Մառնեուլիի շրջանի Քըզըլղաչլի գյուղում տեղի ունեցած կրակոցների հետ կապված պատմության շարունակությունը: Այսօր ոստիկանությունը մեղադրյալի կարգավիճակով բերման է ենթարկել 1985 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացու, որը պաշտոնական տվյալներում նշված է Խ.Ի. անվան սկզբնատառերով:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ նա մեղադրվում է դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելու և հրազեն ապօրինի ձեռք բերելու, պահելու և կրելու մեջ։
«Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը հոկտեմբերի 23-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի Քըզըլղաչլի գյուղում հրազենային կրակոցով վիրավորել է 1970 թվականին ծնված Ա.Ա.-ին և դեպքի վայրից դիմել փախուստի։ Տուժած տղամարդը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրա առողջական վիճակը կայուն է»։
Ոստիկանությունը ձերբակալությունից հետո առգրավել է հանցանքի զենքը՝ հրազեն։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ 120-րդ և 236-րդ հոդվածներով։ Ձերբակալվածի մեղավորությունն ապացուցելու դեպքում վերջինիս սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։
Մառնեուլիի շրջանի տուժած բնակչի ընտանիքը դեպքից անմիջապես հետո հայտարարել է, որ չի վստահում հետաքննությանը։ Օքտայ Ազիզովի խոսքով՝ իր եղբայրը փորձել է դիմակայել տեղի բնակիչներից խոշոր դրամաշորթությամբ զբաղվող հանցավոր խմբավորմանը։
Ազիզովի վրա հարձակվել են այն բանից հետո, երբ նա դուրս է եկել թեյարանից, նրա վրա կրակած տղամարդը թաքնվել է կամրջի տակ, իսկ հետո հինգ փամփուշտ արձակել տուժածի ուղղությամբ։