Միսակի և Սոսի ծնողները հեռացել են Ախալքալաքից՝ երեխաներին մեծ հնարավորություններ տալու համար։ Որոշ բարձրունքների հասնելով՝ այսօր այդ հնարավորությունները սահմանափակվել են Ռուսաստանի սահմաններով։ Մարզիկները կանգնել են ընտրության առաջ՝ մնալ և բավարարվել նրանով, ինչին կարելի էր հասնել այնտեղ, թե նորից գնալ լայն հնարավորությունների հետևից:
Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ «երկաթե վարագույրը» կրկին վայր իջավ ոչ միայն Ռուսաստանի քաղաքական շրջանակների, այլեւ մարզիկների համար փակեց կարիերային աճի հնարավորությունները երկրի սահմաններից դուրս։ Մարզիկների կարիերան կարճատև է, եթե չհասցնեն աշխարհում սեփական տեղը գրավել, ապա այդ հնարավորությունը միշտ չէ, որ կլինի։
Միսակ Կարկարյանն ու իր մարզիչը
Միսակ Կարկարյանը ծնվել է Եկատերինբուրգում, նրա ծնողներն այնտեղ են տեղափոխվել Ախալքալաքի շրջանի Կումուրդո գյուղից 90-ականների վերջին։ Նա պրոֆեսիոնալ մարզիկ է, քիքբռնցքամարտիկ։
«Ես սկսել եմ մարզվել 8 տարեկանից, 10 տարի առաջ: Իմ մարզիչը մեր հարեւանն է: Ես հաղթել եմ Ռուսաստանում, հայտնվել եմ հավաքականում: Ով Ռուսաստանում գրավում է առաջին տեղը և դառնում մրցանակակիր, ավտոմատ կերպով մտնում է Ռուսաստանի հավաքական և գնում է Եվրոպա: Ես Ռուսաստանի կրկնակի չեմպիոն եմ, աշխարհի գավաթի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն և շատ բազում շատ նվաճումներ ունեմ: Ինչպես ընդունված է ասել՝ դժվար է մարզումների ժամանակ, հեշտ՝ մենամարտում»,- պատմում է նա։
Ռուսաստանի պետական մասնագիտական մանկավարժական համալսարանի ուսանողը, ֆիզիկական կուլտուրայի մենեջերը զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով, իսկ հետո սկսել է զբաղվել քիքբոքսինգով, բայց հիմա չգիտի, թե ինչպես կդասավորվի իր մարզական կարիերան։
«Իհարկե, ես ավելի լավ արդյունքների հասնելու նպատակ ունեմ, չեմ ուզում եզրափակվել գրանցած նվաճումներով, կանգնել նույն տեղում: Ինձ ընտրեցին Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության համար, և մենք չկարողացանք գնալ, քանի որ ես ՌԴ քաղաքացի եմ: Իհարկե, ես շատ էի ցանկանում հանդես գալ պատմական հայրենիքիս՝ Հայաստանի դրոշի ներքո, բայց միայն վերջին պահին մտածեցինք դրա մասին: Հիմա տեսնենք, եթե ռուս ըմբիշներին կշարունակեն արգելել պայքարել միջազգային մրցաշարերում, ես այդպես էլ կանեմ, կդիմեմ այլ երկրների քաղաքացիություն ստանալու համար»,- ասում է Միսակ Կարկարյանը։
Եթե Միսակը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, ապա նրա հասակակից 18-ամյա Սոս Խաչատրյանը հոր հետ միասին երկար չի մտածել և օգտվելով ընձեռված հնարավորությունից, նա այժմ Սերբիայում է։ Սոսը պրոֆեսիոնալ ձյուդոիստ է։
