Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի արդյունքում Խորհրդի նոր նախագահ է ընտրվել բարերար, հայտնի բժիշկ և գյուտարար Վաղարշակ Փիլոսյանը:
Նիստի մասնակիցները քննարկել են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի վաղօրոք տրված դիմումը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Հոգաբարձուների խորհուրդը բավարարել է պարոն Սահակյանի խնդրանքը և շնորհակալություն հայտնել երկարաժամկետ համագործակցության համար, հաջողություն մաղթել գործնական և անձնական կյանքում։
ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել, այնուհետև ընտրվել հայտնի բժիշկ, ԱՄՆ քաղաքացի, բարերար Վաղարշակ Փիլոսյանը։
Վաղարշակ Փիլոսյանը ծնունդով Ծալկայի Նարդևան գյուղից է: Բժշկական բարձրագույն կրթություն է ստացել Երևանում: 42 վիրաբուժական գործիքների և սարքերի գյուտարար է: Կատարել և/կամ աջակցել է սրտանոթային 1500 վիրահատությունների, ավելի քան 300 դեպքերում անձամբ իմպլանտացրել է տարբեր տեսակի սրտամկանի սարքեր։ 7 արտոնագրերի համահեղինակ է, ինչպես նաև 44 բժշկական ապրանքների հեղինակ: Ամուսնացած է: Ունի չորս դուստր: Այժմ բնակվում է ԱՄՆ-ում: