Ավարտվեց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման միամսյակը: Jnews-ը ներկայացնում է հարցազրույց գինեկոլոգ Ասյա Գուլիևայի հետ, ով խոսում է կրծքագեղձի քաղցկեղի, այս հիվանդության հայտնաբերման մեթոդների, ախտորոշման և բուժման, օգտակար մթերքների և կրծքագեղձի քաղցկեղ առաջացնող վնասաբեր հարուցիչների մասին։
Որքանո՞վ է տարածված կրծքագեղձի քաղցկեղն Ախալքալաքում:
– 2020 թվականին աշխարհում 2,3 միլիոն կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ։ Մահացությունը 685 հազար մարդ է, սրանք այն մարդիկ են, ովքեր հիվանդության դեմ պայքարել են 5 տարի, 10 տարի։ Դե իսկ 5-10 տարի հիվանդության հետ ապրող 7,8 միլիոն մարդիկ շարունակում են իրենց պայքարը: Ախալքալաքում կոնկրետ վիճակագրական տվյալներ չկան։ 2019 թվականին մամոգրաֆիա է կատարել շուրջ 160 կին, որոնցից 10-15-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի ուռուցքանման հիվանդություններ, որոնցից 3-ի մոտ հաստատվել է չարորակ ուռուցք։ Նրանք բուժում են ստացել։ 160-ից 10-15-ն արդեն կազմում են գրեթե 10%-ը, իսկ գրեթե 3%-ն ունի չարորակ ուռուցք։
Ինչպե՞ս է հղի կանանց մոտ ախտորոշվում կրծքագեղձի քաղցկեղը:
– Քաղցկեղի հայտնաբերումը շատ դժվար է։ Իմ աշխատանքի 25 տարիների ընթացքում երկու կին է եղել, ովքեր ծննդաբերել են քաղցկեղով, շարունակում են բուժվել և ողջ են։ Միգուցե մյուս բժիշկներն էլ են ունեցել մի քանի նմանօրինակ դեպքեր։ Դա, իհարկե, հազվադեպ է: Հղիության ընթացքում կրծքագեղձի քաղցկեղն ավելի դժվար է ախտորոշել, գեղձը մեծ է, իսկ կաթնուղիներն արդեն զարգացած են։ Բայց երբ նրանք գանգատվում են կրծքավանդակի ցավից և հանկարծակի շոշափելուց ուռուցք ենք հայտնաբերում, 90% դեպքերում դրանք ֆիբրոմաներ են։ Դրանք բարորակ են։ Մենք ուղարկում ենք ուլտրաձայնային հետազոտման, որտեղ հաստատվում է, որ սա ուռուցքանման գոյացություն է, թե ինչ բնույթի՝ էխոսկոպիստը չի կարող ասել։ Կարելի է միայն ենթադրել: Եթե այն հարթ է, ապա դա ֆիբրոմա է, եթե կա աճ, անհավասար ձևերի, ապա մենք կասկածում ենք քաղցկեղ և ուղարկում ենք մամոլոգի մոտ, ով զբաղվում է կրծքագեղձի քաղցկեղով: Երբ նա մամոգրաֆիա է անում, հասկանում է, որ այնտեղ աճ կա (դա ուռուցք է, որն աճում է), անհավասար եզրերով… Դե իսկ եթե կինը գալիս է բժշկի մոտ և ասում, որ նկատել է, որ կրծքապտուկը հետ է քաշվել ներս, սա արդեն ուռուցքն է, որը քաշում է այն, և սա արդեն 2-3 կարգ է: Այդժամ դեռ կարելի է օգնել:
Ի՞նչ անել հետո:
– Նախ՝ բիոպսիա, որոշել քաղցկեղ է, թե՝ ոչ: Հետո քիմիոթերապիայի կուրս են նշանակում, կրճատում են, եթե նախկինում ամբողջ կուրծքն էին հեռացնում, հիմա միայն ուռուցքն են հեռացնում, ներկում են ու տեսնում, որ սահմանները լավը լինեն,հարթ լինեն: Հեռացնում են միայն ուռուցքի այս հատվածը, կանայք հաշմանդամ չեն դառնում, դեֆորմացիա չի առաջանում: Հեռացումից հետո սկսվում է երկրորդ փուլը՝ կա՛մ ճառագայթային թերապիա, կա՛մ նորից քիմիաթերապիա։ Իսկ դրանից հետո կնոջ մոտ կարող է երկար ռեմիսիա լինել։ Իսկ եթե 4-րդ կարգ է, արդեն մետաստազներ են, որոնք աճում են ավշային հանգույցների մեջ։ Էխոսկոպիայի ժամանակ պարզվում է, որ լյարդում, թոքերում, ոսկորներում կան օջախներ։ Ամենից հաճախ կրծքագեղձի քաղցկեղը աճում է ողնաշարի մեջ, թոքերի մեջ, որտեղ այն մոտ է, և իջնում է դեպի լյարդ: Սա ևս բուժվում է, նշանակվում է քիմիաթերապիա, բայց այստեղ արդյունքները հրաշքի մակարդակի վրա են։ 4-րդ կարգը մեծ ռեմիսիաներ չի տալիս՝ մեկ-երկու տարի։ Ընտրվում է բուժումը, ամենայն հավանականությամբ, արդեն անհատապես։ Եթե ուռուցքը մեծ է, ամենայն հավանականությամբ հեռացվում է, նշանակվում են քիմիաթերապիայի զանգվածային դեղաչափեր, որոնք, իհարկե, ոչ միշտ են արդյունավետ։
Ի՞նչ խորհուրդ են տալիս բժիշկները հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու համար:
– Նման դեպքերում կինը պետք է ինքն իրեն զննի։ Ինչպե՞ս: Կինը 26-27 տարեկանից հետո, ոչ թե 30-40, այլ 26-27 տարեկանում, արդեն պետք է կարողանա որոշել, թե ունի արդյո՞ք կաթնագեղձում, կրծքավանդակում կամ թեւատակերում հանգույց կամ կարծրուկ։ Կրծքագեղձի մաշկի շեղում, կրծքի չափի, ձևի կամ խտության փոփոխություն՝ մեկը փոքր, փափուկ, մյուսը՝ մեծ, լարված։ Աստված մի արասցե, եթե կիտրոնի կեղև է, ուրեմն սա արդեն կարգ է։ Կրծքապտուկից արյունոտ կամ ցանկացած տիպի արտադրություն: Կրծքապտուկի շրջանակող գունավոր շրջանում ցան, մաշկի փոփոխություններ, կրծքագեղձի կամ կրծքապտուկի ցավ և կրծքի այտուցվածություն: Ահա այս ախտանիշները պետք է իմանալ, դա տեսանելի է: Դա ոչ մի տեղ չես կարող թաքցնել, եթե քեզ զննում ես և հասկանում, որ ինչ-որ բան քեզ դուր չի գալիս, ինչ-որ բան նախկինի պես չէ: Ահա եկավ, զննեցինք կանացի օրգանները, հետո զննեցինք կուրծքը, այդպես ավելի հեշտ և արագ է որոշել: Ախտորոշում ես՝ արագ է բուժվում, ուշ ես ախտորոշում՝ չի բուժվում, բայց կարելի է երկարացնել կյանքը։
Շատ կանայք անհանգստանում են բուժումից հետո կուրծքը կորցնելու պատճառով: Հնարավո՞ր է կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն անել:
– Խորհուրդ չի տրվում, քանի որ կաթնագեղձը հեռացնելիս առաջանում է հյուսվածքի պակաս, հեռացվում է նաև մաշկը, այնտեղ նյութ չի մնում։ Բայց լինում են դեպքեր, իհարկե, շատ զարգացած երկրներում, երբ կնոջն առաջարկում են նման վիրահատություն, երբ մաշկը պահպանվում է, և մաշկի մեջ մետաստազներ և աճ չկա, ամբողջ կաթնագեղձը հեռացնում են և իմպլանտ են դնում։ Դա թանկ է: Կան հազվադեպ դեպքեր, երբ կարելի է պահպանել: Բայց մեծ ուռուցքների դեպքում ոչ կրծքապտուկն է պահպանվում, ոչ էլ հյուսվածքը, ուստի կինը դառնում է հաշմանդամ։ Բայց պրոթեզավորում գոյություն ունի:
Եթե կինը հղի է և կասկածում է, որ ունի կրծքագեղձի քաղցկեղ, նման դեպքում ի՞նչ անել:
– Կինն ինքը պետք է հետևի։ Եթե հիվանդը ինքը չգա, մենք չենք կարող օգնել։ Երբեմն քաղցկեղը հայտնաբերվում է հղիության ընթացքում: Կինը բողոքում է, բժիշկը հետազոտություն է անում և պարզում, որ կրծքագեղձում նորագոյացություններ կան։ Նույն սխեման, էխոսկոպիան։ Բայց այս դեպքում մամոգրաֆիա չի արվում, քանի որ այն հակացուցված է հղիներին, միայն հազվադեպ դեպքերում։ Սա վնասակար է պտղի համար: Բիոպսիա են վերցնում, եթե քաղցկեղ է, կնոջն առաջարկում են կարճ ժամանակում արագ ազատվել պտղից ու սկսել բուժումը։ Մեծ հղիության ժամկետների դեպքում, եթե կինը ցանկանում է ծննդաբերել, նա ստորագրում է, որ ծննդաբերելու է։ Բավրա գյուղում ես նման դեպք եմ ունեցել, երբ կինը հղիության ժամանակ իմացել է ախտորոշման մասին, ցանկություն է հայտնել ծննդաբերել, հետո միայն բուժվել։ Երբեմն պատահում է, որ չեն հասցնում, ես ունեի մի կին, ով ուներ քթի քաղցկեղ, նկատեցի, որ նրա քիթն ընկած վիճակում է, նա հղիության 18-րդ շաբաթում էր, նա ասաց, որ միշտ ինչ-որ բան այն չի եղել իր քթի հետ: Տարա մասնագետի մոտ, հայտնաբերեցին ուռուցք, ուղարկեցին Թբիլիսի, բիոպսիա արեցին, որ քթի քաղցկեղ ունի, նրան առաջարկեցին ընդհատել հղիությունը, բայց նա հրաժարվեց, ծննդաբերեց ու ծննդաբերությունից 6 ամիս անց մահացավ։ Բայց դա նրա ընտրությունն էր, գումարած՝ դա քաղցկեղի վերջին կարգն էր: Հղիների մոտ քաղցկեղը հազվադեպ ենք հայտնաբերում, այսքան տարի իմ պրակտիկայում մի երկու դեպք է եղել։ Բայց 35-45 տարեկանից հետո կանանց մոտ դրանք հաճախ են հայտնաբերվում:
Ի՞նչն է նպաստում այս հիվանդության զարգացմանը:
– Դեզոդորանտներ, հակաքրտինքային միջոցներ, ներքնաշորեր, սարսափազդու կրծկալներ, որոնք ի՞նչ են անում: Կնոջ մոտ լիմֆոստազ են առաջացնում։ Բնությունը մեզ այսպես է հորինել, կուրծքը կանանց մոտ պետք է լինի թուլացած, երբ բարձրացնում ենք ու ամրակներով ամրացնում, կրծքի ավշային հոսքը լճանում է։ Իսկ մենք բոլորս էլ օրգանիզմում ունենք քաղցկեղային բջիջներ, բայց ոչ բոլորն են հիվանդանում քաղցկեղով, այսինքն՝ պայմաններ են ստեղծվում կրծքագեղձի քաղցկեղի համար։ Դեզոդորանտ, անհարմար ներքնազգեստ, վնասվածքներ: Դե, մնացած 55%-ն էլ ժառանգական բնույթի անհայտ պատճառներն են, ավելի քիչ՝ վիրուսային, քաղցկեղի մյուս տեսակներն ավելի շատ վիրուսային են։ Կրծքագեղձի քաղցկեղն ավելի փոքր է, քանի որ այն փակ տարածքի քաղցկեղ է: Ի՞նչ է նշանակում վիրուսային բնույթ՝ դուք ունեք վիրուս, որը փոխում է ԴՆԹ-ն, ինչը հանգեցնում է քաղցկեղի։ Այսինքն՝ այն ակտիվացնում է ձեր քաղցկեղի բջիջները։
Ի՞նչ չի կարելի ուտել կրծքագեղձի քաղցկեղի դեպքում:
– Չի կարելի ուտել մսամթերք, թթու, ապխտած մթերք, մեծ քանակությամբ կենդանական ճարպեր պարունակող մթերք։ Այսինքն՝ պետք է անցնել բուսակերության, հումակերության։ Օրական մեկ խնձորը կարող է փոխարինել բժշկին։ Դա իսկապես այդպես է: Ինչն է օգնում պայքարել քաղցկեղի դեմ՝ խաչածաղկավոր բանջարեղենը՝ բրոկկոլի, ծաղկակաղամբ, սպիտակ կաղամբ, բուսական ճարպեր՝ ձիթապտղի յուղ, գազար, ձկան յուղ, ընկույզ: Սա մի բան է, որը շատ օգտակար է քաղցկեղի դեմ պայքարում: Սա արդեն կանխարգելում է, եթե ես ուտում եմ այս մթերքը, ապա անկասկած, որ օգնում եմ կանխել քաղցկեղի առաջացումը: Ունենք ուռուցքանման հիվանդություններ, որոնք բուժվում են միայն դիետաներով։