Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուրոյի նիստում քննարկվեց գյուղերի մանկապարտեզներում առկա խնդիրները, ինչպես նաև այդ խնդիրների հնարավոր լուծումները։

Սակրեբուլոյի բյուրոյի նիստին ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետի պաշտոնակատար Արա Մովսիսյանը, քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։

Բացելով նիստը Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ասաց, որ Սակրեբուլոյի հանձնաժողովը 15 օր առաջ այցելել է շրջանի բոլոր գյուղական մանկապարտեզներ, պարզելու, թե այնտեղ ինչ խնդիրներ կան։

Հանդիպմանը քննարկվեցին Կարծախ գյուղի մանկապարտեզին վառելափայտ տրամադրելու հարցը։

Անահիտ Ասատուրյանն ասաց, որ Կարծախ գյուղում վառելափայտի հարցը լուծել են: Չունչխա գյուղի ջեռուցման համակարգը էլեկտրականի է անցել, ուստի այնտեղ եղած վառելափայտը տեղափոխվել է Կարծախի մանկապարտեզ։

«Ուղղակի մի փոքր ուշացումով վառելափայտ պատվիրեցինք, քանի որ մյուս մանկապարտեզներում դեռ վառելափայտ կա, միայն Կարծախը չուներ, սակայն բոլոր մանկապարտեզների համար արդեն վառելափայտ պատվիրել ենք, և մեկ շաբաթից սպասում ենք »,- ասաց Անահիտ Ասատուրյանը։

Նաիրի Իրիցյանը նշեց, որ մանկապարտեզների աշխատանքը շատ հարցերում կախված է կառավարիչների աշխատանքից: Նրանք պետք է լինեն նախաձեռնող, ակտիվ, ժամանակին լուծեն կազմակերպչական հարցերը և ընդունեն գրագետ որոշումներ։

Բոլորը նշեցին այն փաստը, որ մանկապարտեզներում երեխաների թիվը նվազել է, և որ կառավարիչները նույնպես պետք է աշխատեն այս ուղղությամբ։ Որոշ մանկապարտեզներում ընդամենը 6-9 երեխա կա, և սա այն դեպքում, երբ այնտեղ բացվել է երկու-երեք խումբ, և աշխատողները համալրված են համապատասխան ձևով։

Նաիրի Իրիցյանի խոսքով, գյուղական մանկապարտեզներում դայակներն ու մանկավարժները այնքան էլ լավ չեն աշխատում:

«Եթե դայակները, դաստիարակները վերահսկեն հաճախելիությունը, իմանան, որ նորմալ չաշխատելու դեպքում իրենց աշխատավարձը կնվազի, ապա իրավիճակն այլ կլիներ։ Իրենց չի հետաքրքրում, գալիս են, սուրճ են խմում ու սպասում, որ աշխատավարձը բարձրանա։ Մենք պետք է նրանց շահագրգռենք»,- ասաց Նաիրի Իրիցյանը։

Անահիտ Ասատուրյանը նշեց, որ գյուղական մանկապարտեզներից միայն Սուլդայում է երեխաների թիվն ավելացել։

Քննարկեցին մանկապարտեզներին նոր խաղալիքներով ապահովելու հարցը, նաև այն, որ վերջիններս տրամաբանական ու նոր խաղալիքների կարիք ունեն։ Այս խնդիրը Սակրեբուլոյի հանձնաժողովը բացահայտել է գրեթե բոլոր մանկապարտեզներում։ Ինչին Անահիտ Ասատուրյանն ասաց, որ իրենք ամեն տարի խաղալիքներ գնում և բաժանում են մանկապարտեզներին: Անահիտ Ասատուրյանը նշեց հայերենով մանկական գրքերի ձեռքբերման խնդիրը:

Սուլդա, Չունչխա, Խանդո, Կոթելիա, Կարտիկամ գյուղերի մանկապարտեզներում հանձնաժողովը հայտնաբերել է ջեռուցման և անվտանգության սարքավորումների հետ կապված խնդիրներ։

Սուլդա, Դիլիսկա, Կոթելիա, Ազավրեթ, Կաջո, Բարալեթ, Կուլիկամ գյուղերի մանկապարտեզներում ենթակառուցվածքային խնդիրներ են հայտնաբերվել։

Օրինակ՝ Սուլդա գյուղի մանկապարտեզը բարձունքի վրա է, իսկ ձմռանը ճանապարհը դառնում է դժվարանցանելի, ջրի խնդիր կա, ջուրն ապահովում են ծնողները։

Ազավրեթ գյուղում անհրաժեշտ է շենքի ողջ երկայնքով ծածկ կառուցել, որպեսզի ձմռանը երեխաների գլխին ձյուն ու սառցալեզվակներ չընկնեն։ Նրանք նաև նշեցին երկրորդ զուգարանի անհրաժեշտությունը։

Վաչիան, Դիլիսկա, Խանդո, Ազավրեթ գյուղերի մանկապարտեզներում կահույք է անհրաժեշտ, հիմնականում՝ զգեստապահարաններ։

Քննարկվեց նաև կադրերի հարցը, որ Միավորումը մեթոդիստ չունի, Կոթելիա գյուղի մանկապարտեզում տնտեսվար չկա։ Սրան ի պատասխան Անահիտ Ասատուրյանը նշեց, որ գրեթե բոլոր մանկապարտեզներում տնտեսվարի խնդիրը կա։ Այցի ընթացքում պարզ դարձավ նաեւ, որ Վաչիան գյուղի մանկապարտեզում երաժշտության ուսուցչի կարիք կա։ Ինչին Անահիտ Ասատուրյանը պատասխանեց, որ Վաչիան գյուղում «մանկավարժ կա, բայց չկա»:

Կաջո գյուղում խոհանոցը փոքրիկ է, պատերը՝ խոնավ։ Պատերի խոնավություն նկատվել է նաև Բարալեթ գյուղի մանկապարտեզում։

Խուլգումո գյուղում ջեռուցման մարտկոցը չի աշխատում, Կուլիկամում չկա տաք ջուր, այնտեղ ջրամատակարարման խնդիր էլ կա, նաև ջուր չկա։

Բոլորը նշեցին, որ սննդի հարցի հետ կապված դժգոհություններ ոչ մի մանկապարտեզում չկա։

Նաիրի Իրիցյանի խոսքով, մանկապարտեզները չգիտեին Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության գոյության մասին և որ ծառայությունը պետք է աշխատի նրանց հետ։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասաց, որ իրենք շաբաթական կամ 10 օրը մեկ մանկապարտեզներում մոնիտորինգ են իրականացնում, և կարող են մանրամասն ներկայացնել, թե որ մանկապարտեզում ինչ խախտումներ են հայտնաբերվել։

«Ստելմաշովը պատասխանատվության է կանչվելու իր աշխատանքի համար, տիկին Ասատուրյանը և մի քանիսը նույնպես պատասխանատվության են ենթարկվել որոշ խախտումների համար։ Մենք միշտ մանկապարտեզներ այցելում ենք պատահաբար։ Առանձին-առանձին հավաքել ենք նաև բոլոր կառավարիչներին, և ոմանք նկատողություն են ստացել, այդ թվում՝ Կարտիկամ, Ազավրեթ, Կոթելիա, Կարծախ գյուղերի կառավարիչները։ Քաղաքապետարանի Աուդիտի ծառայությունն ու փոխքաղաքապետն ամեն օր մանկապարտեզներից ճաշացանկ են ստանում, Միավորումից ևս ճաշացանկ են ստանում, և մենք համեմատում ենք դրանք միմյանց հետ»,- ասաց Մելքոն Մակարյանը։

Անդրադարձ եղավ նաև երեխաների մի գյուղից մյուս գյուղի մանկապարտեզ կամ Ախալքալաք տեղափոխելու ֆինանսավորման հարցին։ Ամեն տարի տեղական բյուջեն երեխաների տեղափոխման վրա ծախսում է մոտ 220 հազար լարի։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, 2024 թվականին իրենք կդադարեցնեն երեխաների տեղափոխման ֆինանսավորումը, և որ այս հարցը պետք է որոշեն իրենք՝ ծնողները։

«2023 թվականին ևս կֆինանսավորենք, և կդադարեցնենք, Վրաստանում ոչ մի տեղ նման բան չկա, ծնողներն իրենք են որոշում իրենց երեխաների հարցը։ 200-300 հազար լարիով մանկապարտեզ կկառուցենք: Շատ գյուղերում մանկապարտեզ կլինի, աշխատատեղեր կբացվեն»,- ասաց Մելքոն Մակարյանը։

Քննարկվեց նաև մունիցիպալիտետի երկու գյուղերում նոր մանկապարտեզների կառուցման հարցը։