս 20 տարվա ռազմավարություն, բայց ավելի ընդգրկելով հասարակությանը: Ոչ թե դա լինի միայն փորձագետների մշակած սցենարներ, այլ հասարակությունը ևս մաս կազմի այդ քննարկումներին, ինչը շատ կարևոր է: Հետո եղավ 2020 թվականի պատերազմը և ցույց տվեց մեր բոլոր բացերն ու թերությունները: Կազմակերպիչները հասկացան, որ պետք է ավելի ընդգրկուն խնդիրներ դնել, և մշակվեցին 15 համահայկական նպատակները: Մի քանի հարյուր մասնագետներ են մասնակցել դրան, ընդ որում նաև՝ թե ներկա, թե նախկին իշխանությունների պաշտոնյաներից: Այսօրվա դրությամբ նախաձեռնությունն ունի 110 000 աջակից, որոնք կոնկրետ մարդիկ են՝ անուն-ազգանուն, բնակավայրի հասցեով, որոնք ստորագրել և միացել են այս նախաձեռնությանը, և իրենց աջակցությունն են հայտնում 15 նպատակների իրականացմանը:

Սակայն մի բան է նպատակը սահմանել, մեկ այլ բան դա դարձնել գործողություն, դարձնել ռազմավարական ուղղություն: Այս նպատակների հետագա մշակման համար հիմնադիրները որոշեցին, որ օգտագործենք համաշխարհային լավագույն փորձերից մեկը. դա քաղաքացիական ասամբլեայի ձևաչափն է: Այն կիրառվում է հիմնականում զարգացած երկրներում, որտեղ քաղաքական համակարգի ճգնաժամ կա, որտեղ խորհրդարանական ճգնաժամ կա հասարակության մեջ, բազմաթիվ հարցեր, որոնց համակարգը չի կարողանում պատասխանել: Նկարագրողական մասով մեր վիճակին նման իրադրություն է, և դա փորձում ենք իրականացնել Հայաստանում և Սփյուռքում: Մեր փորձը նաև բավականին նորարարական է, որովհետև սփյուռքի մակարդակով աշխարհում երբեք նման միջոցառում չի անցկացվել: Փորձում ենք ընդհանուր դաշտ ձևավորել և հասկանալ, թե ո՞ր սցենարները կարող են իրատեսական համարվել:

Նախաձեռնությունն ակտիվ փուլում է, հանդիպումներ են ընթանում Ջավախքում, Թբիլիսիում և այլուր: Ինչպես գիտենք հայկական սփյուռքը բազմազան է ու տարբեր: Ինչքանո՞վ է հնարավոր որ մասնակիցը, ով Ջավախքից է, կկարողանա համաժողովին ներկայացնել տեղի հայության ամբողջական խնդիրները:

– Այս համաժողովի ձևաչափը մի փոքր տարբերում է մինչ այս եղածներից: Ասենք, երբ լինում է Հայաստան-Սփյուռք համաժողով և այնտեղ Ջավախքից մարդ կա, դա ենթադրում է, որ նա Ջավախքի ներկայացուցիչն է: Մեր համաժողովի տարբերակը մի փոքր ուրիշ է։ Նախ փորձագիտական հանձնախմբերը մշակում են հնարավոր սցենարներ և դրանց իրականացման ուղղությամբ քայլեր: Պետք է ասեմ, որ կարող է կոնսենսուս չլինել այդ փորձագիտական հանձնախմբերի սցենարների որևէ տարբերակի շուրջ: Համաժողովի քննարկման սեղանին կարող են դրվել նույնիսկ երկու տարբեր՝ իրար հակասող գաղափարներ, բայց պայմանով, որ երկուսն էլ փորձագիտորեն հիմնավորված լինեն:

Համաժողովի մասնակիցները ներկայացնում են միայն իրենց, իրենց գիտելիքները։ Առաջին օրը կոչվում է սովորելու փուլ. մարդիկ լսում են փորձագետներին, լսում են տարբեր տարբերակներ, հարցեր են տալիս և պարզաբանում ստանում: Սահմանումները, պարտականությունները, իրավունքները, այդ ամբողջ շրջանակը մարդկանց պետք է բացատրվի, որից հետո իրենք արդեն միասին քննարկում են հնարավոր տարբերակներ: Ապա գալիս են լուծումների փուլին, այսինքն՝ համակարգը շատ ավելի հիմնված է սեփական գիտելիքները, սեփական փորձը և փորձագետների վերցրած կարծիքները համադրելու վրա: Մեր խնդիրներից մեկը երկար տարիներ այն է եղել, որ երբ լուծումներ ենք առաջարկում, ժողովուրդը՝ հասարակ մարդիկ, ոչ միայն տեղյակ չեն, այլ նույնիսկ հոգեբանորեն դեմ են դրան: Պետք է փորձենք համատեղել, այսինքն՝ այդ փորձագետների առաջարկած տարբերակներն անցկացնենք հասարակության ֆիլտրով: Համաժողովը հենց հասարակության ֆիլտրն է:

