Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները նոյեմբերի 1-ին Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի մերձակայքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը։

Ըստ ՊԱԾ-ի՝ ապօրինի բերման ենթարկելու մասին տեղեկությունը ստանալով՝ ՊԱԾ-ը ակտիվացրել է ԵՄ դիտորդական առաքելության միջոցով գործող «թեժ գիծը»։

«Միջադեպի մասին տեղեկությունը անմիջապես տրամադրվել է Ժնևում միջազգային գործընկերներին և միջազգային քննարկումների համանախագահներին։ Վրաստանի կենտրոնական կառավարությունը ակտիվացրել է իր տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ապօրինի ձերբակալված անձանց ազատ արձակելու համար»,- հայտնել են ՊԱԾ-ից։

Պետական անվտանգության ծառայությանից նշում են, որ անօրինական ձերբակալությունների վնասակար պրակտիկան սահմանափակում է ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքը, էապես վատթարացնում է անվտանգության միջավայրը տեղում և սպառնում է կայունությանը տարածաշրջանում։

«Վրաստանի օկուպացված տարածքներում, նաև օկուպացիոն գծի մերձակայքում կատարված սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն տերությունը», — նշված է ՊԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։