Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղն ապրում է իր առօրյա կյանքով: Բնակիչները գյուղատնտեսությամբ են զբաղվում, երիտասարդներն զբաղմունք չունեն: Գյուղի համույթը բավականին հայտնի է, բայց գյուղական ակումբը փլուզվում է։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղը գտնվում է Ախալքալաքի հյուսիս-արևելքում, մոտ 25 կմ հեռավորության վրա։ Գյուղում ապրում է 85 ընտանիք, ժամանակին ապրել է 110-ը։

Գյուղը գազաֆիկացված է, կա մանկապարտեզ, ոռոգման համակարգ, բայց խմելու ջուր չկա։ Ճանապարհն ասֆալտապատապատված է միայն գյուղի կենտրոնում։ Փողոցային լուսավորությունը նույնպես գյուղում պակասում է, այն միայն գլխավոր փողոցում է։

Գյուղում գործում է պարի խումբ, սակայն գյուղի ակումբը քանդված է։ Ժամանակին, ինչպես տեղացիներն են պատմում, ակումբն առաջիններից էր շրջանում։ Շենքը կառուցվել է 1957 թվականին և գտնվում է անմխիթար վիճակում։ Առաստաղը քանդված է, պատուհաններին ապակիներ չկան, սրահը լցված է աղբով։ Նստարանները ծածկված են բորբոսով, պատերը կեղտոտ են, իսկ սվաղը խոնավությունից թափվում է, հատակը փտած է։

Գյուղացիներին այս փաստը խիստ անհանգստացնում է: Չնայած այն հանգամանքին, որ ակումբի շենքն ավերված է, գյուղի պարախումբը մրցույթներում մրցանակային տեղեր է զբաղեցնում։ Երեխաները համույթի ղեկավարի հետ պարապում են ակումբի միջանցքում, որը վերանորոգվել է մի քանի տարի առաջ, որպեսզի գյուղացիները ձմռանն այստեղ հավաքվեն ժամանակ անցկացնելու նպատակով։

kajo2

Ըստ Կաջո գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Անդրանիկ Օհանջանյանի, մունիցիպալիտետի ղեկավարությունը տեղյակ է ակումբի շենքի խնդրի մասին:

«Ընտրությունների ժամանակ եկան, տեսան, ասացին, որ պետք է զրոյից նոր շենք կառուցել, վերականգնումը չի օգնի, բայց չասացին, թե երբ են սկսելու»,- ասաց Անդրանիկ Օհանջանյանը։

klub kajo

Մոտ օրերս քաղաքապետարանում կքննարկվեն գյուղերում ապագայում իրականացվելիք ծրագրերը։ Մշակվում են գյուղերի երեք տարվա առաջնահերթությունները։ Առաջնահերթությունները որոշվում են ըստ գյուղացիների պահանջների, Իսկ հարցին, թե օրակարգում կա Կաջոյում ակումբ կառուցելու հարցը, խոստացան կոնկրետ պատասխան տալ քննարկումներից հետո։

kajo1

Կաջոցի Ռադիկ Բալասանյանը դժգոհում է, որ երիտասարդներն իրենց ազատ ժամանակն անցկացնելու համար տեղ չունեն, հատկապես ձմռանը: Գյուղացիներն ուզում են, որ գյուղն ունենա սպորտային ակումբ, փակ տարածություն, ժամանցի վայր։

Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, արոտավայրերը քիչ են, որպեսզի մեծ թվաքանակով անասուն պահեն։