Հաշվի առնելով՝ մասնակից երկրների աշխարհագրությունն ու համահայկական 15 նպատակները, որոնցից միայն երեքի վրա է շեշտադրում կատարվելու մարտի 10-12-ին կայանալիք համաժողովին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք համաժողովից:

– Մենք Արցախում անցկացրինք պիլոտային ֆորում, որը նույն համաժողովի մոդելն էր, ուղղակի ավելի փոքր մասշտաբով: Փորձագետները մի քանի ծրագրեր առաջարկեցին: Դրանցից մեկ-երկուսը, օրինակ, ես կարծում էի, որ հրաշալի են, բայց Արցախում հավանության չարժանացան, այսինքն՝ սա չի աշխատի Արցախում։ Պատկերացրեք, որ հիմա մենք փորձագետներին լսում ենք և գնում ենք իրենց գրած ծրագրերը իրականացնելու, բայց բանից պարզվում է՝ տեղում մարդիկ չեն էլ հասկանում, ոչ էլ ուզում են ասել՝ մի արեք, որովհետև ամեն պարագայում ինչ-որ մի բան է արվում: Փաստորեն ռեսուրս է ծախսվում՝ առանց հասկանալու մարդկանց ցանկությունները և կարիքները: Մենք մարդկանց ոչ թե հարցնում ենք, այլ սովորեցնում ենք հնարավոր տարբերակները, որոնց միջից մարդն արդեն ընտրում է իրեն ավելի հոգեհարազատը, ավելի շահավետն ու հարմարը: Այսինքն՝ մարդիկ պետք է այլընտրանք ունենան, ոչ թե ասեն սա է ճիշտ, և դու պետք է այսպես ապրես: Մարդկանց գիտակցված ընտրության հնարավորություն շատ քիչ է տրվել:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ»-ի Ջավախքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մտահոգություն կար, որ սակավաթիվ և պատահական մարդիկ կարող են մասնակցել համաժողովին, հաշվի առնելով՝ համակարգչային ընտրանքը և ընդհանուր համաժողովի մասնակիցների սահմանափակ քանակը: Կմանրամասնեք՝ ընտրությունն ինչպե՞ս է կատարվելու:

– Նախ մասնակցությունը միայն այդ ֆիզիկապես մասնակցող 200 անձինք չեն։ Մենք զուգահեռ ունենալու ենք օնլայն հարթակ, որտեղից քննարկումներն ու առաջարկները դառնալու են համաժողովի մաս, այսինքն՝ բոլոր գրանցվողները հնարավորություն ունեն մասնակցելու քննարկումներին, պարզապես ֆիզիկապես ներկա չեն լինի և քվեարկելու հնարավորություն չեն ունենա: Ես համոզված եմ, որ Ջավախքից քիչ չի լինելու մասնակցությունը: Իրականում մենք հատուկ կարգավիճակ ենք սահմանել երեք երկրների հայության համար՝ Վրաստանի, Իրանի և Թուրքիայի, որովհետև մենք կարծում ենք, որ իրենք հատուկ դեր ունեն մեր պատմության մեջ, մեր հայրենիքի զարգացման գործում և դասական սփյուռքի մեջ չեն մտնում:

Որակն ապահովվելու է մեծ թվով գրանցումների շնորհիվ։ Ես չեմ կարծում, որ մեկ կամ երկու քիչ գիտակից մասնակցի պատճառով ընդհանուր գործը տուժելու է։ Նախ, որովհետև մեր հիմնական մշակումներում ներառված են լինելու նաև հանձնախմբերի անդամները, որոնք փորձագիտական մակարդակով շատ լավ են տիրապետում խնդիրներին:

Ընտրանքի հետ կապված մի փոքր համոզված եմ, որ ի վերջո, ընդհանուր ընտրանքի մեջ երբեմն պատահում է 1-2 ոչ պատշաճ մասնակցություն, բայց կարծում եմ դա էլ է կարևոր, որովհետև մենք երբեմն մենակ ուզում ենք ամեն ինչ շատ ճիշտ լինի, բայց ժողովուրդը բաղկացած է նաև անտարբերներից, անգրագետներից և այլն: Մենք հասարակությունը պատկերացնում ենք միայն կրթված մասը, բայց մենք ունենք այդ դիսոնանսը և պետք է փորձենք այդ զանգվածին ևս ինտեգրել մեր մեջ:

Յուրաքանչյուր խնդիր տարբեր երկրներում տարբեր է, հարկավոր են տարբեր մոտեցումներ և գործողություններ արվեն, որպեսզի այդ խնդիրները լուծվեն: Ինչքանո՞վ է համաժողովն ի զորու ընդգրկելու ամբողջ հայության խնդիրները: Կա՞ արդյոք կոնկրետացում, օրինակ, որտեղ ավելի սուր է խնդիրը դրված և շեշտադրումն այդտեղ է արված:

– Իրականում շատ դժվար է մի քննարկումով, մի համաժողովով բոլոր խնդիրները քննարկել: Մենք ունենք 15 նպատակ, բայց վերցրել ենք 3-ը համաժողովին քննարկելու: Եթե նկատել եք, մենք ունենք նպատակներ, որը կոչվում է «Ուժեղ Սփյուռք», այսինքն՝ սփյուռքի հզորացում, կառույցների ուժեղացում, հայապահպանության խնդիրներ: Փորձել ենք դա տարրալուծել ժամանակային կտրվածքով և սկսել հնարավոր Հայաստան-Սփյուռք փոխգործակցության մշակումից: Սա շարունական պրոցես է լինելու, չի լինելու մեկանգամյա խնդիր։ Բայց ամենակարևորը, որը մենք պետք է անենք, համագործակցային ցանցի ձևավորումն է, այսինքն՝ միայն այդ համաժողովի որոշումները շատ քիչ են և դա կարող է հերթական թուղթը դառնալ: Մենք պետք է կարողանաք թղթին շարադրվածը դարձնել գործ, և այդ ճանապարհին համագործակցային ցանց ձևավորել, որում կմասնակցեն կազմակերպություններ՝ սկսած պետականից, վերջացրած ավանդական կառույցներով, հասարակական կազմակերպություններով:

Համաժողովի արդյունքը լինելո՞ւ է առաջարկությունների փաթեթ: Մի՞գուցե ինչ-որ փաստաթուղթ է մտցվելու խորհրդարան: Ո՞րն է լինելու առաջին համաժողովի արդյունքը:

Համաժողովի արդյունքները լինելու են երեքը: Առաջինը սցենարների քննությունն է, այսինքն՝ համաժողովն ինքն է որոշելու բոլոր սցենարներից, թե որն է առավել նախընտրելի, որի շուրջ պետք է աշխատենք: Դա ավելի բարդ փաստաթուղթ է, քան միայն առաջարկների փաթեթ:

Երկրորդ ուղղությունը՝ ռազմավարական ուղղությունների հստակեցումն է: Օրինակ, եթե ժողովրդագրական աճի ուղղությամբ մեր համար ընդունելի է ներգաղթը, բայց արդյոք միայն հայկակա՞ն ներգաղթը և այլն:

Եվ երրորդը, կոնկրետ ծրագրային ուղղություններն են։ Օրինակ՝ հայապահպանության համար ինչ է պետք: Մենք հայերենի ուսուցիչների վերապատրաստման խնդիր ունենք: Հայապահպանութան համար շատ կարևոր են հայկական դպրոցները և ուսուցիչները, բայց դարը փոխվել է:  Իրականում շատ հեշտ է, նույնիսկ կարելի է հեռավար մեծ քանակությամբ դպրոցներ ֆինանսավորել, և երբեմն դրանք ավելի արդյունավետ կարող են լինել: Մեկ այլ օրինակ՝ պետք է ամեն ինչ անենք, որ համայնքները միմյանց հետ աշխատեն, արդյունավետ աշխատեն, որ մի երկրի համայնքն օգնի մյուսին:

Սցենարների նախասիրություններ, հնարավոր ռազմավարությունների առաջարկներ և արդեն կոնկրետ քայլերի առաջարկներ: Այս երեք ելքերն է, որ մենք նախատեսում ենք ունենալ համաժողովի արդյունքում: