Նոյեմբերի 9-ին, Ախալքալաքում, Վրաստանի Ռազմավարության և զարգացման կենտրոնը (GCSD)՝ «Պատվաստումներ Վրաստանի համար» ծրագրի շրջանակներում, տեղեկատվական հանդիպումներ է անցկացրել բիզնես ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև երիտասարդների և սոցիալապես անապահով քաղաքացիների հետ։
Հանդիպումներն անց են կացվել «Մեծահասակների կրթության կենտրոնում»։ Միջոցառումներին ներկա էին Ախալքալաքի շրջանի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, կանայք, երիտասարդներ և տարեցներ, ինչպես նաև սոցիալապես անապահով քաղաքացիներ։
Բժիշկ, վիրուսաբան Քեթևան Օմիաձեն և Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի վիրուսաբան Գայանե Ֆիդանյանը խոսել են պատվաստումների կարևորության, այն հիվանդությունների մասին, որոնց դեմ մարդկությունը երկար ժամանակ պայքարում է պատվաստանյութերի միջոցով, նաև պատվաստանյութերի արտադրության տեխնոլոգիաների, ոչ ճշգրիտ տեղեկատվության մասին, որը տարածվում է պատվաստանյութերի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել մասնակիցների հարցերին:
«Հանդիպման նպատակը տեղի բնակչությանը պատվաստումների վերաբերյալ ստուգված և հավաստի տեղեկատվություն տրամադրելն է», – մեկնաբանել է Լիզա Բերուաշվիլին, GCSD-ի նախագծերի մասով օգնականը:
«Այս իրավիճակին դիմակայելու համար միակ փրկությունը պատվաստումն է։ Դրանով դուք կօգնեք ինքներդ ձեզ և մյուսներին»,- նշել է վիրուսաբան Քեթևան Օմիաձեն։
Ծրագիրն իրականացվում է Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) կողմից՝ Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոնի հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ: