Թբիլիսիում ոստիկանությունը չորս անձի է բերման ենթարկել, ովքեր գումար էին գողանում քաղաքացիների բանկային հաշիվներից: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Քննությամբ պարզվել է, որ քաղաքացիներին խաբելով՝ մեղադրյալներն առանց թույլտվության սեփական բջջային հեռախոսների միջոցով մուտք են գործել քաղաքացիների բանկային հաշիվներ, որտեղից խոշոր գումարներ են փոխանցել։

Այս փուլում հաստատված վնասի չափը գերազանցում է 100 հազար լարին։

Հետաքննությունը շարունակվում է համակարգչային համակարգ ապօրինի ներթափանցման և առանձնապես խոշոր չափերով գողության փաստերի առթիվ (Վրաստանի ՔՕ-ի 286-1 հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետեր, 284 հոդվածի 1-ին մաս և 177-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետ): Հանցագործությունը նախատեսում է վեցից տասը տարի ժամկետով ազատազրկում։