Ջավախքի Պահպանվող տարածքների այցելուների Կենտրոնում հավաքվել է տեղեկատվություն տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի բազմազանության մասին, ինչպես նաև որոշ պատմական փաստեր, որոնք գրավում են ոչ միայն տեղացիներին, այլև զբոսաշրջիկներին: Սակայն, Վրաստանում այս հարստությունը դեռ հայտնի չէ զբոսաշրջիկների շրջանում:
Շատերին է զարմացրել Ջավախքի Ազգային զբոսայգում վերջերս արված լուսանկարները: Վիդեոկադրերում ֆիքսված է ֆլամինգո թռչունը, որը խաղաղ զբոսնում է Նինոծմինդայի շրջանի լճերի շրջակայքում: Քչերը կմտածեին, որ ցրտաշունչ Ջավախքում հնարավոր է հանդիպել մի թռչուն` տաք երկրներից: Սակայն, սա առաջին դեպքը չէ: Տվյալ Տեսանյութը նկարահանվել է Ջավախքի Ազգային զբոսայգու աշխատակիցների կողմից:
Ոչ պակաս զարմացնում է նաև այն փաստը, որ Ջավախքի տարածքում բնակվել են մամոնտներ, բիզոններ, բորենիներ, մոսբախյան գայլ, ռնգեղջյուր, եվրոպական յագուար: Այդ մասին կարդում ենք Ախալքալաքի Ազգային զբոսայգու այցելուների Կենտրոնում:
Այս ամենի մասին տեղեկություններ կարելի է գտնել Ջավախքի Պահպանվող տարածքների այցելուների Կենտրոնում: Շենքում անմիջապես աչքի է ընկնում գայլի խրտվիլակը, որը կարծես կենդանի հայացքով նայում է ապակե ստենդից: Մեկ այլ խցիկում նրա հետ միասին կարող եք տեսնել, արծիվ, բու, նապաստակ, աղվես և Ջավախքի այլ վայրի բնակիչների: Հաջորդ ստենդում թռչունների խրտվիլակներն են, որոնք բնակվում են կամ թռչում մեր տարածաշրջանում, այստեղ կենտրոնական տեղ է զբաղեցնում հսկայական հավալուսնի խրտվիլակը: Քիչ ավելի հեռու միջատներն են, սողունները, ձկները և գորտերը …
Ազգային զբոսայգու պահպանվող տարածքների գոտում մտնում են` Կարծախյան ճահճուտների, Սուլդայի ճահճուտների, Խանչալի լճի, Բուգդաշենյան լճի և Մադաթափյան լճի արգելոցները, Վագրի կիրճը և վերջերս նաև Թետրովյան անտառի արգելոցը: Ջավախքի Ազգային զբոսայգու տարածքը ձգվում է մի կողմից մինչև Հայաստանի, իսկ մյուս կողմից Թուրքիայի սահմաններ:
«Կենդանիներից մենք ունենք արջեր, գայլեր, նապաստակներ, աղվես, վայրի խոզ … Մենք ունենք երկու տեսակի հավալուսն, շատ հազվադեպ, բայց մեզ մոտ թռչում են ֆլամինգոներ: Կան բազմաթիվ թռչունների տեսակներ: Ավելի քան 240 տեսակ: Օրինակ հավալուսներ կան Մադաթափյան լճում և Բուգդաշենյան լճում, բայց նրանք բազմանում են միայն Կարծախյան լճում: Այս լիճը ունի կղզիներ, թուրքական կողմում, այնտեղ էլ բազմանում են: Մեր գործառույթն է պահպանել կենսաբանական հավասարակշռությունը այս տարածքում, որ ոչ մի տեսակ չանհետանա», – ասում է Ջավախքի Պահպանվող տարածքների այցելուների Կենտրոնի տնօրեն Թամազ Կարապետյանը:
Ջավախքը համարվում է լճերով ամենահարուստ տարածաշրջանը Վրաստանում, սակայն, ի տարբերություն խոշորագույն Փարվանա և Սաղամո լճերի, Ազգային զբոսայգու տարածքում գտնվող լճերը վարձակալությամբ չեն տրվում և պաշտպանվում են որսագողերից:
Չնայած դրան, որսորդությունը և ձկնորսությունը շատերի սիրած զբաղմունքն է, թե տեղացիների և թե այցելելուների համար, սակայն արգելվում է զենքով մտնել Ջավախքի Ազգային զբոսայգի, առավել ևս որսորդություն անել, իսկ ձուկ կարելի է որսալ, բայց միայն կարթով, բայց հաճախ այս կանոնը խախտվում է որսագողերի կողմից: Որսագողերին բռնել են զբոսայգու ռեյնջերները (պահապան/պաշտպան) որոնք հսկում են այդ տարածքները, իրավախախտներին սպասվում է դատ և օրենքով սահմանված տույժ:
«Մադաթափայում, Սուլդայում և Խանչալիում մենք ունենք մշտական ռեյնջերներ, ովքեր ապրում են այնտեղ: Երբ մենք բռնում ենք որսագողերին, պլոմբավորում ենք նրանց զենքը և պահում մեզ մոտ: Այնուհետեւ կազմում ենք վարչական ակտ, ապա տուգանելու իրավասությունը տրվում է դատարանին: Որսագողության դեպքեր հաճախ են պատահում», – ասում է Թամազ Կարապետյանը:
Ջավախքի Ազգային Զբոսայգում ոչ ամենուր կարելի է խարույկ վառել, կամ ճամբար խփել, դրա համար սահմանված են հատուկ տեղեր, որոնք կարելի է տեսնել քարտեզների վրա, որոնք տալիս են Ջավախքի Պահպանվող տարածքների այցելուների Կենտրոնում:
Ջավախքում չկա վիճակագրություն, թե ինչ տեսակի կենդանիներ կան և որքան, որպեսզի մոտավորապես իմանանք վայրի կենդանիների աճի կամ նվազման քանակը, հաշվարկը իրականացվում էր դեռ խորհրդային ժամանակներում, երբ կար եգերների (պրոֆեսիոնալ որսորդ) ինստիտուտը:
Այցելուների կենտրոնը երբեմն ընդունում է զբոսաշրջիկների, հիմնականում գալիս են Թռչունների դիտման համար` Bird watching, սակայն զբոսաշրջիկների զանգվածային այցելություններ չեն լինում:
Պահպանվող տարածքների գործակալությունում վստահեցնում են, որ հաջորդ տարվանից իրենք կնպաստեն Ջավախքի Զբոսայգին Վրաստանի տուրիստական երթուղիներում հայտնի դարձնել:
«Բոլոր այդ քարտեզները, որոնք մենք ունենք կատարվել են առանձին, բայց ներկա պահին զբոսաշրջության վարչության հետ միասին, մենք մշակում ենք մի նոր բան: Այնպես որ, 2017 թ.-ից Ջավախքի Ազգային Զբոսայգին կընդգրկվի Վրաստանի տուրիստական երթուղիներում: Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, դա նոր մոտեցում է PR-ի համար: Այդ ուղղությամբ մեր հետ միասին աշխատում են նաև միջազգային ներդրողները», – մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց Վրաստանի պահպանվող տարածքների Գործակալության ներկայացուցիչ Շոկա Չոչուան:
Լուսանկարները՝ Ջավախքի Ազգային զբոսայգու այցելուների Կենտրոնի:
Քրիստինե Մարաբյան