Նոյեմբերի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի պարարվեստի միության կողմից կազմակերպված պարի փառատոն, որին Ախալքալաքից մասնակցում էին «Ջավախք» ազգագրական համույթի փոքր խմբի սաները, Ախալքալաքի ԵԿ֊ի “ՀԱՅՔ” պարային համույթը, ինչպես նաև Օրջա, Ազավրեթ և Կորխ գյուղերի պարախմբերը։ Փառատոնից Ջավախքի մասնակիցները վերադարձել են դիպլոմներով և մեդալներով։

Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը կարևորում է այդ փառատոնին գյուղերի պարախմբերի մասնակցությունը:

«Համերգը տեղի ունեցավ Թբիլիսիում, «Ջավախք» համույթը հրավեր էր ստացել: Քանի որ արդեն գյուղերում ստեղծել ենք երգի-պարի կոլեկտիվներ, նրանք արդեն չեն բավարարվում միայն “Ջավախքի գարուն” և “Ազգային Տարազի” փառատոններով, այդ իսկ պատճառով մենք մտածում ենք, որ դուրս հանենք այդ պարախմբերին, Թբիլիսի, Երևան ինչու չէ, շատերը ցանկանում են նույնիսկ արտասահման գնալ», – ասում է նա։
p1

Թբիլիսիում կայացած փառատոնին մասնակցել են համույթներ և պարային խմբեր, որոնք հիմնականում շրջանից դուրս չէին ներկայացել իրենց պարով:

  • Ազավրեթի պարի խումբը՝ ղեկավար և պարուսույց Գրիգոր Սանթրոսյանի գլխավորությամբ
  • Կորխի պարային խումբը՝ պարուսույց՝ Ֆլորա Մակարյան
  • Օրջայի պարային խումբը՝ պարուսույց Իվետա Պետրոսյան
  • Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի “Հայկ” պարային խումբը՝ պարուսույց Ռիտա Կարապետյանի և ղեկավար Կարինե Թադևոսյանի գլխավորությամբ
  • «Ջավախք» անսամբլի մանկական խումբը՝ պարուսույց Լամարա Քսպոյանի գլխավորությամբ

p2

Աշուղ Ալիքը ուրախությամբ և հպարտությամբ նշում է, որ փառատոնին մասնակցած հինգ խմբերից երեքի պարուսույցները «Ջավախք» ազգագրական անսամբլի նախկին սաներն են:

“Փառատոնը նվիրված էր Սուրբ Գիորգիին, շատ լավ անցավ, բոլոր հինգ խմբերի պարուսույցներն ստացան ոսկե մեդալ, իսկ մասնակիցները դիպլոմներ”, – ասաց Աշուղ Ալիքը։

ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը շնորհակալ է Վրաստանի պարարվեստի միությանը այսպիսի միջոցառում կազմակերպելու համար։

“Մենք թիֆլիսյան օրն սկսեցինք Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը տերունական աղոթք ու օրհնության խոսք հղեց երեխաներին, մաղթեց բարի օր և հաջող ելույթ։ Փառատոնից հետո մեր սաները շրջայց կատարեցին թիֆլիսյան մեյդանում, զբոսայգում և վերադարձան տպավորված` և փառատոնից, և շրջապտույտից”, – ասաց Կարինե Թադևոսյանը։

Թադևոսյանը ասաց, որ Աշուղ Ալիք Ջավախքն է եղել իրենց մասնակցության հեղինակը։

“Այսպիսի միջոցառումները կարևոր են հայ-վրացական մշակույթի համատեղ զարգացման համար, մենք ունենք միանման կետեր և շատ տարբեր կետեր, մեր բարեկամական կամուրջը, մշակութային կամուրջը պիտի էլ ավելի խորացվի, ոչ միայն պարի, այլ նաև երգի և արվեստի այլ ճյուղերի նվիրված փառատոնների միջոցով”,  – հավելեց Թադևոսյանը։