Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի 19-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին:

Եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի:

Հոկտեմբերի 22-ը սուլդացիների համար դարձավ հոգևոր վերազարթոնքի օր: Գրեթե մեկդարյա լռությունից հետո կրկին ղողանջեց Սուրբ Խաչ եկեղեցու զանգը: Այն հիմնովին վերակառուցվել է բարերար Հրազդան Առաքելյանի օժանդակությամբ: Հինգ տարի շարունակ եկեղեցու շինարարական աշխատանքները համակարգել է Ալեքսանդր Թորոյանը:

«Սա բոլորիս համար մեծ ուրախություն է: Երազանք, որ այսօր իրականացավ: Մարդիկ այսքան ժամանակ սպասում էին, փափագում, որ մի օր կարող է վերանորոգվել և վերաօծվել եկեղեցին: Առաջին հերթին այս եկեղեցու վերաօծումը սուլդացիների քրիստոնյա կոչումը պետք է ավելացնի, քրիստոնյա կյանքը պետք է վերափոխվի»,- ասաց Սուլդա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը:

Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1830-ականներին, սակայն հետո, խորհրդային անաստվածության տարիներին այն խոնարհվել է: Վերանորոգման ժամանակ շինարարները ստիպված են եղել ամբողջովին քանդել, քանի որ եկեղեցու հիմքերը հիմնովին խարխլված են եղել: Տարբեր բնակավայրերից Սուլդա էին ժամանել գյուղի նախկին բնակիչներ և հյուրեր:

Սուլդա գյուղի զավակ, բարերար Հրազդան Առաքելյանի շնորհիվ Սուրբ Խաչը կրկին բացեց իր դռները հավատավոր ժողովրդի առջև:

«Վերջապես մեր սուլդացիները կկարողանան մեր գյուղում մկրտվել, պսակվել, պատարագի գնալ: Սուլդայի բնակիչները այցելում էին հարևան գյուղերի գործող եկեղեցիներ, հիմա արդեն կկարողանան մեր եկեղեցում աղոթել»,- նշեց բարերարը:

Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման արարողությունը սկսվեց դռնբացեքի և եկեղեցու օրհնության կարգով, սաղմոսների ու շարականների երգեցողությամբ ջրով և գինով մաքրագործվեցին եկեղեցու 16 սյուները, ապա Վիրահայոց թեմի առաջնորդը կատարեց վերաօծման հանդիսավոր կարգը, որին հաջորդեց անդրանիկ պատարագի արարողությունը:

Հավարտ Սուրբ պատարագի Թեմակալ առաջնորդը շնորհավորեց բնակչությանը, խոսեց եկեղեցու հոգևոր և ազգային դերակատարության կարևորության մասին և, բարձր գնահատելով երիտասարդ բարերարների նվիրական աշխատանքը, նրանց փոխանցեց հուշանվերներ և Օրհնության գիր:

Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ներքևում՝

Աղունիկ Այվազյան