Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում շարունակվում է կարտոֆիլի տեսակավորման գործընթացը։ Իրացման հետ կապված խնդիրներ չկան, 1 կգ կարտոֆիլի գինը, կախված չափից և որակից, տատանվում է 1,20 լարիից մինչև 1,80 լարի։
Կարտոֆիլի գները տարբեր վայրերում.
Մուրջախեթ գյուղից Ենոք Բաբաջանյանն ասում է, որ ֆերմերները, նկատելով, որ այս տարի կարտոֆիլի թանկացման միտում կա, չեն շտապում վաճառել, վաճառում են հիմնականում նրանք, ովքեր ունեն պարտքեր, վարկեր:
«Սուպերմարկետները սուպերկարտոֆիլը գնում են 1,80 լարիով, հետո մաքրում ու 1 կգ-ը վաճառում են 2,20 լարիով: Ընդհանուր առմամբ 1,20 լարիից ցածր կարտոֆիլ չունենք»,- ասում է ֆերմեր Ենոք Բաբաջանյանը։
Վարեւան գյուղից Միշա Ստեփանյանն ասում է, որ կարտոֆիլի յուրաքանչյուր տեսակ ունի իր գինն ու իր գնորդը: Ինքը՝ Միշա Ստեփանյանը, գոհ է և՛ բերքից, և՛ գնից, բայց դեռ չի վաճառում իր կարտոֆիլը։
«Մեզ մոտ շատ գնորդներ են գալիս, մեր հողն այնպիսին է, որ կարտոֆիլը սպիտակ է, մարդիկ նախընտրում են սպիտակ կարտոֆիլը: Մեր գյուղում այս տարի բերքը վատ չէր, դա երևի նրանից է, որ մենք ոռոգել ենք, և գյուղի մեծ մասը նոր սերմացու է ունեցել, առաջին կարգի »,- ասում է Միշա Ստեփանյանը։
Արագվա գյուղից Ղազարոս Ունանյանն ասում է, որ իրենց գյուղ քիչ գնորդներ են գալիս, ուստի ֆերմերներն իրենք են կարտոֆիլը վաճառքի հանում Թբիլիսի, Ախալցիխե։
«Երեկ մեր գյուղացիներն Ախալցիխեում կարտոֆիլը վաճառել են 1,20 լարիով, Թբիլիսիում էլ է գինը տարբեր: Մեր գնորդները հիմնականում ադրբեջանցիներ են, բայց այս տարի չեն գալիս, քանի որ իրենց մոտ էժան է, առավելագույնը 1 լարի, նրանց ձեռնտու չէ մեզնից գնելը: Ապրանքափոխանակությունը նույնպես մեր օգտին չէ»,- ասում է Ղազարոս Ունանյանը։
Կարտոֆիլի շուկայում ամեն ինչ չէ, որ կայուն է, և այս անկայունությունը դեռ ձեռնտու է գյուղացուն, քանի որ թանկացման միտում է նկատվում։