Սոս Խաչատրյանի ծնողները, ինչպես և Միսակի ծնողները, լքել են Ախալքալաքը՝ երեխաներին ավելի շատ հնարավորություններ տալու նպատակով, սակայն մի փոքր ավելի ուշ՝ 2010-ական թթ.-ին: Սոսը սկսել է զբաղվել սամբոյով, հետո՝ ձյուդոյով։
«Սպորտի ասպարեզում հայտնվել եմ հորս շնորհիվ, այն ժամանակ 7 տարեկան էի, շատ էի սիրում տարբեր սպորտային խաղեր դիտել: Այնպես ստացվեց, որ այդ ժամանակ ձյուդոյի օլիմպիական խաղերն էին, և մեր հայրենակիցն այնտեղ պայքարում էր, և նա այնտեղից վերցրեց ոսկի: Հայրս սկսեց լաց լինել: Այդ օրվանից նա ցանկացավ, որ ես ըմբիշ դառնամ»:
Ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետի թեկնածու, Կենտրոնական դաշնային շրջանի կրկնակի չեմպիոն, Հարավային դաշնային շրջանի չեմպիոն, ձյուդոյում Ռուսաստանի օլիմպիական խաղերի հաղթող, Կրասնոդարի երկրամասի չեմպիոն, ART OF JUDO SAMBO 70 միջազգային մրցաշարի հաղթող, Օրենբուրգի Չեռնոմիրդինի գավաթի համառուսաստանյան մրցաշարի հաղթող, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող, և սա Սոս Խաչատրյանի բոլոր ձեռքբերումները չեն։
Սոսը դեռ չի հասցրել դառնալ եվրոպական կամ համաշխարհային մասշտաբի հաղթող, ինչին նա մեծապես ձգտում է՝ քրտնաջան մարզվելով։ Իսկ Ռուսաստանում նրա հնարավորությունները սահմանափակվել են։
«Հիմա մարզիկները չեն կարող մասնակցել միջազգային ասպարեզում, նույնիսկ լավագույն մարզիկները չեն կարողանում հասնել այնտեղ: Եվ դա շատ ցավալի է այն մարզիկների համար, ովքեր նախապատրաստվել են, ասենք 25-26 տարեկան մարզիկները, նրանք իրենց կարիերայի գագաթնակետին են, նրանք գտնվում են լավագույն մարզավիճակում, պատրաստվում էին գնալ աշխարհի առաջնությանը մասնակցելու, իսկ հիմա պարզապես վատնում են ժամանակը: Հիմա Ռուսաստանի հավաքականի առաջին համարները փակուղում են, ստանում են գումար, աշխատավարձ, բայց նրանք ոչ մի տեղ չեմ կարող հանդես գալ: Ես ելք գտա, հանդիպեցի Սերբիայից մի մարզչի, նա «Պրոլետո» ակումբի նախագահն է: Մենք նրա հետ մեկ ամիս շփվեցինք, նա ինձ առաջարկեց, և ես ու հայրս գնացինք»:
Ծնողները սատարել են Սոսին՝ թույլ չտալով, որ նա երկար տանջվի՝ նախքան ընտրություն կատարելը։ Հայրն ինքն է տարել որդուն, և այժմ ծնողները մտածում են ժամանակավորապես տեղափոխվել այնտեղ՝ որդու մոտ գտնվելու և վերջինիս օգնելու համար։ Սոսն իր քայլը քննարկել է տարբեր փորձառու մարզիկների հետ, ովքեր ասել են, որ այս իրավիճակում մարդիկ երազում են նման հնարավորության մասին։
Հիմա Սոսն ունի բոլոր պայմանները Սերբիայում սպորտի ասպարեզում զարգանալու համար, բնակարան, հեռանկարներ, նրան շուտով երկրորդ քաղաքացիությունը կտան որպես մարզիկ, բայց նա կներկայացնի Սերբիան։
Ջավախքից շատ ծնողներ, ովքեր Ռուսաստանում լայն հնարավորություններ էին գտել իրենց երեխաների համար, կրկին բախվել են սահմանափակ հնարավորությունների մարտահրավերին։