Հոկտեմբերի 28-ին սկսվել են Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհի երկու փոսերի ասֆալտապատման աշխատանքները: Այս ճանապարհը հիմնովին վերանորոգվել է 2019-2020 թթ.-ին՝ 14 749 992,92 լարիով:
Առավոտից աշխատանքներ էին տարվում մոտ 100 մետրանոց ճանապարհահատվածի վերանորոգման ուղղությամբ, որտեղ Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհի հիմնանորոգումից անմիջապես հետո երկու փոս էր առաջացել։ «ՋավախԱվտոԳզա»-ի տնօրեն Նոդար Ինասարիձեի խոսքով, որը տենդերը շահած ընկերության ենթակապալառու ընկերությունն է, այս վայրում փոսային նորոգման աշխատանքներն իրականացվում են տվյալ նախագծի շրջանակներում։ Աշխատանքների երաշխիքային ժամկետը լրանում է մեկ ամսից։ Ինասարիձեն նշում է նաեւ, որ փոսերը ընդամենը մեկ քառակուսի մետր են եղել, սակայն լավագույն արդյունքի համար որոշել են ավելի մեծ տարածք վերանորոգել։ Հարկ է նշել, որ վերականգնվում է շուրջ 100 մետր երկարություն ունեցող ամբողջ ճանապարհային գոտին։
Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին փոսեր վաղուց էին առաջացել, որոնք անձրևային եղանակներին օրեցօր ավելանում էին՝ լցվելով անձրևաջրերով, հետևաբար վտանգ էին ներկայացնում վարորդների համար։ Այս տեղամասը բազմիցս խոստացել էին վերանորոգել, բայց փոսը շարունակում էր մեծանալ, իսկ վերանորոգման աշխատանքներն այդպես էլ չէին կատարվում։
Հիշեցնենք, որ այս ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվել են 2019-2020 թվականներին։ Ընդհանուր առմամբ վերանորոգվել է Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի՝ 70 կմ-ից մինչև 86 կմ մայրուղու 16 կմ ճանապարհահատվածը, այսինքն՝ Ախալքալաքից մինչև Նինոծմինդա:
Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի վերականգնումը սկսվել էր 2019 թ.-ի հուլիսին: Վերականգնման էլէկտրոնային տենդերը հայտարարվել էր Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչության կողմից: Տենդերը հաղթել էր «N1 ճանապարհաշինության վարչությունը»՝ 14 749 992,92 լարիի չափով, սակայն վերանորոգման աշխատանքներն իրականացվել է ենթակապալառու «Ջավախ Ավտո Գզա» ընկերության կողմից: